2020-ի մահացության ցուցանիշները 1988 թ. երկրաշարժի տարվանից ավելի վատ են եղել

2020-ի մահացության ցուցանիշները 1988 թ. երկրաշարժի տարվանից ավելի վատ են եղել

Ամուսնալուծությունների աճը, ծնունդների նվազումն ու մահվան թվի ավելացումը, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքներն անխուսափելիորեն անդրադառնալու են մեր երկրի դեմոգրաֆիական պատկերի վրա։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ։

- Որքա՞ն ամուսնալուծություն է մեր երկրում գրանցվել 2023-ին եւ ինչպիսի՞ դինամիկա կա։ 

- Եթե միջինացնենք, որովհետեւ տարբեր ամիսներին տատանվում են ամուսնալուծությունների դեպքերը, ստացվում է, որ ամեն 3.5 ամուսնության հաշվով գրանցվում է 1 ամուսնալուծություն, այսինքն՝ ամեն 3-4 ամուսնական զույգի ամուսնությունն ավարտվելու է ամուսնալուծությամբ։ Մենք այս ցուցանիշով Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, եվրոպական տարբեր երկրների համեմատ ավելի լավ վիճակում ենք, բայց շատ ավելի վատ վիճակում ենք, քան Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ Հարեւաններից միայն Վրաստանից ենք բարվոք վիճակում եւ ոչ միայն այս առումով, այլ նաեւ ծնելիությամբ միայն Վրաստանից ենք լավ վիճակում, եթե հարեւանների հետ ենք համեմատում։ 

- Ինչպիսի՞ ազդեցություն կունենան 44-օրյա պատերազմի արդյունքները Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի վրա։ 

- 2020-ի պատերազմի ժամանակ զոհվածների 4 հազարից ավելի թվաքանակ է հրապարակվել՝ պաշտոնապես, եւ 2020-ի բնակչության բնական հավելաճի բացասական արդյունքը չի սահմանափակվում 2020 թվականով։ 2020-ի մահացության ցուցանիշները 1988 թ. Սպիտակի երկրաշարժի տարվանից ավելի վատ են եղել` ե՛ւ բացարձակ թվով, ե՛ւ գործակցով։ Մեր պատմության մեջ այս տարածքում եղած վատագույն ցուցանիշն է եղել։ 2020-ի աղետալի պատերազմի պատճառով մահացածների 98%-ից ավելին վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին, եւ նրանց երկու երրորդից ավելին 2000-2002 թվականներին ծնվածներն էին։ Երիտասարդ տղաներ, ովքեր դեռ պետք է ընտանիք կազմեին, մահացածներից շատ քչերն էին ընտանիք կազմել, հետեւաբար, ուղղակիորեն ազդելու է եւ արդեն ազդում է, առաջինը՝ ամուսնությունների թվի, երկրորդը` ծնելիության ցուցանիշի վրա, որովհետեւ մեծացել է դիսբալանսն այդ տարիներին ծնված աղջիկների եւ տղաների թվաքանակի միջեւ, որն իր հերթին բերում է հետեւյալ խնդիրները․ աղջիկների մի մասը պետք է ամուսնանա կա՛մ իրենից մեծ, կա՛մ փոքր տղաների, կա՛մ օտարերկրացիների հետ, կա՛մ էլ չեն ամուսնանա, եւ այս սցենարները, իհարկե, ազդելու են ծնելիության հետագա ցուցանիշների վրա։ Եթե մեծ ցիկլով նայենք, այն 30 տարին մեկ բերելու է ծնելիության նվազման, որովհետեւ մենք ունենք նաեւ ուրիշ պատերազմների օրինակները, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի ժողովրդագրական հետեւանքները մինչ օրս նկատվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի բնական աճի վրա։ 25-30 տարին մեկ իրենց մոտ արձանագրվում է նվազող «կոր»։ Դրա համար այդ հանգամանքը պետք է նկատի ունենալ, որ 2020 թվականի պատերազմի արդյունքներն ազդելու են հետագա տարիներին Հայաստանում ե՛ւ ամուսնությունների թվի, ե՛ւ ծնելիության ցուցանիշների վրա։