Սա բիզնես հանրության արձագանքն է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին

Սա բիզնես հանրության արձագանքն է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին

Պատերազմը մարդկային կորուստներից բացի նաեւ հարվածում է երկրի տնտեսությանն ու ֆինանսական համակարգին։ Կարող ենք փաստել, որ պատերազմը սկսվելուց ի վեր ադրբեջանական մանաթն ու թուրքական լիրան սկսել են արժեզրկվել, ինչը նաեւ միջազգային բիզնես հանրության որոշակի վերաբերմունքը կարելի է համարել՝ ուղղված 2 ագրեսորներին։ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ֆինանսական շուկան եւ բանկային համակարգը կայուն են, սա առաջին փորձությունը չէ, եւ առաջիկայում եւս այդ կայունությունը կպահպանվի։

- Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանն ու ֆինանսական համակարգին, հիմա 2-րդ ալիքն է՝ պատերազմի տեսքով։ Դուք այսօր առկա ռիսկերն ինչպե՞ս եք գնահատում։

- Իբրեւ կանոն՝ մեր բանկային համակարգն ավելի թեթեւ է էդ հարվածները տանում, քան տնտեսությունը։ Հիմա չեմ ուզում ավելի խորանալ, էնտեղ տնտեսական անկման սպասվող տեմպերի պարագայում, իհարկե, անկում չի ապրել։ Ցուցանիշների աճի դինամիկան գուցե ավելի թույլ լինի, քան անցած տարի, հավանաբար՝ շահութաբերության մակարդակի համեմատական նվազում լինի, բայց էլի կայուն միջավայրը պահպանվելու է։

- Բանկային համակարգը, լինելով ամուր համակարգ, պատերազմական իրավիճակում որքա՞ն կարող է ոտքերի վրա կանգուն մնալ եւ ցնցումների չենթարկվել, ռեսուրսը որքա՞ն է։

- Նայած թե ինչ պատերազմ, եթե ատոմային ռումբ ընկնի, իհարկե, ոչ մի բան էլ չի դիմանա։

- Խոսքն ա՛յս պատերազմի մասին է, որի մեջ ներքաշվել ենք մենք այսօր։

- Ես արդեն ասացի, որ այդ կայունությունը կպահպանվի առաջիկայում եւս։

- Մենք տեսնում ենք, որ այս օրերին ադրբեջանական մանաթն ու թուրքական լիրան են արժեզրկվում, մեզ մոտ դրամի դիրքերն ի՞նչ վիճակում են։

- Մեր ֆինանսական շուկան շատ ընդլայնված չէ, որ նման մտավախություններ ունենանք։ Թուրքիայի տնտեսությունը լրիվ ուրիշ է, այո, ֆինանսական շուկան ավելի զարգացած է, ներդրումների մեծ ծավալ կա, եւ ակնհայտ է, որ ներդրողները միայն էս խոսակցությունների պարագայում, որ Թուրքիային մեղադրում են, եւ Թուրքիայի դիրքորոշումը, որ ակնհայտ ագրեսիվ դիրքորոշում է զբաղեցրել, աշխարհը մեղադրում է Թուրքիային՝ վարձկանների եւ զինուժի կիրառման համար, ուստի, իհարկե, էնտեղից ներդրողների փախուստը կա։ Իսկ Հայաստանի շուկան այս իմաստով, բարեբախտաբար ասեմ, թե ինչ, բայց ո՛չ ակտիվ ներդրումների հոսք ունեինք, որ արտահոսք լիներ, ո՛չ էլ էդպես ֆինանսական շուկա ունես։

- Իսկ այս պահին մենք դրամի արժեզրկման միտում նկատո՞ւմ ենք։

- Սովորաբար այս ցնցումների ժամանակ առաջին պահին է ամեն ինչ լինում, առաջին հարվածների ժամանակ դրամը, եթե որոշակի վարքագիծ դրսեւորեր՝ բացասական միտումների իմաստով, դա կտեսնեինք։ Բայց կայուն է մնացել, նշանակում է, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունենալու։

- Իսկ այն, որ թուրքական լիրան եւ ադրբեջանական մանաթն սկսել են արժեզրկվել, դա ուղիղ պատերազմի՞ ազդեցությունն էր, թե՞ այլ գործոններ էլ են ազդել արժեզրկման վրա։

- Սովորաբար կոնկրետ մի իրադարձությունն այդպես էական ազդեցություն չի ունենում։ Ընդհանուր ֆոնը լինում է, որի ներքո այս գործողություններն իրենց կնիքը թողնում են։ Ինֆլյացիայի ընդհանուր միտումը կար Թուրքիայում։

- Այսինքն՝ սա կարելի՞ է համարել նաեւ միջազգային բիզնես հանրության վերաբերմունքը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։

- Այո, սա միանշանակ բիզնես հանրության արձագանքն է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին։