Ներքին թշնամին

Ներքին թշնամին

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ ոչ թե փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, այլ՝ ընդհանուր անվտանգային համակարգի։ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանին հարցրինք, թե ինչ համակարգ նկատի ունեն։ «Մենք բազմիցս հայտարարել ենք՝ Արցախի ներկայացուցիչը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ։ Ես չգիտեմ` կոնկրետ ինչ է նկատի առնվել այդ ասելով, մենք մեր անվտանգությունը դիտարկում ենք Հայաստան-Արցախ առանցքում»:

Իսկ հնարավո՞ր է Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնա։ «Հայաստանն առայժմ նման բան չի դիտարկում»: Դիտարկում է Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցելու գործընթա՞ց։ «Խոսքը մարդկային շփումներին է վերաբերում»: «Մարդկային շփո՞ւմ» էր հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի հետ շփումը, որը հայերին մեղադրեց ցեղասպանության մեջ։ «Դա եւս մեկ ապացույց էր, որ Ադրբեջանն ապակառուցողական մոտեցումների կրող է»: Բայց պարոն վարչապետն այդ ապակառուցողականի հետ բավականին հարգալից էր։ «Պարոն վարչապետն այնպիսի հակադարձում արեց այդ բլոգերին, որ բոլոր հարցերի պատասխանները տրվեցին։ Հենց միայն այն կոնտենտում, որ երբեք հայը չէր կարող մտնել ադրբեջանական մզկիթ ու այնտեղ այդ երկրի ղեկավարին քաղաքական հարցադրումներ կատարեր»: Ադրբեջանցու հանդեպ քաղաքավարի է, իսկ մերոնց «ասֆալտին է փռում, պատերին ծեփում»։  «Ադրբեջանցին մեր հակառակորդն է, մենք գիտենք իր պետությունից ինչ սպասել, իսկ մեր ներքին հարցերում, երբ մենք զգում ենք, որ ոչ ազնիվ մոտեցումներ են, պետք է կոշտ լինենք»: