Սա նշանակում է, որ Ադրբեջանի հաղթանակը նման չէ հաղթանակի

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հաղթանակը նման չէ հաղթանակի

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը

- Արցախում իրավիճակը բավականին լարված է, թշնամին կրկին շրջափակել է Արցախը: Ի՞նչ տրամադրություններ են այժմ Արցախում:

- Այս իրավիճակը մեզ համար սպասելի էր: Ժողովուրդն արդեն սովոր է: Նույն վիճակն էր նաև 1991 թվականին, այն ժամանակ ևս Արցախը շրջափակման մեջ էր, և հենց այդպես Շուշին կարողացանք գրավել` բացելով ճանապարհը: Ավելին ասեմ` ըստ միջազգային իրավունքի, եթե նման իրավիճակ է ստեղծվում, Արցախը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել, և դա կընկալվի միջազգային հանրության կողմից: Ադրբեջանցիները կրկին ամբողջ աշխարհի առաջ ցույց են տալիս իրենց դեմքը: Այդ, ազգ էլ չեմ ուզում ասել, ժողովուրդը կառուցողական և մարդկային գաղափարներ չունի, իրենց համար միայն գոյություն ունեն իրենք: Այսօրվա աշխարհում խոսվում է խաղաղության գաղափարի մասին, բայց ի՞նչ է անում Արցախը: Ստացվում է այնպես, որ պատերազմում հաղթանակած կողմը չի հանգստանում: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հաղթանակն ամբողջական չէ: Նրանց հաղթանակը նման չէ հաղթանակի: Ադրբեջանցիներն աշխարհով մեկ իրենց իրական դեմքն են ցույց տալիս: Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում:

- Խոսում եք 90-ականներից, Շուշին ազատագրելուց: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում հասարակության, մարդկանց մտածողության և աշխարհայացքի մեջ:

- Փոխվել է ղեկավարության մակարդակը: Այն ժամանակ ղեկավարները նման էին ղեկավարի: Չեմ խոսում այն մասին, թե հետագայում ինչ տեղի ունեցավ, ինչպես շատերը փոխվեցին, դա ուրիշ խնդիր է: Թե ինչ տեղի ունեցավ 30 տարի անց, ցավալի է: Ինչ ղեկավար ընտրեց ժողովուրդը, ում վստահեց:

- Հասարակությունն ինչպե՞ս և ինչո՞ւ է հանդուրժում այսօրվա ղեկավարներին:

- Վերջին 25 տարվա ընթացքում մեզանում ինչ-ինչ բաներ սխալ ուղղությամբ գնացին: Հենց այդ պատճառով փոխվեց հասարակությունը` բրելով ասպարեզ նման ղեկավարի:

- Արցախում հումանիտար աղետ է, չկա գաղթ, որովհետեւ ճանապարհը փակ է, բայց խանութներում վերջանում է սննդամթերքը:

- Երեք օր է, որ նման իրավիճակ է: Դիմանում են մի կերպ մարդիկ: 90-ականներին ավելի երկար տևեց, մարդիկ դիմացան, հիմա էլ կդիմանան: Այսօր ռուս խաղաղապահներն Արցախում են, նախկինում այդպես չէր: Չեմ կարծում, որ նրանք կթողնեն, որ երկար այս իրավիճակը շարունակվի: Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, թե իբրև խաղաղության օրակարգի կողմնակիցն են, սակայն անում են ճիշտ հակառակը: