Այդ անձը չի կարող գործել առանց ստի ու կեղծիքի

Այդ անձը չի կարող գործել առանց ստի ու կեղծիքի

Անգլիական պետական գործիչ Ուինսթոն Չերչիլը ժամանակին ասում էր, որ քաղաքական գործիչը նա է, ով ինչ-որ բան է կանխատեսում, իսկ դրա չիրականալու դեպքում փորձում է բացատրել, թե ինչու դա չկատարվեց: Աչքիս գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Չերչիլը եթե մեր ժամանակներում ապրեր, կիմանար, որ գոյություն ունեն նաև այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ բան անելուց հետո հետևանքների մեղքը բարդում են ուրիշների և հատկապես նախորդների վրա: Իսկ այդպիսի մտքի հանգելու համար պետք է ընդամենը հայկական կոնյակի գավաթը ձեռքին ընթերցեր հայաստանյան մամուլը: Ինչի շնորհիվ կծանոթանար թե՛ Արցախը թշնամուն հանձնելուն և թե՛ դրա առումով ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի վերջին մտավարժությանը: Ըստ որի, մեր ժողովուրդն իր «ողջ ռեսուրսը, որ պետք է դներ պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել է ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա»: Արդյունքում, «ԼՂ հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ–ում պետության կայացումը թույլ չտալու համար»: Շարունակության մեջ ակնարկելով նախկինների օրոք Հայաստանի մեջքին կանգնած Ռուսաստանին՝ մեղադրում է այդ երկրին այն բանում, որ մեր երկիրը չի ունեցել ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Եվ նույնիսկ բանակ, քանի որ նրանք իբրև թե ասել են, թե «ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք»:

Այստեղ կանգ առնենք ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հիշեցնենք, որ ՀՕՊ Ս300 համակարգը այդ երկրից բացի ժամանակին ուներ միայն ՀՀ ԶՈՒ-ն: Եվ եթե հայոց բանակը լիներ այնպիսին, ինչպիսին այսօր ներկայացնում է վերը նշված անձը, ապա 2016-ի ապրիլյան քառօրյայի արդյունքում Իլհամը չէր դիմի ՌԴ նախագահին, որպեսզի նրա միջոցով կանգնեցներ մեր բանակի հակահարձակումը: Հայոց բանակի հզորությունից ինքը լավ էլ տեղյակ էր, այլապես դրանից մեկ ամիս հետո ինքն իր խմբակով չէր գնա Արցախ՝ խրամատներ փորելու: Այսինքն ինչ-որ ձևով հաղթական բանակի հեղինակության գոնե ստվերի հետ առնչվելու: Պաշտպանական երկրորդ թե երրորդ գծում այդ ժամանակ խրամատ փորելն անիմաստ էր, սակայն փիառի տեսակետից վատ ակցիա չէր: Եվ վերջապես, 2020-ի օգոստոսին Տավուշի հուլիսյան դիրքային մարտի հաջողությունը Սարդարապատում չէր ներկայացնի որպես հայոց բանակի մեծ հաղթանակ: Հետաքրքիր է, եթե մեր մեջքին ոմանք կանգնած էին, ապա 2016-ի ապրիլյան և 2020-ի հուլիսյան հաջողությունները ևս նրա՞նց ուժերով է իրականացվել: Թե՞ այնուամենայնիվ հայոց բանակի զինվորի միջոցով:  

Ինչ մնում է ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա մեր ողջ ռեսուրսը դնելուն, ապա դա վերջինիս հերթական ստերից մեկն է: Տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար Արցախին հատկացնելը ինչպես կարող է բնորոշվել որպես ողջ ռեսուրսի հատկացում: Ուրիշ հարց, որ ճանապարհներ կառուցվում էին հիմնականում մայրաքաղաքում և նրա շուրջը: Եվ գումարները ոչ միայն ծախսվում էին օրինական հիմունքներով, այլև վատնվում էին: Բայց չեմ կարծում, թե այսօր վատնումներ չկան: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ԼՂՀ-ն ստեղծված էր էն գլխից, երբ 1988-ին ժողովուրդը  դուրս եկավ փողոց ու 1995-ին թշնամուն պարտադրեց զինադադար: Եվ 2016-ին էլ ոչ թե դրվել էր Արցախը թշնամուն հանձնելու հարցը, այլ ճիշտ դրա հակառակը՝ ապահովելու Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը: Եվ այդ հարցում նա կրկին պարզապես ստում է: Ինչը բնական է, քանի որ 2018-ին երիտասարդների այդ խմբակն իշխանության եկավ ստի միջոցով՝ զանգվածներին խաբելու շնորհիվ: