Շնորհավոր Ամանորդ, Նիկոլ

Շնորհավոր Ամանորդ, Նիկոլ

Հայաստանը պատրաստվում է հրավառությամբ ու մեծ տոնակատարությամբ նշել... Արցախի Հանրապետության փակումը կամ թաղումը… Ում ինչպես հարմար է: Մութ ու ցուրտ տարիներին՝ ահագնացող արտագաղթի ժամանակ, հայերով միմյանց կես լուրջ-կես կատակ ասում էինք՝ չէ, եղբայր, ես վերջինն եմ հեռանալու երկրից, որ անջատեմ Հայաստանի լույսը: Ո՞վ էր վերջին հայը, որ դուրս եկավ Արցախից: Նա «մարե՞ց լույսը», թե՞ մոռացավ համընդհանուր փախեփախի մեջ… Չգիտեմ, չեմ կարողանում պատկերացնել, թե զավակին դեռ հողը չդրած ծնողն ինչ սրտով է պատրաստվում Նոր տարի դիմավորել, այն էլ հրավառությամբ ու մեծ տոնախմբությամբ: Դեկտեմբերի 31-ին հաջորդում է հունվարի 1-ը: Այդ օրը պաշտոնապես կարձանագրվի Արցախի Հանրապետության մահը:

Հոգեհանգիստը՝ հունվարի 2-ին, հուղարկավորությունը՝ 3-ին: Հայաստանն ու հայաստանցիներն այդ օրերին այնքան հարբած կլինեն, որ երեւի չկարողանան մասնակցել արարողություններին: Իսկ թե ինչ կզգան մեր արցախցի սիրելի քույրերն ու եղբայրները՝ դա էլ թողնենք իրենց: Հո մի ամբողջ Հայաստան իր Ամանորի կերուխումը չի՞ հարամելու Արցախի պատճառով… Նիկոլ, ես քեզ իշխանության բերողի… Էս ի՞նչ արեցիր, այ անաստված, այ վախկոտ հայակեր, չտես գյոռմամիշ, քո բերած ավերներից հետո, ախր, կախաղանի անպաճույճ փայտը պետք է վեր խոյանար Երեւանի հրապարակում եւ ոչ թե տոնածառը: Ինչի՞դ վրա ես ուրախանում, ո՛վ անհեռանկար, անտեսլական եւ անհայրենիք արարած: