Անիի համայնքապետն առաջադրված մեղադրանքների մասին իմացել է մամուլից

Անիի համայնքապետն առաջադրված մեղադրանքների մասին իմացել է մամուլից

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գեւորգյանը, ում դեմ դեռ 2018-ից մի խումբ բնակիչներ ակցիաներ էին անում՝ հրաժարականի պահանջով, մոտ տասն օր առաջ ներգրավվել է որպես մեղադրյալ, ինչը խոսում է այն մասին, որ այս մեղադրանքի մեջ էլ քաղաքական ենթատեքստ կա՝ ակցիաներով փորձեցին պարտադրել, որ հրաժարական տա, չստացվեց՝ գործի դրվեց քրեաիրավական փորձված ճանապարհը։ Նրա փաստաբանն ասում է, որ առաջադրված 2 այլ մեղադրանքների մասին իմացել է մամուլից։

Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը Անիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի եւ համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում եւ օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք, 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարն անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված եւ Ա. Մ.-ի կողմից աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա. Մ.-ի անվամբ դուրս գրված եւ փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները:

Արտակ Գեւորգյանը, ում նկատմամբ ընտրված է քաղաքից չբացակայելու ստորագրությունը, իր մեղքը չի ընդունում եւ մեզ հետ զրույցում ասաց․ «Սա ընդամենը հետապնդում է, ընդամենը՝ ճնշում»։ Այլ հարցերի նա չպատասխանեց, ներառյալ նաեւ՝ ընդունե՞լ է, թե՞ ոչ Դատական դեպարտամենտի սույն աշխատակցին։ Ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի իր փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը։ Վերջինս տարակուսած էր եւ ասաց, որ որեւէ մեկն իրեն ու իր պաշտպանյալին չի ծանուցել եւս երկու դրվագով մեղադրանք առաջադրելու հետ կապված, եւ որ այդ մասին իմացել է մամուլից։ Փաստորեն, ըստ փաստաբանի, Քննչական կոմիտեն «սխա՞լ հաղորդագրություն» է տարածել։ Փաստաբանն ասում է՝ այո։ «Եթե իրենք գրում են այլ դրվագների մասին, բացի այդ մեկ դրվագից՝ դատական կարգադրիչի հետ կապված, որովհետեւ այլ դրվագներով Արտակ Գեւորգյանին մեղադրանք չի առաջադրվել»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ դեռ նոր մեղադրանքներ առաջադրեն, փաստաբանն ասում է․ «Կարող է, ամեն ինչ էլ սպասելի է։ Առհասարակ, էդ հաղորդագրությունը որ կարդում եմ, այդպիսի հաղորդագրություն ուղղակի չի կարող լինել»։ Խոսքը լրացուցիչ այն տեղեկությունների մասին է, որ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ինչ-որ խողովակների մոնտաժման ու ինչ-որ այլ աշխատողի աշխատավարձի համար։

Հարցրինք՝ եթե մոտ տասն օր առաջ մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել, ինքն ու պաշտպանյալը չգիտեի՞ն այդ մասին։ Փաստաբանն ասաց, որ տեղյակ են եղել միայն այն դրվագով, որը վերաբերում է կարգադրիչներին։

Ինչ վերաբերում է Ա․ Գեւորգյանի՝ դատական կարգադրիչ ընկերոջը որպես վարորդ աշխատանքի ընդունելուն, ապա, փաստաբանի խոսքով, այո, ընդունել է։ «Ընդունել են, բայց եթե ամսվա մեջ 1-2 անգամ չէր եկել աշխատանքի, ինքը չէր կարող էդ մասին իմանալ։ Մեղադրանքի մեջ հինգ տարվա համար որպես ավել գումար գիտե՞ք ինչքան է նշված․․․ մոտ 600 հազար՝ 5 տարվա, այսինքն՝ էդ ամենը մոտ 10 հազարի շեմում»։

Ինչ վերաբերում է մեղադրանքում նշվածին, որ կարգադրիչը չէր կարող այլ վճարովի աշխատանք ունենալ, ապա Արամայիս Հայրապետյանն ասում է․ «Էդ համայնքապետարանի խնդիրը չէ, էդ իր առաջին գործատուի խնդիրն է, սահմանափակումը մենակ կարգադրիչ աշխատելու համար է, վարորդ աշխատելու համար սահմանափակում չկա։ Եվ եթե ես գործատուն եմ, իմ մոտ ցանկացած մեկը կարող է աշխատել վարորդ, բայց եթե իմ մոտ մտավ վարորդ՝ կարգադրիչ չի կարող աշխատել։ Դրա համար մենք պատասխանատու չենք»։
Հարցին, թե արդյոք վարորդ-կարգադրիչը ցուցմունք չի՞ տվել իր պաշտպանյալի դեմ, փաստաբանն ասաց, որ չի կարող պատասխանել, չգիտի։ Ենթադրում է, որ՝ ոչ, որովհետեւ եթե հակասություններ լինեին իր պաշտպանյալի ու նրա ենթադրյալ վկայի խոսքերում, կլիներ առերեսում, ինչը չի եղել։ Փաստաբանի խոսքով՝ միակ քննչական գործողությունը, որ իրականացվել է իր պաշտպանյալի հետ, եղել է մեղադրանք առաջադրելը եւ այդ ընթացքում հարցաքննությունը։