Տրամաբանական ծուղակ

Տրամաբանական ծուղակ

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասում է, որ եթե Ազգային ժողովի հատկապես ընդդիմադիր խմբակցությունները չեն նախաձեռնում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վստահում են նրան: Առաջին հայացքից տրամաբանական կառուցվածք է. եթե չվստահեին, ապա գործընթաց կնախաձեռնեին: Սա նման է հին հունական սոփեստների հետեւյալ դատողություններից մեկին․ «Ինչ դու չես կորցրել, այն ունես: Դու եղջյուրներ չես կորցրել, ուրեմն դրանք ունես»:

Ուղղակի խնդիրն այն է, որ սովորական մարդն ամեն ինչ ունենալ չի կարող եւ այդ թվում՝ եղջյուրներ, քանի որ դա անհնար է: Նույնն էլ՝ այս դեպքում․ ընդդիմադիր խմբակցությունների ավելի քան մեկամյա գործունեությունը վկայում է, որ նրանք Փաշինյան Նիկոլին չեն վստահում: Բայց անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնում, քանի որ վստահ չեն դրա դրական արդյունքի առումով: Իհարկե, կարելի է հայտարարել այդ գործընթացը սկսելու մասին, սակայն այն չհասցնել տրամաբանական ավարտի՝ սպասելով բարենպաստ ժամանակների: Բայց այդպես կարելի է սպասել մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունը: Իսկ այս ընթացքը հաստատ քարոզչական առումով չի լինի ընդդիմադիրների օգտին:

Եվ ամենակարեւորը. երբ Էդգար Ղազարյանը նախաձեռնում էր «Անկախություն» շարժումը, չէր ասվում, թե Գերագույն խորհրդի պատգամավորների հանդիպումից հետո ինչ պետք է անեն ուրիշները: Հատկապես, որ նրա հանդիպումը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ տեղի չունեցավ եւ չէր էլ կարող ունենալ: Տեղի չունենալը եւս օգտագործվեց քարոզչական նպատակով՝ չնայած, իմ համեստ կարծիքով, այն այնքան էլ մեծ արդյունք չտվեց: Իհարկե, Էդգար Ղազարյանի արդեն կատարած քայլերի եւ մտադրությունների ամբողջությունը տեսականորեն կարող է գեղեցիկ պատկեր ներկայացնել: Սակայն դա չի նշանակում, որ այն կարող է կյանքի կոչվել նույնքան գեղեցիկ ձեւով: Բայց հաստատ նշանակում է ընդդիմադիր շարժման պառակտում, քանի որ ընդդիմադիր խմբակցություններին ինչ-որ, թեկուզ՝ համարյա թե վիրտուալ հարցում մեղադրելը հանգեցնում է հենց նման երեւույթի: Դա՝ մեկ, եւ երկրորդ. ասելով, որ կարող է հենց ինքը դառնալ վարչապետի թեկնածուն, Էդգար Ղազարյանը չի վերածվում վարչապետի: Այս առումով բոլորիս լավ դաս է տվել Նիկոլը 2018-ի ապրիլին, երբ հայտարարեց, որ ինքն է վարչապետի թեկնածուն, կամ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ես դեմ չեմ, որ Էդգար Ղազարյանը դառնա վարչապետ: Սակայն նա ոչ թե պետք է պահանջի, որ իրեն ընտրեն վարչապետ, այլ Նիկոլին ուրիշ տարբերակ պետք է չթողնի հենց իր ակտիվությամբ: Կրկնեմ՝ հենց իր ակտիվությամբ, եւ ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Որովհետեւ տվյալ պարագայում խոսքն ու գործը պետք է համընթաց շարժվեն:

Ի դեպ, առաջնորդվելով հարգարժան (իրապես) Ղազարյանի տրամաբանությամբ, կարող եմ պնդել, որ, որքան էլ հասարակության գրագետ ու խելացի հատվածի համար տհաճ լինի Փաշինյան Նիկոլի իշխանությունը, այն, այնուամենայնիվ, տանելի է: Որովհետեւ եթե լիներ անտանելի, ապա հանրության այդ մասը կկարողանար նրանից ազատվելու միջոց գտնել: Բայց, ինչպես տեսնում ենք, դա դեռեւս տեղի չի ունենում: Սակայն խնդիրն այն է, որ հանրության այդ մասը դեռեւս չի կարողանում գտնել այն եղանակը, որը կհանգեցներ Փաշինյան Նիկոլի հեռացմանը վարչապետի պաշտոնից: Դեռեւս չի կարողանում: