Փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինք»-ին․ ավագանու ՔՊ-ական անդամ

Փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինք»-ին․ ավագանու ՔՊ-ական անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիրը խզելուց հետո ամեն ինչ անում է, որպեսզի տիրանա քաղաքային իշխանությանը: 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին 2024 թվականի տարեկան պլանն ու 2024 թվականի բյուջեի նախագծերը քվեարկության արդյունքում տապալվեցին եւ չհաստատվեցին: «Քաղաքացիական պայմանագրի» 11 ավագանու անդամներն էլ դեմ քվեարկեցին նախագծին: Այսօր, սակայն, արտահերթ նիստին բյուջեն հաստատվեց, որին կողմ քվեարկեցին անգամ ՔՊ-ականները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու ղեկավար Քնարիկ Հարությունյանը մանրամասնում է, թե ինչու որոշեցին այս անգամ չտապալել բյուջեի հաստատումը: «ՔՊ-ն նախորդ նիստին մի քանի առաջարկություններ էր ներկայացրել, դրանք նաև հանրային քննարկման ժամանակ էին հնչել եւ արդեն  գրավոր տեսքով նաև մենք մեր դիտողություններն ենք հայտնել՝ այս կամ այն հոդվածների մասով : Իհարկե, այն փաստաթուղթը, որը հիմա ներկայցվել է, որոշակի փոփոխությունների է ենթարկվել, բայց սա իդեալական չէ, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մենք դրան կանդրադառնան: Բայց կարծում եմ, որ թղթի վրա գրելու այդ տարբերակից գոնե գարնանը կամ առաջիկայում կանցնենք ավելի գործնական քայլերի »,-բյուջեն հաստատելու ՔՊ -ի որոշումն այսկերպ մեկնաբանեց խմբակցության ավագանու ղեկավարը՝ ընդգծելով, թե քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից ակնկալում են ծրագրերի՝ ոչ թե խոստում, այլ իրագործում:

Պարզվում է նաև, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ քվեարկեց, քանի որ կառավարությունը Գյումրիում ավելացրել է դոտացիան : «Մենք համագործակցային տարբերակով փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինք»-ին, որպեսզի իրենք կարողանան աշխատել, գյումրեցիները չտուժեն, կարողանանք քաղաքը ոտքի կանգնեցնել»,-ասաց ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը: