Ես կարծում եմ, որ մենք կունենանք 4.5 տոկոս իրական աճ

Ես կարծում եմ, որ մենք կունենանք 4.5 տոկոս իրական աճ

Երեկ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր, որի հրատարակումը նախաձեռնել է Newmag-ը։ Շնորհանդեսին, ի թիվս տարբեր անվանի տնտեսագետների, ներկա էր նաեւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Իսկ գործող կառավարությունից ներկա էր բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, որն իր խոսքում ակնարկեց, որ քաղաքացին չպետք է պետությունից ամեն ինչ ակնկալի, քանզի «մենք անընդհատ ուզում ենք տեսնել պետություն, որ մեր հարցերը լուծի»։

Վաչե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն է Խաչատրյանի այդ մտքի հետ, որ պետությունը չի կարող ամեն ինչ ապահովել, որովհետեւ պետությունն ի վիճակի չէ ամեն ինչի։ «Սակայն, միեւնույն ժամանակ, կան որոշակի բաներ, որոնք պետությունը պարտավոր է անել։ Ես հակված չեմ մինիմալ պետության գաղափարին։ Իմ կարծիքով՝ պետությունը պետք է ունենա որոշակի չափ, որտեղ որոշակի գործառույթներ կան, որոնք պարտավոր է անել։ Բայց, միեւնույն ժամանակ, ես հակված չեմ նաեւ Խորհրդային Միության գաղափարախոսությանը, որովհետեւ դա անիրագործելի պարտավորությունների տակ մտնելն է, որոնք երբեք հնարավոր չէ իրականացնել»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

- Իսկ մեր պետությունն այսօր տնտեսական առումով կարողանո՞ւմ է իր պարտավորությունները ճիշտ կատարել, ամբողջությամբ քաղաքացու վրա չթողնել, նաեւ քաղաքացուն ճիշտ բացատրել, որ ամեն ինչ չի կարելի թողնել պետության ուսերին։

- Կարծում եմ, որ այդ առումով դեռեւս աշխատանքներ կան անելու, որովհետեւ հետխորհրդային երկրներում դեռեւս ակնկալիքները պետությունից շատ են, այդ թվում՝ շատ հաճախ սովետական նոստալգիայով։ Բայց, միեւնույն ժամանակ, ասել, որ պետությունն ապահովում է ամեն ինչ, չեմ կարծում, որ դա եւս ճիշտ է։

- Դուք տեսնո՞ւմ եք այսօր գործող կառավարության կողմից հստակ տնտեսական քաղաքականություն, որը հիմնված է ինչ-որ մոդելի վրա։

- Ես՝ անձամբ, չեմ տեսնում, բայց երեւի պարոն Խաչատրյանն ավելի լավ կբացատրի դա Ձեզ։ Խնդրում եմ իրեն դիմել։

- Այսօր կառավարությունը 6 տոկոս տնտեսական աճի մասին է խոսում, բայց շատ տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերվում, որ մենք կունենանք ՀՆԱ-ի իրական բարձր աճ։ Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասով։

- Ես կարծում եմ, որ մենք կունենանք 4.5 տոկոս իրական աճ։ Եթե Դուք նայեք՝ մենք ինչ համամասնություններ ունենք, եւ եթե անցած տարվա կամ մնացած տարիների եռամսյակային համամասնությունները պահպանվեն, ապա, այսպես ասեմ, մեզ մոտ առաջին եռամսյակին միշտ արտադրվում է մոտավորապես ՀՆԱ-ի 20 տոկոսը, երկրորդին՝ 20 տոկոսը, համապատասխանաբար մոտավորապես 28 տոկոս՝ երրորդ եռամսյակին, 30-31 տոկոս՝ չորրորդ եռամսյակին։ Հիմա, այս պահին ունեցած տրամաբանությամբ, եթե մենք ունենանք չորրորդ եռամսյակի ընթացքում 7-8 տոկոսանոց աճ, ապա այդ պարագայում կունենանք շուրջ 4.5-5 տոկոս աճ։ Բայց չեմ կարծում, որ այդքան կունենանք։ Այդ պատճառով կարծում եմ, որ մեր տնտեսական աճը կլինի միջինը 4.3-ի շրջանում։

