Զախարովայի խուսափողական մեկնաբանությունն ուշագրավ է

Զախարովայի խուսափողական մեկնաբանությունն ուշագրավ է

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հնչեցված հարցին տվել է խուսափողական պատասխան։ Նա մասնավորապես ասել է, որ բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրների մասնակցությամբ, համապատասխանաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից։ Զախարովան նաեւ ասել է, որ, ըստ բանակցային արդյունքների, երբ կողմերն անեն համապատասխան հայտարարություններ, եւ յուրաքանչյուրն արտահայտվի, հնարավոր կլինի տպավորություն ձեւավորել, եւ հնարավոր է՝ դա ռուսական կողմին իրավունք տա՝ մեկնաբանելու։ Բայց դա ավելի ուշ կարվի։ Զախարովայի այս խուսափողական պատասխանը մի փոքր զարմանալի է։ Ռուսաստանը մշտապես բացասական վերաբերմունք է ունեցել ղարաբաղյան հարցին Արեւմուտքի ու հատկապես ԱՄՆ ցանկացած միջամտությանը եւ նմանատիպ որեւէ միջամտության առնչությամբ չի զլացել հնարավորինս խտացված բացասական էպիտետներով գնահատականներ հնչեցնել։ Սակայն այս անգամ կարծես թե ինչ-որ բան այլ կերպ է դասավորվել, որ Զախարովան, մեղմ ասած, «ցրողական» պատասխան է տալիս։
Դա կարող է ունենալ մի քանի պատճառ։

Նախ, հնարավոր է, որ Մոսկվան չի ուզում այժմվանից գնահատականներ հնչեցնել, հաշվի առնելով, որ Վաշինգտոնից հետո Մոսկվայում են հանդիպելու նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը։ Գուցե Մոսկվան առայժմ լռություն է պահպանում՝ «թեւքում պահելով» ինչ-որ հաղթաթուղթ, որը «խաղի մեջ կմտցնի» վաշինգտոնյան հանդիպումից հետո, օրինակ՝ մոսկովյան սպասվող հանդիպման ժամանակ, կամ այլ հանգրվանի ու սպասում է, այսպես ասած, «իր աստեղային ժամին»։ Իհարկե, կարող են այլ պատճառներ էլ լինել, սակայն ինչ էլ որ լինի, ուշագրավ է, անշուշտ, մշտապես ընդգծված հակաարեւմտյան արտահայտություններով աչքի ընկնող ՌԴ ԱԳՆ խոսնակի արտահայտած խուսափողական, զուսպ ու նաեւ «բալանսավորված» պատասխանը։