Երեք արգելակ

Երեք արգելակ

Մի կողմից՝ առաջնորդների, հերոսների, ինչու չէ՝ նաեւ կուռքերի պակաս ունենք։ Ամենուրեք, ամեն ոլորտում եւ հատկապես քաղաքականության մեջ չկան կամ շատ քիչ են այն մարդիկ, որոնք ունակ են հասարակությանն առաջնորդելու։

Հեղինակություններն ու հերոսներն էլ են սակավ, իսկ երիտասարդ սերնդին հերոսների օրինակով են կրթում, ու հասարակությունը հեղինակությունների խոսքին է ենթարկվում։ Բայց, մյուս կողմից, ունենք մեր իսկ ձեռքով կերտած կեղծ հեղինակություններ ու կուռքեր, որոնց ձեռքը կրակն ենք ընկել, եւ նրանք, կարելի է ասել, խանգարում են մեր զարգացմանն ու առաջընթացին։ Օրինակ, նման արհեստական հեղինակություններ են մեր երեք նախկին նախագահները, որոնց հեղինակություն են դարձրել ոչ թե իրենց խելքն ու շնորհքը, այլ՝ զբաղեցրած պաշտոնը։ Նախագահի, անգամ նախկին նախագահի, կարգավիճակն այնպես է կաշկանդել ու հիպնոսացրել մարդկանց, որ նրանց շրջապատում ոչ ոք չի համարձակվում ինքնադրսեւորվել։ Նրանց երեքի խոսքն ու վարքն էլ անվերապահ ընդունվում են եւ քննարկման ենթակա չեն, անգամ եթե նրանք սխալներ են թույլ տալիս։ Եվ դա է պատճառը, որ այդ սխալներն անելիս նրանց ձեռքը բռնող, սթափեցնող չի եղել։

Պաշտոնավարումից հետո էլ նրանք չեն կարողացել հաշտվել նախագահի պաշտոնից հեռանալու եւ ընդդիմություն դառնալու փաստի հետ ու էքս-նախագահի կարգավիճակում էլ շարունակել են ապրել ու գործել նախագահական ամբիցիաներով՝ խանգարելով իրենց շրջապատող մարդկանց իրական ընդդիմություն դառնալուն։ Նրանք, ըստ էության, դարձել են իրենց թիմակիցների ու մերձավորների առաջխաղացման արգելակը։ Նրանց թիմերում այլ առաջնորդի հարց երբեւէ չի էլ քննարկվել։ Եվ ստացվում է, որ այդ կախարդանքից երեքի թիմն էլ կազատվի միայն այն ժամանակ, երբ նրանք կավարտեն իրենց երկրային կյանքը։