Օ, ժամանակներ, օ, բարքեր

Օ, ժամանակներ, օ, բարքեր

Ֆեյսբուքն ու հեղափոխությունը փչացրին մեր ժողովրդին: Նրան թվաց, թե սանձարձակությունն ազատություն է, հայհոյախոսությունը` համարձակություն, խելացիներին ու կրթվածներին վիրավորելը` ժողովրդավարություն, իմացած-չիմացած բաների մասին պրոֆեսորի տոնով կարծիք հայտնելը, անպոչ գդալի նման ամեն տեղ քիթը խոթելը, սեփական կարողություններից եւ ունակություններից վեր պաշտոն զբաղեցնելը, հնուց աշխատող պրոֆեսիոնալներին նախկին անվանելն ու հալածելը` նորմալ երեւույթ:

Համացանցում լատինատառ սեռական հայհոյանքներ գրելը, վերջին խուլիգանի նման պահելն այլեւս ոչ մեկի զարմանքը չեն հարուցում: Կյանքում ոչինչ չարած-չստեղծած մի համբակ կարող է հեգնել ու նախատել տարիների վաստակ ունեցող, ճանաչված, հարգված մարդկանց, եւ այդ մարդիկ դրա դեմ պայքարելու որեւէ միջոց չունեն: Նրանց գրագիտությունն ու պարկեշտությունը թույլ չեն տալիս այդ խուլիգաններին համարժեք պատասխան տալ, եւ դեռ հարց է` նրանց հետ վեճի բռնվելն ու պատասխանելն ինչքանով են արդարացված ու համարժեք: Ոչնչությունները դարձան ամեն ինչ, արժեք, ու որակ ունեցող մարդիկ լռեցին, քաշվեցին մի կողմ` ասպարեզը զիջելով հասարակության ստորին ու տգետ խավին:

Եվ այս դեգրադացիան, ողբերգությունը, գահավիժումը սկսվեցին հատկապես 2018-ից հետո, երբ զրո կենսագրությամբ եւ գիտելիքով մարդիկ հանկարծ հայտնվեցին պատասխանատու պաշտոններին ու կարգավիճակում` տարբեր թափթփուկների մոտ առաջացնելով հույս, որ մի օր էլ իրենց փողոցում տոն կլինի: Մարդկանց մեջ թաքնված ի բնե նախանձը գլուխ բարձրացրեց` չէ՞ որ եկել է հարուստներին ու կայացածներին տրորելուց հաճույք ստանալու պահը, ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից: Կրթությունն ու փորձը, գիտելիքն ու դաստիարակությունը մղվեցին հետին պլան` մոդայից դուրս եկան: