Ինչո՞ւ էր Թրամփ-Մակրոն-Պուտին հայտարարությունը ճիշտ եւ անթերի

Ինչո՞ւ էր Թրամփ-Մակրոն-Պուտին հայտարարությունը ճիշտ եւ անթերի

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այդ հայտարարությունը ռազմական գործողությունները լիցքաթափել, իհարկե, չէր կարող, քանի որ բախումները դադարեցնելու կամ թեկուզ նվազեցնելու ճանապարհը կուլիսային դիվանագիտական ճնշումներն են, ոչ թե հրապարակային հայտարարությունները: Բայց հրապարակային հայտարարությունը երաշխիք է, որ որեւէ X պահի հարկավոր ճնշումը կգործադրվի, եւ բախումները կդադարեցվեն: Ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Ադրբեջանի դատարկախոսությունը, թե իբր պատերազմելու է մինչեւ Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրում, Թուրքիայի` կողքից ձայնակցումն էլ, թե Ադրբեջանն իրավունք ունի առաջանալու, որքան կամենա կամ կարողանա, իրենք էլ կաջակցեն եւ այլն, դատարկախոսություն են: Մինսկի խմբի համանախագահող երկրներն ասում են, որ հրադադար պետք է հաստատվի, ինչը նշանակում է, որ միջամտություն լինելու է, եւ հրադադար հաստատվելու է: Ե՞րբ: Հուսանք` հաշված օրեր հետո եւ ոչ, դիցուք, մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ ոչ հիմա, երբ արդեն կան այսքան ավերածություններ եւ զոհեր: Հիմնականում երեւի թե երկու համազոր պատճառներով:

Փաշինյանը որքան արագ գիտակցի

Կարծում եմ՝ առաջին եւ որոշիչ պատճառը Նիկոլ Փաշինյանի անձն է, այդ մասին առաջիկայում կգրեմ ավելի հանգամանալից: Առայժմ այսքանն այն մասին, որ Փաշինյանը որքան արագ գիտակցի եւ ինքն իրեն խոստովանի, որ իր ուժերից վեր է իր անձի հանդեպ միջազգային արենայում որոշիչ երկրների բացասական վերաբերմունքը փոխելը, նրանց առաջնորդների հետ նույնիսկ երկխոսելը, էլ ուր մնաց բախումները դադարեցնելու գործում աջակցություն ստանալը, եւ օր առաջ դրանից բխող հետեւություններ անի ու հեռանա վարչապետի պաշտոնից` այն թողնելով իր կառավարության անդամներից մեկին (հասկանալիորեն` ո՛չ իմքայլական խմբակից, որովհետեւ նրանք իր կլոններն են` իրենից ավելի ձախողված), այնքան լավ Հայաստանի համար: Ի վերջո, Փաշինյանի մերժվածությունը միջազգային արենայում, դրա զոնդաժն ու ակնբախ հաստատումը Տավուշի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ճանապարհ բացեցին Ադրբեջանի ներկա ռազմական գործողությունների եւ Թուրքիայի տարփողվող աջակցության համար: 

Երկրորդ պատճառը․ ինչի համար, դիցուք, ՌԴ նախագահ Պուտինն անհրաժեշտություն չի տեսնում Ադրբեջանի նախագահին զանգահարելու եւ ռազմական բախումների վերաբերյալ բառ ասելու, ԱՄՆ նախագահ Թրամփը նույնպես անհրաժեշտություն չի տեսնում, որ ինքը կամ փոխնախագահը, կամ գոնե պետքարտուղարը կողմերի հետ խոսեն, Ֆրանսիայի նախագահն ավելի հետեւողական եւ նախաձեռնող է, բայց մինչ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ մտքերի փոխանակումից անցում կատարվի իրական ճնշման եւ բախումների դադարեցման, անցնող ժամանակը նոր ավերածություններ ու զոհեր կբերի, թերեւս այն է, որ եռանախագահող երկրները հոգնել են Ադրբեջանի դատարկախոսությունները լսելուց` իբր իրենք ռազմական ճանապարհով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ կվերադարձնեն: Թերեւս նույնքան էլ հոգնել են հայկական կողմի` ավելի շատ հանրային մակարդակում տարփողվող դատարկախոսությունից, թե իբր իրենք պատրաստ են պատերազմելու եւ ոչ մի դեպքում ԼՂՀ շրջակա տարածքներից էլ հող չզիջելու: 
Եթե երկու կողմերն էլ այդքան պատրաստ են պատերազմի, եւ այն իրենց վերջին ապաստանն է, ապա ինչո՞ւ թույլ չտալ, որ մի քիչ իրապես պատերազմեն, հայրենասիրության ու ռազմատենչության եթերներից իջնեն ավերածությունների եւ զոհերի իրականություն, հասկանան, որ ո՛չ Ադրբեջանն է կարողանալու ռազմի ուժով ԼՂՀ-ն գրավել, ո՛չ էլ հայերը դեպի Ղազախ կամ Գյանջա կառաջանան ու խնդիրը մեկընդմիշտ կլուծեն: Երկու կողմերն էլ ավարտելու են ավերածություններով եւ զոհերով, իսկ դա ընդունակ է շատ արագ բոլորի ոգեւորությունը մարել: Մինսկի խմբի համար շատ ավելի դյուրին կլիներ ԼՂՀ խնդիրը կարգավորել, եթե կողմերից յուրաքանչյուրն էլ ի վերջո պատրաստ չլիներ ռազմադաշտում խնդիրը լուծելու: Իսկ այժմ կողմերը բախվել են եւ վերջապես տեսնում են, որ ռազմադաշտում խնդիր չի լուծվում, միայն նոր խնդիրներ են ստեղծվում: Հասկանալիորեն, սրանից հետո կողմերի հետ ավելի դյուրին կլինի խոսել, եւ թերեւս այս տրամաբանությամբ էլ Մինսկի խմբի համանախագահները դանդաղում են կյանքի ուսուցողական դասն ընդհատել:

