Սարերից իջած «փրկիչնե՞ր» 

Սարերից իջած «փրկիչնե՞ր» 

Որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար գոյություն ունի «կարմիր գիծ» հասկացությունը: Դա Հայաստանի Հանրապետության 29 800 քառ/կմ տարածքն է: Ինքն իշխանության է եկել իր հոգեւոր հոր (խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է) «հավատամքը» կյանքի կոչելու նպատակով: Դա Լեռնային Ղարաբաղը թշնամուն զիջելն է, որպեսզի հայաստանցի «սերգոջանները» լավ ապրեն: 44-օրյա պատերազմում երկու անգամ խախտելով զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միտք ուներ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին եւ վերջնականապես ազատվել այդ «գլխացավանքից»:

Ընդ որում, զինադադարը խախտելու մեղավորությունն անընդհատ բարդում էր Իլհամի վրա: Սակայն Ռուսաստանի նախագահը խանգարեց այդ ծրագրի իրագործմանը: Ստիպեց ընդունել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ երրորդ առաջարկը՝ պահպանելով Արցախի մի մասը եւ զորախումբ տեղակայելով այնտեղ: Ենթադրում եմ, որ իրեն այնպիսի առաջարկ էր արվել, որ ինքը չընդունել ուղղակի չէր կարող: Ինչը, իհարկե, իր կողմից ներկայացրեց իբրեւ հերոսություն. իբր թե տեսեք-տեսեք («видите ли»)՝ դրանով փրկում եմ երկու-երեք տասնյակ հազար զինվորականի կյանք: Եվ քանի որ բանակի քանակն անգամ հստակ չգիտեր, սկզբում ֆեյսբուքյան իր էջում գրեց 20 հազար, հետո դարձրեց 25 հազար եւ երրորդ փորձից հետո այդ թիվը հասցրեց 30 հազարի: Ի դեպ, այդ օրերին տասնյոթամյա մի երիտասարդ էլ մեկնաբանություն թողեց, թե հավատում է իր հարազատ վարչապետին: Հետաքրքիր է՝ դեռեւս նո՞ւյն կարծիքին է այդ անձը, թե՞ արդեն մտքափոխվել է:

Այն հանգամանքը, որ Արցախի պահպանված մասը դեռեւս հայկական է մնացել ի հեճուկս վարչապետ կոչեցյալ անձի, վկայում է անընդհատ կրկնվող «ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի» արտահայտությունը: Եթե նման արտահայտություն օգտագործվեր, ասենք, Հարավային Օսիայի առումով, ապա դա կլիներ բնական, քանի որ խոսք կգնար այլ երկրի մասին: Սակայն երբ այդ արտահայտությունն օգտագործվում է մեր հայրենիքի հատվածներից մեկի առնչությամբ, ապա դա վկայում է, որ այդ հատվածը նրա համար հայրենիք չէ: Ու ինքը բացարձակ դեմ չէ Արցախից վերջնականապես «ազատվելու» գաղափարին: Արցախը, դժբախտաբար, որպես հայրենիք չի ընկալվում նաեւ նրա եւ նրա հոգեւոր հոր (ԼՏՊ-ի) կողմից զոմբիացված բազմահազար հայաստանցիների կողմից: Երկրորդի (ԼՏՊ-ի) առումով հիշենք «մոնղոլ-թաթարական իշխանություն» եւ «ղարաբաղյան կլան» արտահայտությունները:

Ի դեպ, հայացքը դեպի արեւմուտք հառած եւ իրեն հայրենասեր համարող մի ստվար զանգվածի (անվանենք դրանց պապյաններ) համար էլ «ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի» արտահայտությունը դարձել է մոգական բանաձեւ: Քանի որ այդ զանգվածը եւս չի ընկալում, որ խոսքը գնում է ոչ թե օտար տարածքի, այլ հայրենիքի մի մասի վերաբերյալ: Իսկ հայրենիքը պահպանվում է ոչ թե օտար երկրի՝ որքան էլ այն բարեկամ կամ թեկուզ ռազմավարական գործընկեր լինի, այլ սեփական բանակի միջոցով: Ճիշտ այնպես, ինչպես դա առկա էր նախքան 2018 թվականը: Զարմանալի է, որ այս տարրական ճշմարտությունը հասու չէ բազմահազար պապյաններին: 

Ինչեւէ, այսօր Արցախի գլխին կրկին կախվել է հումանիտար աղետի սպառնալիքը: Ինչն անսպասելի չէր եւ շարունակվելու է այնքան, որքան ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է վերը նշված անձը: Արեւելյան թշնամի երկրի ղեկավարը հասկանում է, որ քանի դեռ դա վարչապետ է, ինքը պետք է հասցնի առավելագույնը պոկել մեզնից՝ լինի դա Արցախի թե Հայաստանի առումով: Եվ, բնականաբար, անընդհատ նորանոր սադրանքների է դիմում:

Իսկ Ռուսաստանի համար ուկրաինական պատերազմը դարձել է կենաց-մահու հարց, ու ինքը չի կարող գնալ այնպիսի քայլերի, որ կստեղծեն երկրորդ ճակատ բացելու սպառնալիքը: Արեւմտյան երկրներն էլ, լավագույն դեպքում, բավարարվում են հերթական դատապարտող կամ կիսատ-պռատ հայտարարություններ անելով: Ինչը, բնականաբար, չէր կարող եւ չի խոչընդոտում ադրբեջանական ագրեսիվ գործողությունները:  

Ի դեպ, արցախյան «կյանքի ճանապարհը» փակելու օրը կրկին հրապարակում հայտնվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կինը: Վերջինս մեկ-երկու լուսանկար հրապարակեց ամուսնու «շեդեւր ստեղծագործության» ֆոնին Օսկար անունով կատվի մասնակցությամբ:

Կարծում եմ, որ առաջին լուսանկարում կատվի դիրքն ու էջի բացվածքը ներկայացնում են հայաստանցիներին ուղղված տիկնոջ հաղորդագրությունը: Այն ավելի հստակեցված է երկրորդ լուսանկարում. դրանում երեւում է նոր գլխի վերնագիրը, կարելի է կարդալ նաեւ տողերը:

Ըստ այդմ, «սարերից իջած մի խումբ ձիավորները» ՔՊԿ-ականներն են, իսկ նրանց ղեկավարը՝ իր ամուսինը, որ հանձն էր առել փրկել երկիրը նախկին անարժան իշխանավորներից: Իսկ «սարերից իջած» արտահայտությամբ տիկինը կարծես թե փորձում է մեզ ասել, որ դրանք վերեւից մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ուղարկված փրկիչներ են: Չնայած իրականում դրանք ոչ թե փրկիչներ են, այլ Աստծո կողմից մեզ ուղարկված պատիժ: Ինչը նշանակում է, որ հանուն մեր եւ մեր երկրի փրկության, մենք պետք է հնարավորինս արագ ազատվենք դրանցից: