Ինչու բռնապետության խստացումը Հայաստանում այլընտրանք չունի 

Ինչու բռնապետության խստացումը Հայաստանում այլընտրանք չունի 

Փաշինյանն իշխանությունը պահելու համար այլ տարբերակ չունի, քան բռնապետության խստացումը, ինչի ուղղությամբ էլ հաստատուն քայլերով շարժվում է: Արդար չի լինի նրան մեղադրել բռնապետական հակումների մեջ, նա ընդամենը առաջնորդվում է ինքնապահպանման բնազդով՝ հասկանալով, որ իշխանության կորուստը նշանակում է սեփական անձի կործանում: Ժողովրդի աջակցությամբ նա այլեւս չի կարող իշխանություն պահել, քանի որ չունի այդ աջակցությունը, մնում է իշխանությունը պահել բռնության` քաղաքական հակառակորդներին կալանավորելու, խոշտանգելու, հանրային դժգոհությունը ոստիկանական ուժերով լռեցնելու եւ կասեցնելու մեթոդով: Իսկ դժգոհությունը գնալով մեծանալու է՝ կապված նաեւ տնտեսական վիճակի վատթարացման հետ: 

Ընդհանրապես, Հայաստանի նման աղքատ հասարակություններում հնարավոր չէ կառուցել արեւմտյան տիպի ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը հարուստ եւ զարգացող պետությունների մենաշնորհն է, աղքատ եւ սոված երկրում կարող է գոյություն ունենալ միայն բռնապետություն: Միայն հարուստ եւ զարգացող հասարակության պայմաններում է, որ իշխող էլիտան իրեն կարող է թույլ տալ ազգային հարստության «ավելցուկից» որոշակի բաժին հանել նաեւ հասարակության այլ անդամներին, աղքատ հասարակության մեջ ազգային հարստությունը բաշխվում է իշխող էլիտայի միջեւ, եւ հասարակության շարքային անդամներին ոչ միայն դրանից բաժին չի հասնում, այլեւ իշխող էլիտան ձգտում է իր հարստությունն ավելացնել աղքատների հաշվին: Աղքատները չեն կարող գոհ լինել իրենց վիճակից, իսկ նրանց դժգոհությունը լռեցնելու միակ ձեւը մնում է բռնությունը: Որքան աղքատ է երկիրը, այնքան մեծ է դժգոհությունն իշխողներից, այնքան ավելի մեծ բռնություն է պահանջվում այդ դժգոհությունը ճնշելու եւ հնազանդեցնելու համար:

Ժամանակակից արեւմտյան տիպի ժողովրդավարություններն առաջացան կապիտալիզմի հաստատմանը զուգահեռ, երբ արեւմտյան երկրներում առաջացավ միջին խավ: Միջին խավը, ունենալով սոցիալական ապահովության որոշակի մակարդակ, այնքան էլ հետաքրքրված չէր, թե ով է երկրում իշխանության, մանավանդ որ ժողովրդավարական կառավարման մոդելը երկրում իշխանության ձեւավորմանը եւ երկրի կառավարմանը մասնակցելու երեւութականություն է ապահովում, չնայած իրականում իշխանությունը ձեւավորում են խոշոր կապիտալի ներկայացուցիչները, եւ իշխանությունն առավելապես սպասարկում է հենց նրա շահերը: Բայց քանի որ հասարակության մի զգալի հատվածը գոհ է իր կյանքից ու կենցաղից, նրանց առանձնապես չի հետաքրքրում՝ իշխանությունը հանրապետականների՞ ձեռքում է, թե՞ դեմոկրատների, պահպանողականների՞, թե՞ սոցիալիստների: Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ:

Վերջին մի քանի տարիները Փաշինյանի իշխանության պահպանման համար բարենպաստ էին, որովհետեւ, արտաքին մի քանի գործոններով պայմանավորված, Հայաստանում սկսվեց ֆինանսական ռեսուրսի ներհոսք, ինչի արդյունքում երկրում ձեւավորվել է մի խավ, որը գոհ է իր կյանքից ու կենցաղից. նրանց նյութական հնարավորությունները մեծանում են, հարստությունը՝ աճում: Մարդիկ տարակուսում էին, թե ինչպես է հնարավոր Արցախի հանձնման կամ Հայաստանի անվտանգությանը սպառնացող նման մարտահրավերների առկայության պայմաններում նման լոյալություն իշխանության նկատմամբ։ Պատասխանը շատ պարզ է. մարդկանց մի հսկայական շերտ այդ նույն ընթացքում հարստանում էր, եւ չնայած Արցախի կամ Հայաստանի որոշ տարածքների հանձնմանը, նրանց նութական վիճակը բարելավվում էր: 

Հիմա իրավիճակը փոխվում է. Հայաստանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, քանի որ աճի արտաքին ազդակները կա՛մ նվազում են, կա՛մ ընդհանրապես վերանում են: Ռուս ռելոկանտների մեծ մասը հեռացել է Հայաստանից, Ռուսաստան վերարտահանման տեմպերը նվազել են, պերմանենտ նախապատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող գրավիչ լինել տուրիզմի համար, կապիտալի արտահոսքի աճը շարունակվում է. մարդիկ իրենց ունեցվածքը չեն ցանկանում պահել մի երկրում, որտեղ ամեն վայրկյան այդ հարստությունը կարող է հայտնվել Փաշինյանի ուշադրության կենտրոնում, եւ իրենցից կարող են փայ պահանջել այդ հարստությունից կամ ընդհանրապես ունեզրկել:

Փաշինյանը հասկանում է, որ տնտեսական վիճակի վատթարացումը կարող է բերել դժգոհության ալիքի աճի, դրա համար ցանկանում է հնարավորինս փոքրացնել եւ վերացնել հանրային ազատությունները՝ ավելի հեշտորեն ճնշելու դժգոհության ու անհնազանդության ցանկացած դրսեւորում: Ոստիկանական նորանոր կառույցների, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ստեղծման պլաններն ուղղված են բռնության մեքենայի կատարելագործմանը եւ ուժեղացմանը: Ընտրության արդյունքների մանիպուլյացիան, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները, տարբեր ընդդիմադիր կուսակցությունների եւ դրանց առաջնորդների դեմ հարձակումները նպատակ ունեն ստեղծել վախի, գործող իշխանության ապօրինությունների հետ համակերպվելու մթնոլորտ:

Փաշինյանը կարողացավ իր իշխանությունը պահել Արցախը եւ Հայաստանի որոշ տարածքներ հանձնելուց հետո անգամ, բայց նա կարող է այդ իշխանությունը կորցնել, երբ լավ կյանքի սովորած մարդիկ համոզվեն, որ իրենց նյութական վիճակն օրեցօր վատթարանում է, եւ դրա մեղավոր կարգեն Փաշինյանին, ով ոչ միայն ոչինչ չի անում երկրի զարգացման համար, այլեւ եղած սուղ ռեսուրսն էլ բաշխում է իր եւ իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների միջեւ, իրենք աղքատանում են, իսկ կյանքը վայելում եւ հարստանում է միայն իշխանական էլիտան:

Ավետիս Բաբաջանյան