Նիկոլ Փաշինյանը հայ հանրությանը ապուշի տեղ է դրել․ Տաթևիկ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանը հայ հանրությանը ապուշի տեղ է դրել․ Տաթևիկ Հայրապետյան

Բրյուսելյան հանդիպումից հետո տեսանելի էր, որ Ադրբեջանը գնում է էսկալացիայի։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Սեպտեմբերի երկուսից սկսած իրենք կանոնակարգված ապատեղեկատվություն էին տարածում՝ պատերազմ սկսելու հիմք ունենալու համար։ Ես և այլ փորձագետներ բարձրաձայնել եք այդ մասին։ Դա հիշեցնում էր օգոստոսի 3-ին՝ դրան նախորդած և Բերձորում ծավալվեց ագրեսիվ իրավիճակ և դրան նախորդած տեղեկատվական ամբողջ քարոզչությունը դրա վրա էր հիմնվում»,-ասաց Հայրապետյանը։
Ադրբեջանագետը կարծում է` քանի որ այսօր պատերազմը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում է, Բաքվի վարչակարգի այս արգեսիան` հայերի դեմ, հիմնված է ատելության վրա։

Ինչ վերաբերում է իշխանություններին, որոնք վաղուց են որդեգրել սկզբունքը, թե` այս պատերազմն Արցախի համար է, եկեք Արցախը հանձնեք և հանգիստ ապրենք՝ դա բացարձակ սուտ է և կեղծիք։ Անդրադառնալով Ադրբեջանի՝ պատերազմական գործողություններ սկսելու առաջ դրած նպատակներին, ասաց․ «Ագրեսիան մեր պետության սահմանների նկատմամբ է և այդ ագրեսիան, եթե անգամ այսօր ստացվի կասեցնել` հրադադարի մասին ինչ-որ համաձայնությամբ, դա կտևի մեկ ամիս, մեկ տարի, կես տարի, չգիտեմ։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ագրեսիվ պետություն է, ագրեսիվ պետություն է եղել նաև հարյուր տարի առաջ և հիմքը հենց դա է՝ ատելությունը հայի նկատմամբ: Այսօր նույն Ադրբեջանում, երևի, չեն էլ հասկանում ինչ է կատարվում, բայց ինտենսիվորեն թաղումներ են կազմակերպվում և այլն, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք զոհվում են հանուն Ադրբեջանի նախագահի բռնապետական համակարգի»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Նա շեշտեց, որ նույնիսկ Ադրբեջանի վերլուծական շրջանակները շեշտում են, որ իրենք պետք է օկուպացնեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքները,  իրենք համարում են, որ առանց դրա հաջողության չեն հասնի և որ իրենց վրեժը հենց դա պիտի լինի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիան։

«Կներեք արտահայտությանս համար, բայց ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ապուշի տեղ է դրել, որովհետև ինչպես կարելի է քարոզչական ամբողջ դաշտը, հսկայական ռեսուրսները, իրենց տարբեր միջոցները, ֆեյքերը, փորձագետները, իրականներն ու անիրականները նետել դաշտ ու ապացուցել, որ խաղաղություն են ընտրում, խաղաղության դարաշրջան և այլն ու այն բոլոր մարդիկ, ովքեր ռիսկերի մասին են բարձրաձայնում, ասում են՝ չի կարելի զիջումների գնալ, պետք է բանակը վերազինել, պետք է աշխատանք տանել, պետք է խելացի գործել, նշում են, թե ինչ կարելի է անել՝ այդ մարդիկ համարվում են պատերազմի քարոզիչներ, խաղաղությանը դեմ լինողներ։ Այս դիսկուրսը դու ստեղծում ես ու երկու տարի շարունակ, ուղեղները մարդկանց լվանում, ասում, որ եթե ես չլինեմ` խաղաղություն չի լինի, եթե նախկինները լինեն՝ պատերազմ կլինի ու քո  կառավարման երկրորդ շրջանում նորից Հայաստանը կանգնում է պատերազմի առաջ»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ խոստովանում է, որ չի կարողանում երկրի համար զենք ձեռք բերել, չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը, ապա ինչո՞ւ է նա մինչև հիմա զբաղեցնում վարչապետի պաշտոնը։
Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, Հայրապետյանն ասում է, որ այս պատերազմը ցավոք ոչ առաջինն է, ոչ վերջինը ու բնականաբար դեռ պատերազմներ լինելու են։ Պետք է պատրաստվել պատերազմին, պետք է վերազինվել։ Իսկ իշխող խմբակցության այն քաղաքական գործիչները, ովքեր այսօր խոսում են համակեցության կանոններ մշակելու մասին, ադրբեջանագետը նրանց խորհուրդ է տալիս սեփական ընտանիքների հետ գնալ և Ադրբեջանում համակեցություն հաստատել։