Զոմբիները թարմ արյուն են ուզում, նաեւ՝ հետհեղափոխական կուռքերի տապալում

Զոմբիները թարմ արյուն են ուզում, նաեւ՝ հետհեղափոխական կուռքերի տապալում

«Հանցավոր» նախկինների ուրվականով ահաբեկելով մարդկանց՝ ներկաներն իրենց իշխանությունը երկարաձգեցին 3 տարի՝ այդ ընթացքում անցկացնելով 2 արտահերթ խորհրդարանական ընտրություն։ «Երկուսը երեքում» փաթեթի հանրագումարն ակնառու է, արտառոց եւ աննախադեպ։ Նախ՝ նահանջ եւ պարտություն ազգային շահի պաշտպանության բոլոր ճակատներում, իսկ հիմա՝ արդեն ամենուր՝ տնտեսական, սոցիալական եւ անգամ ժողովրդավարության ոլորտներում։ Եվ քանի որ երկիրը մտել է հետաքրքրաշարժ ու խարդավանքներով լեցուն պաշտոնակալումների ու պաշտոնաթողումների շրջան, պետք է հասկանալ՝ կկարողանա՞ արդյոք իշխանությունը մի այլ փաթեթավորմամբ բնակչության անքննադատ հատվածին մատուցել «հանցավոր նախկինների» եւ «արդարակյաց ներկաների» կռիվը։ Հինն ու նորը, նախկինն ու ներկան միախառնվել են, այն աստիճան, որ իշխանությունն այլեւս չի կարողանա առաջիկա անխուսափելի նահանջն ու պարտությունները հեշտորեն բարձել նախկինների շալակը։ 

Խանգարում են նոր առաջացած հանգամանքները։ Բանն այն է, որ իշխող «Քաղպայմանագիրն» ԱԺ է բերել նախկին իշխանությունների հետ համագործակցածների՝ Գուրգեն Արսենյան, Խաչիկ Սուքիասյան, Սերգեյ Բագրատյան, Վիգեն Խաչատրյան, Գագիկ Մելքոնյան, իսկ կառավարության առանցքային դիրքերում առաջ է մղում նախկինների թեւի տակ աճածների՝ Արշակ Կարապետյան, Արտակ Դավթյան, Աշոտ Ջանջուղազյան, Մհեր Գրիգորյան, Վահրամ Դումանյան, Վահան Քերոբյան։ Նշվածները երկրորդական դեմքեր չեն, նրանք առաջին մեծության «աստղեր» են, որ ինչ-որ պահի կդառնան որոշիչ ուժ։ 

Մյուս կողմից, ՔՊ-ն ծնել է սեփական նախկինները, խճճել թնջուկը՝ հունցելով հին ու նոր նախկինների մի խառնուրդ․ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյան, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյան, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյան, նախկին Պնախարարներ Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, նախկին ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, այսօր արդեն մոռացված ու մոռացվող մեծ թվով անուններ՝ նախկին նախարարներ, փոխնախարարներ, ոստիկանապետեր, ԱԱԾ տնօրեններ։

Ամեն հեղափոխություն նախկիններին հեռացնելուց հետո ձեռնամուխ է լինում ինքնահոշոտման գործին։ Ինչ-որ մի պահի նախկինների միսը դառնահամ է դառնում, հավանաբար, շատ  ծամծմվելու պատճառով կորցնում է ախորժաբերությունը, գոհունակություն չի պատճառում զոմբիներին։ Եվ նրանք  թարմ արյուն են ուզում, ուզում են երեկվա կուռքերին կործանված տեսնել, որ դրա մեջ գտնեն իրենց անհաջողության ու դժբախտ գոյության բացատրությունը, սնվեն ուրիշի ունեցվածքից մի բան պոկելու չմարող հույսով։

Արդյո՞ք ի բնե անտակ է զոմբիացածի որկորը, մի՞թե վրա չի հասնում հագենալու պահը։ Ո՛չ։ Եթե նկատել եք, հոգեկան հիվանդներն ուտում են շատ եւ անգիտակցորեն, մի տեսակ կենդանական մղումով ու կենդանու պես։ Խուսափում են սեղանի շուրջ ընտանեկան կամ սոցիալական որեւէ միջավայրում հացընկերությունից։ Այդպիսին են նաեւ բանական ու բարոյական կողմնորոշիչները կորցրածները, նրանք, ում մեծ մտածողներն անվանում են ամբոխ, իսկ ՔՊ-ական իշխանությունը՝ ժողովուրդ։ Այս տեսակի համար անհատական, համայնքային, ազգային անվտանգությունը,  կենսամակարդակի, բարեկեցության բարձրացումը չեն ընկալվում որպես իրական ու շոշափելի արժեքներ։ Իսկ իշխանությունը նախընտրում է «ժողովրդին» արյամբ ու պատրանքներով կերակրել, քան մտածված ու համընդհանուր աշխատանքով պայմաններ ստեղծել ապահով ու երջանիկ կյանքի համար։ Այնպես որ, «ժողովրդի» ճաշացանկը նույնն է՝ հիմնական կերակուրը մնալու են նախկինները, նախկինացած նորերն էլ՝ որպես դեսերտ։       

Սվետա Մարտիրոսյան