ԱԽ համատեղ նիստը 1998 թվականի «դեժավյու» է առաջացրել

ԱԽ համատեղ նիստը 1998 թվականի «դեժավյու» է առաջացրել

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ Երեւանում կայացած համատեղ նիստը ներքաղաքական կուլիսներում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Նիստի նկատմամբ հետաքրքրությունը բազում գործոններով է պայմանավորված՝ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ոչ գործընկերային փոխհարաբերություններ, համատեղ նիստին մասնակիցների տարօրինակ կազմ, ամենաանսպասելին Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ներկայությունն էր։ Չնայած նա Արցախի ԱԽ անդամ է, բայց  ենթադրվում էր, որ չի մասնակցի համատեղ նիստին։ Նիստի հաղորդագրությունում արտառոց ոչինչ չկա, սակայն բանակցային պրոցեսին լավատեղյակները կասկածներ ունեն, որ ԼՂ կարգավորման գործընթացում պրոցեսը թեժ է, եւ նպատակը միասնական լուծման հանգելն է։ 

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ բանակցային պրոցեսին լավատեղյակ անձինք բարձրաձայնում են, որ Նիկոլ Փաշինյանը նրբորեն առաջ է մղում տերպետրոսյանական թեզը՝ փուլային տարբերակը։ Արցախի նախագահի ելույթը, սակայն, «ոչ մի թիզ զիջում նախկին դիրքորոշումից» շրջանակներում էր, այն է՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների։ Բանակցային գործընթացին խորքից ծանոթ փորձագետներից մեկն իրավիճակը ներկայացրեց այսպես․ «Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման 2 տարբեր մեկնաբանություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները եւ տարրերը հնարավորությո՞ւն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի եւ զարգացնի իր կարգավիճակն Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե՞ այս սկզբունքները եւ տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը:

Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչը, իհարկե, լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ, Հայաստանը եւ Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է ձեւավորել միասնական ընկալում։ Ուշադրություն դարձրեք հատկապես վերջին մտքին, սա վերաբերում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ եռակողմ՝ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցություններին, մի բան, որ նախատեսվում էր 97թ. փուլային տարբերակով, այն է՝ առաջին փուլում կնքվում է պատերազմին վերջ տալու մասին եռակողմ պայմանագիր, Ղարաբաղը ստանում է անցումային կարգավիճակ, վերջնական կարգավիճակը թողնվում է ապագա եռակողմ բանակցություններին»։ Ոմանց մոտ «դեժավյուի» զգացողություն առաջացավ, եւ տեղափոխվեցին 1998թ. հունվարի 7-8։

Այդ օրը Երեւանում կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ (օրակարգում՝ «ԼՂ հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցը: Նիստին մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ՝ Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։ Այս նիստից շատ չանցած՝ փետրվարի 3-ին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը հակադրվում տերպետրոսյանական թեզին եւ պարտադրում փուլային տարբերակի կողմնակից առաջին նախագահի հրաժարականը։

«Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի մոբիլիզացիայից» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան)։ «Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Ներդրումների հոսքի ապահովումը կախված է ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությունից, մասնավորապես՝ ինտերնետի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումից» (Ռ. Քոչարյան)։ «Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան)։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, սակայն, հայտնեց, որ երեկվա նիստը հերթականն էր՝ որեւէ փաստաթուղթ, ինչպես 90-ականներին էր, չի քննարկվել։ Մեւնույն ժամանակ հույս հայտնեց նաեւ, որ փոխգործակցության այս ձեւաչափը կդառնա շարունակական։ Ինչ վերաբերում է մասնակիցների կազմին, Բաբայանն ասաց, որ ԱՀ ԱԽ-ն ներկա է եղել ողջ կազմով․ «Սամվել Կարապետյանը որպես Ազատամարտիկների միության նախագահ է ի պաշտոնե ներկա գտնվել»։ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի եւ Հայաստանի դիրքորոշումներում կա ընդհանուր կոնսենսուս, բայց հարկ համարեց շեշտել հատկապես պաշտոնական Ստեփանակերտինը․ «Մենք ասում ենք՝ չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով, մեզ համար անվտանգությունը գերագույն արժեքներից մեկն է, եւ որեւէ իլյուզիաներով չպետք է տառապենք»։

Բաբայանն ասաց նաեւ, որ փուլային տարբերակ այլեւս չի կարող քննարկվել․ «Ժամանակին փուլային տարբերակը մերժվել է՝ 1997-1998 թվականին։ Եթե ուզում են փուլերով կարգավորել, մենք մի անգամ ասել ենք՝ ոչ թե փուլերով, այլ քայլերով պիտի կարգավորել։ Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչումը, մեր կողմից էլ Ադրբեջանի ճանաչումը՝ որպես հիմք։ Եթե ուզում եք այս տարբերակով՝ խնդրեմ, բայց չի կարելի փորձ կատարել վերացնել հակամարտության, պատերազմի հետեւանքները՝ առանց անդրադարձ կատարելու պատճառներին»։ Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանի մոտեցումն «Արցախի պետականության փուլային ապամոնտաժումն է»։