- Բայց մենք այսօր ունենք բավականին մեծ գնաճ, եւ տպավորություն է, թե կառավարությունն այդ գնաճի հաշվին է փորձում տնտեսական աճ ցույց տալ, ինչը ՀՆԱ-ի իրական աճ չէ։

- Չէ, այդ 4 տոկոս աճը, որ ասում են, դրանում գնաճը հաշվարկված է արդեն, այսինքն՝ գնաճի ազդեցությունը պետք է հանել։ Ուստի,  4-4.5 տոկոս որ խոսում ենք, իրական աճի մասին է խոսքը։ Այլ խնդիր է՝ գնաճի հետեւանքով կենսամակարդակը եւ գնողունակությունը բարձրացե՞լ է, թե՞ իջել։ Եթե նայեք, ինչքան որ աշխատավարձերն են աճել, մոտավորապես նույնչափ էլ գնաճ ունենք։ Այսինքն՝ կենսամակարդակի բարձրացում տեղի չի ունեցել, բայց տեղի է ունեցել իրական աճ։

- Այսինքն՝ իրատեսական չե՞ք համարում կառավարության կանխատեսումները, որ տարվա վերջում 6 տոկոս աճ կունենանք։

- Ես չեմ կարծում, որ դա իրատեսական է։ Ուղղակի իմ ասած թվերով պարզ թվաբանություն եք անում․ մենք ունենք 2.9 տոկոս երրորդ եռամսյակին աճ, ունենք 11 տոկոս՝ երկրորդ եռամսյակին աճ, եւ ավելի ցածր՝ 2-3 տոկոսի չափով, ունենք առաջին եռամսյակին աճ, եւ եթե էդ ամեն ինչը գումարում ենք, մենք էդ ամեն ինչի հետեւանքով ֆիզիկապես եթե 6-7 տոկոս ուզում ենք ստանալ, պետք է չորրորդ եռամսյակում 10 տոկոսի չափով աճ ունենանք։ Իսկ 10 տոկոսի չափով աճ, մանավանդ հոկտեմբերի թվերը տեսնելով, չեմ տեսնում։

- 2022 թվականի բյուջեում շատ քննարկվեց սոցիալական բաղադրիչը, որ թոշակ, նպաստ, աշխատավարձ չի բարձրանում, կամ թոշակների մասով բարձրանում է միայն նվազագույն կենսաթոշակը՝ 2500 դրամով, փոխարենը կառավարությունը շեշտը դնում է կապիտալ ծախսերի վրա։ Դուք այսօր՝ այս փուլում, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այդ մոտեցումը, որ պետք է նախ ավելացնել կապիտալ ծախսերը, հատկապես, որ դրան զուգահեռ՝ պատգամավորների, նախարարների ձեռքի ծախսը, աշխատավարձերն ավելացվում են, իսկ հասարակ քաղաքացիներինը՝ ոչ։

- Եկեք ես ձեռքի ծախսերին եւ աշխատավարձերին չանդրադառնամ, որովհետեւ դա լիովին այլ թեմա է։ Կան կապիտալ ծախսերն ավելացնելու հարկաբյուջետային կանոններ, որոնք ընդունել ենք, որպեսզի կառավարելի լինի պարտքը, եւ մակրոտնտեսական դինամիկան լինի սահմանում։ Այդ ընդունած կանոններին համապատասխան՝ մենք պարտավոր ենք առաջնահերթությունը տալ կապիտալ ծախսերին։

- Այսինքն՝ նորմա՞լ եք համարում 2022 թվականի բյուջեում կապիտալ ծախսերին գերակայություն տալը։

- Այո, դա բխում է հարկաբյուջետային կանոններից։

- Իսկ սոցիալական բաղադրիչին պետք չէ՞ ուշադրություն դարձնել, կամ գոնե զուգահեռ ավելանան, որ սոցիալական առումով էլ մարդկանց պահանջմունքները բավարարվեն։

- Ես չեմ կարծում, որ երկուսը հնարավոր է միաժամանակ անել, այլ հարց է, որ կարելի է դա անել ավելի ճկուն կամ թիրախավորված կերպով․ դա առանձին քննարկման առարկա է։ Բայց որ կապիտալ ծախսերին պետք է գերակայություն տալ, այդտեղ համակարծիք եմ։