Ի՞նչ տվեց Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Ի՞նչ տվեց Միրզոյան-Բայրամով հանդիպումը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Ի վերջո՝ ի՞նչ հանդիպում էր այն և ի՞նչ սպասել այս հանդիպումից հետո:

-Նախ հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ոչ միասնաբար, բայց առանձին-առանձին ներգրավված են գործընթացում՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչ-որ առումով ԵՄ-ի տեսքով: Նույն պայմանագրի շուրջ կողմերը հանդիպում են Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում: Միջնորդներն էլ ամեն հանդիպումից հետո փորձում են ընդգծել իրենց դերը՝ խոսելով թվացյալ առաջընթացի մասին: Բայց ես մնում են այն համոզման, որ Ադրբեջանին որևէ պայմանագիր պետք չէ, նրանք տեսնում են, որ Փաշինյանը պատրաստ է օր առաջ հրաժարվել Արցախից, ճանաչելն Արցախն Ադրբեջանի մաս, ուստի ուզում են ավելին: Ալիևի տրամաբանությունը հետևյալն է, եթե հայկական կողմը պատրաստ է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո հրաժարվել կենսական իրավունքներից, երեսունամյա պայքարից, Արցախից, ապա նա կշարունակի հետագա զիջումներ կորզել՝ գնալով նորանոր ագրեսիաների, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ սահմանների երկայնքով:
 
 -Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում:
 
-Նման հայտարարություն արել է նաև Բլինքենը, ինչպես նաև՝ Շառլ Միշելը: Փաստը մնում է փաստ, որ կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ չկա կոմպրոմիս կամ էլ Ադրբեջանը խախտում է դրանք: Օրինակ, եթե Ադրբեջանն իսկապես ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչու են ադրբեջանական ուժերը ՀՀ սուվերեն տարածքում: Պատրաստվու՞մ են նրանք արդյոք դուրս գալ, ես վստահ եմ, որ ոչ: Ալիևի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ մաքսիմալ զիջումներ կորզել ՀՀ–ից բանակցային սեղանի շուրջ, հետո գնալ նոր լարման, փորձել փոխել իրավիճակը, հետո դրա հիման վրա արդեն նոր պայմաններ թելադրել բանակցային սեղանի շուրջ: Ես առիթ ունեցել եմ նշելու, որ Ալիևի քաղաքականությունը ինձ հիշեցնում է արցախյան բանակցային գործընթացի երեսուն տարվա իրավիճակը: Ամեն անգամ, երբ կողմերը որևէ լուծմանը մոտ էին, Ադրբեջանը լքում էր բանակցային սեղանը ու գնում նոր սադրանքի: Հիմա, իհարկե, ավելի վատ է, քանի որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը իր քայլերով վտանգում է Արցախի հայերի ֆիզիկական գոյությունը, պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս՝ առանց մինիմալ երաշխիքների, և դա այն դեպքում, երբ նույն ՀՀ ղեկավարությունը խոսում է Ադրբեջանից եկող ցեղասպանության վտանգի մասին: Այս վտանգավոր քաղաքականությունը խնդրահարույց է ոչ միայն Արցախի, այլ հենց ՀՀ–ի համար: Ադրբեջանի ագրեսիվ վարքը իմ ասածի ամենավառ ապացույցն է: