Այս կոմիտեի ետեւից էլ են Գագիկ Ջհանգիրյանի ականջները երեւում

Այս կոմիտեի ետեւից էլ են Գագիկ Ջհանգիրյանի ականջները երեւում

Փաշինյանը, որը չի սիրում իր սխալներն ընդունել, խոստովանել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հաջող չի ընթանում։ Հակակոռուպցիոն նոր մարմինների ձեւավորումն էլ շատ դանդաղ է ընթանում: Դրանք 3-ն են՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեն եւ Գլխավոր դատախազության՝ հսկողություն իրականացնող հատուկ ստորաբաժանումը եւ հակակոռուպցիոն դատարանը: Նախատեսվում էր, որ համակարգը ստեղծվելու է 2019-2022 թթ․, սակայն մինչ օրս գործում է միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

Հակակոռուպցիոն կոմիտեն, որը գլխավոր մարմինն է՝ քննչական լիազորություններով օժտված, դեռ չկա: Ձեւավորվել է միայն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը, այն էլ՝ մեծ դժվարությամբ: Արդարադատության նախարարությունը 2 անգամ խորհրդի կազմը ձեւավորելու մրցույթ է հայտարարել: Վերջապես խորհուրդը ձեւավորվել է՝ հուլիսի 20-ին առաջին նիստն է արել: Խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանն է: Մյուս 4 անդամներն են՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Գալստյանը, Իրազեկ քաղաքացիների միավորումից՝ Դանիել Իոաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ից՝ Հայկ Մարտիրոսյանը եւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով՝ բացի կառավարության, ԲԴԽ-ի, դատախազության եւ քաղհասարակության ներկայացուցիչներից (2 հոգի), մրցութային խորհրդում պետք է ներգրավվեն նաեւ ԱԺ եւ ՄԻՊ գրասենյակի անդամներ: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը չի ներկայացրել որեւէ մեկին, իսկ ԱԺ-ն ընտրել էր Հերիքնազ Տիգրանյանին, սակայն հետո չեղարկել է, որովհետեւ նա կուսակցական է, իսկ օրենքով պարտադիր պայման է անկուսակցական լինելը: 

Մի քանի հարց ուղղեցինք Իոաննիսյանին: 

- Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ձեւավորված լինի մինչեւ 2022-ը, բայց փաստացի ունենք միայն մրցութային խորհուրդ: Չի՞ ձգձգվում գործընթացը: 

- Եկեք՝ թող յուրաքանչյուրը պատասխանի իր լիազորությունների շրջանակում: Եթե այս խորհրդի աշխատանքը ձգվի, էդ հարցով ես լինեմ պատասխանատու կամ համապատասխանատու: 

- Էս դեպքում ո՞վ է՝ կառավարությո՞ւնը, արդարադատության նախարարությո՞ւնը: 

- Եկեք նախ ազնվությամբ ասենք՝ շատ բան հետաձգվեց, ձգձգվեց պատերազմի պատճառով, օբյեկտիվորեն, որոշ բաներ դանդաղեցին կորոնավիրուսի պատճառով: 

- Մրցութային խորհուրդը ձեւավորե՞լը: 

- Խորհուրդ ձեւավորելու մի հայտարարություն եղավ, բայց այդ հայտարարությունը նորմալ չտարածեցին, մենք, օրինակ, չէինք տեսել: 

- Դրա համա՞ր երկրորդ անգամ տարածեցին: 

- Չէ, հարցը դա չէ, եթե մեզ համար անեին, կասեին՝ սա է, դիմեք: Պարզապես չձեւավորվեց: Կազմը պակաս էր, մի 20 օր այդտեղ կորավ: Բայց ինձ թվում է՝ ամենաուշը հոկտեմբերի կեսին մենք կառավարություն կներկայացնենք նախագահի 2-3 թեկնածուներին, եւ ամենաուշը մինչեւ հոկտեմբերի վերջ կոմիտեն կունենա նախագահ ու, կարծում եմ, նույնիսկ ձեւավորված կլինի: Կոմիտեն ձեւավորված է համարվում, եթե 20 հոգի նշանակվում է: Հետո արդեն այդ 20 հոգին տեղերի համար պետք է մրցույթ անցնի: Մյուս իրավապահներում ուղղակի նշանակվում են, բայց այստեղ բոլորը պետք է մրցույթ անցնեն: 

- Իսկ ովքե՞ր են լինելու՝ քննիչնե՞ր: 

- Քննիչներ եւ օպերատիվ աշխատողներ: 

- Ի՞նչ չափանիշներ եք կիրառելու: 

- Չափանիշներ կան, սկսած օտար լեզվի իմացությունից, մինչեւ բազմաթիվ այլ չափանիշներ: Իհարկե, բայց դեռ չափանիշները պետք է հստակեցվեն: Մենք էլ հիմա կոմիտեի նախագահի մասով ինչ-որ չափանիշներ հստակեցնում ենք: 

- Ի՞նչ եք հաշվի առնելու նախագահի մասով՝ վարքագիծ, էթիկական չափանիշներ, իրենց հետ կապված պատմություններ, ծառայողական բնութագիր: 

- Ծառայողական բնութագրին անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, ես տենց մարդ չգիտեմ, որ վատ ծառայողական բնութագիր ունենա: Դա այն մարդկանց մոտ է վատը, որ իր ղեկավարի հետ վատ է: Հիմա, կարող է ղեկավարը կոռուպցիոներ է, օրինակ, եւ ենթակայի բնութագիրը վատն է: Շատ կարեւոր է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը: Նաեւ կարեւոր է հարցազրույցի փուլը: Օրինակ, տեսնում ենք, որ մարդն աշխատել է մի մարմնում, մի պաշտոնի, ու նրա բարեկամն այդ նույն կառույցին, օրինակ, պոմիդոր է մատակարարել, ինչ-որ առնչություն ունի։ Բնականաբար, դա մեզ մոտ պետք է կասկած առաջացնի, եւ մենք, սրա հետ կապված, պետք է հարցեր տանք հենց լրատվամիջոցների աչքի առաջ: 

ՄԻՊ գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ինչու թեկնածու չեն ներկայացրել նոր ձեւավորվող կոմիտեի մրցութային խորհրդի համար: ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չլինելու պատճառով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ չի առաջադրել»,- եղավ պատասխանը: 

Ստացվում է՝ սա մի խորհուրդ է, որը կարող է ե՛ւ 5 անդամով աշխատել, ե՛ւ 7: Մրցութային խորհրդի նախագահ Համլետ Ասատրյանը մինչեւ վճռաբեկի քրեական պալատի նախագահ դառնալը դատական համակարգի ամենաաննկատ գործիչներից է եղել, եթե հավատանք նրա կոլեգաներին: Նա նույնիսկ գիտական կոչում չունի եւ այս իմաստով զիջում է քրեական պալատի դատավորներին, նույն Սերժիկ Ավետիսյանին, որն իրավագիտության դոկտոր է: Փաստորեն, Համլետ Ասատրյանի հետեւից էլ են Ջհանգիրյանի ամենազոր ականջները երեւում: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ասատրյանն աշխատել է արդարադատության խորհրդի աշխատակազմում, որի ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանի պրոտեժե Իշխան Նազարյանն էր:

Երբ Քոչարյանն ազատեց Իշխան Նազարյանին, հեռացավ նաեւ Ասատրյանը: Նա Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր էր։ Դատավորի կարիերայի ամենահաջողված տարիները եղել են Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ Ասատրյանը դարձավ վճռաբեկի դատավոր: «Կատարող է եղել ողջ կյանքում»,- պատմեցին նրա մասին: