Ցավը տիրոջն է

Ցավը տիրոջն է

Մենք այն վիճակում չենք, որ հանգիստ տրվենք ներքին խնդիրների լուծմանը՝ տնտեսական աճի ու ներգաղթ-արտագաղթի մասին մտածենք, տեղական ընտրություններով հետաքրքրվենք։ Պատերազմի շեմին կանգնած երկրում, որի զավակները հարյուրներով զոհվում են սահմանին, եւ դեռ անթաղ մարմիններ ունենք, իրավունք չունենք այլ բանի մասին մտածելու։ Բայց ժողովուրդն ասում է՝ «յարան տիրոջն է ցավացնում» եւ մենք, ինչքան էլ սգանք, շարունակում ենք ապրել բնականոն կյանքով, քանի դեռ պատերազմն անձամբ հենց մեր դուռը չի բախել։

Անշուշտ, տխուր ենք, մեր անելիքը չգիտենք, անշուշտ՝ սոսկալի բան է 20 տարեկան տղայի մահը, եւ այդքան հեշտությամբ արտաբերվող բառերը՝ 200-ից ավելի զոհ ունենք սահմանին, անտարբեր ու անհոգի վերաբերմունքի մասին են խոսում, որովհետեւ այդ զոհերը սոսկ վիճակագրություն չեն, այլ կորսված կյանքեր, դժբախտացած ընտանիքներ, կյանքի իմաստը կորցրած մայրեր։ Երեկ մենք քննարկում էինք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հաշվարկներ անում, թե որ ուժն ինչքան քվե է ստացել, ինչպես է ձեւավորվելու համայնքային իշխանությունը, իսկ որդիներին կորցրած ծնողների մի խումբ հավաքվել էր պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք լուր էին ուզում իմանալ իրենց զավակներից։

Նրանց մեծ մասին չեն հանձնել որդիների մարմինները, անգամ չեն հայտնել նրանց զոհվելու մասին, ուստի նրանք դեռ մի փոքրիկ հույս ունեն եւ դռներ են բախում, թե՝ իշխանություն, քայլեր ձեռնարկիր, հետ վերցրու թշնամու գրաված դիրքերը, պարզիր, թե քանի գերի է տարել բարբարոսն այս անգամ, որտեղ են նրանք։ Եթե գերեվարված են, ամեն ինչ արա՝ նրանց հետ բերելու համար։ Եթե զոհվել են, գոնե մարմինները հանձնիր մեզ, որ հուղարկավորենք։ Ծնողների վիշտը տեսնողն իրեն չի կարող մեղավոր չզգալ այս ամենի համար։