Էրդողանին հասցված ապտակը 

Երկրորդ կարեւոր հանգամանքը նախագահներ Թրամփի, Մակրոնի եւ Պուտինի հոկտեմբերի 1-ի հայտարարությունում անձամբ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար մեսիջն էր՝ վերջինիս կատարյալ անտեսման տեսքով: 

Էրդողանի` Սիրիայից ԼՂՀ զինյալներ արտահանելու եւ դրա շուրջ հնարավորինս մեծ աղմուկ գեներացնելու, ռազմական գործողություններում Ադրբեջանին օժանդակելու համար թուրք զինվորականներ գործուղելու, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմի դաշտում Բաքվի կողքին կանգնելու մասին ամեն օր հայտարարելու իմաստն այն չէ, որ Էրդողանը ցեղասպանության ուրվականն է վերակենդանացնում: Թուրքիան երբեք ո՛չ Հայաստանին պատերազմ է հայտարարելու, ո՛չ էլ ՀՀ տարածք է մտնելու: Էրդողանն այլ հարց է լուծում` այդ ցուցադրություններով, հայտարարություններով, ռազմա-դիվանագիտական դեբոշով նա ցանկանում էր հասնել նրան, որ երեւար որպես ղարաբաղյան կոնֆլիկտում խաղավարի կարգավիճակ ունեցող, ում հետ պետք է խոսել: Էրդողանի ակնկալությունն ու նպատակը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողքին կամ, ինչն ավելի ցանկալի կլիներ` Ֆրանսիայի փոխարեն ԼՂՀ հակամարտության կարգավորողների շարքում կանգնելն էր, իբրեւ թե Թուրքիան մի այնպիսի համաշխարհային դերակատար է, որ ռեգիոնալ հարցերն ինքն է որոշում:

Ըստ Էրդողանի՝ այո, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պատերազմել այս կամ այն փոփոխական արդյունքով, բայց, այ, միջազգային մակարդակում հարցը կարգավորելը պիտի Թուրքիային վերապահվի: Ինչ ասես… ցնորված: Մի ամիս առաջ էլ փրփուրը բերանին Հունաստանին ու Կիպրոսին էր հարձակմամբ սպառնում եւ իրեն Միջերկրական ծովի խնդիրների կարգավորող երեւակայում, մինչեւ ԵՄ պատժամիջոցների տակ ընկավ, ականջները կախեց, հորատող նավը Կիպրոսի ափերից ետ բերեց եւ համաձայնեց բանակցությունների: Այժմ էլ ղարաբաղյան ուղղությունում այդքան դեբոշից, ինքնացուցադրությունից, ռեժիսուրայից, իրեն իրադարձությունների հիմնական խաղավար ներկայացնելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Էրդողանին ոչնչացնող ապտակ հասցրին` հայտարարության մեջ Թուրքիային ոչ մի առումով առհասարակ չհիշատակելով` ասես Անկարան ինչպես գոյություն չունի ղարաբաղյան խնդրում, այնպես էլ մինչեւ հիմա գոյություն չի ունեցել։ 

Անկարայի գործողությունները կարող են հիշատակվել, քննադատվել, պատժվել այլ` քաղաքական, քրեական հարթություններում, բայց ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային հարթությունում Թուրքիա գոյություն չունի եւ ներկա իրադարձությունների արդյունքում չի էլ ունենալու: Դրանի՞ց էլ դաժան հարված Էրդողանին: Դրա համար էլ հայտարարությունը դեռ չընդունված՝ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում այդ հայտարարության դեմ էր ճառում:
Եվ վերջինը, ինչն ինձ կարեւոր է թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում․ դա երեք համանախագահ երկրների պատրաստակամությունն է՝ կարգավորումը նույն ֆորմատով շարունակելու: Դա նշանակում է, որ բոլոր մյուս երկրները, այդ թվում՝ Թուրքիան, կարող են մնալ տեղերում: Նրանցից ոչ ոք չի հրավիրվում խնդրի կարգավորմանը խառնվելու: Նման դիրքորոշումը բացառիկ կարեւոր է, որովհետեւ ապահովագրում է ղարաբաղյան խնդիրը շուկայի վերածվելուց եւ անլուծելի դառնալուց, ինչպես, դիցուք, Սիրիայի դեպքում եղավ: