Այդ շենքերն ո՞ւմ են տալու վարձակալության՝ թուրքական կապիտալի՞ն

Այդ շենքերն ո՞ւմ են տալու վարձակալության՝ թուրքական կապիտալի՞ն

Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը մեծապես քննարկվեց ու քննադատվեց վերջին շրջանում: Ինչպես հայտնի է, ցանկում ներկայացված են այն 5 հիմնական ուղղությունները, որոնցով տարվելու է գործընթացը։ Դրանք են՝ արվեստների, կրթական, բժշկական, տեխնոլոգիական եւ դասական ուղղությունները։

Սակայն մինչ այդ ԳԱԱ-ն իր համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա 76 էջանոց փաստաթուղթ է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել հայտնի փաստաթուղթը, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, եւ ստեղծված են աշխատանքային խմբեր։ Սակայն այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել, ավելին՝ ակադեմիական ինստիտուտների առաջարկները եւս չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այս հանգամանքն ու ընդհանուր անհանգստությունը ստիպեց, որպեսզի օրերս ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով հրավիրի՝ օրակարգում ունենալով ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Արդեն ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ցավով արձանագրեց, որ ոչ մի քննարկումներում ակադեմիան ներգրավված չէ, քանի որ նեղ շրջանակներում ասվել է, որ դա ակադեմիայի գործը չէ։

Ավելին, ինչպես նշեցին մի շարք ինստիտուտների տնօրեններ, կառավարությունն իրենց հետ ուլտիմատումներով է խոսում եւ մինչեւ 2027թ․ հունվարի 1-ն իրենց ժամանակ է տվել՝ մտածել այս խոշորացման ուղղությամբ, այլապես 2027թ․ հունվարի 1-ից պետությունը չի ֆինանսավորելու ակադեմիական համակարգում գտնվող ինստիտուտները, իսկ մինչ 2027 թվականն էլ, որպես «պատժիչ գործիք», կիրառելու է գիտնականների ատեստավորման կարգը, ինչը բարդ ընթացակարգ է, որը շատ քիչ գիտնականներ են ի զորու հաղթահարել։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը չի հավատում, որ ակադեմիական քաղաք լինելու է, չնայած հայտարարվել է, թե անգամ տրամվայ է գործելու դեպի ակադեմիական քաղաք․ «Ամեն ինչի մասին խոսում են, որ բոլոր պայմաններն արդեն կան, տրամվայ է լինելու եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում, թե քանի միլիարդ եվրո կամ դրամ է արժենալու այն Հայաստանի համար, եւ որտեղից է այդ գումարը մեր կառավարությունը վերցնելու։ Աշխարհում չկա փոքրիշատե մեծ քաղաք, որտեղ մշակութային, գիտական կենտրոններ չլինեն, քաղաքն այդ քայլով որակազրկում են, եւ Երեւանն էլ դառնա 17-րդ դարի Երեւան, որտեղ չկա մի գիտակրթական, մշակութային կենտրոն։ Չի լինում այդպես, աշխարհում չկա նման պրակտիկա, չեմ հասկանում՝ ինչու եւ ինչպես են այդպես որոշել, ու նորից եմ ասում՝ այդքան գումար որտեղի՞ց են վերցնելու, որովհետեւ ահռելի գումարների մասին է խոսքը։ Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ եք քաղաքը հոգեզրկում, եթե մշակութային, գիտական հիմնարկներ քաղաքում չլինեն, այդ քաղաքը քաղաքը չէ։ Բացի այդ, Երեւանի կենտրոնում արդեն կենտրոնացված էր այդ ակադեմիական քաղաքը, ինչո՞ւ են ուզում եղածը քանդեն ու նոր ակադեմիական քաղաք սարքեն։ Ընդ որում՝ մի քանի շենք հենց Թամանյանի նախագծով է կառուցված՝ բժշկականի, պոլիտեխնիկի, համալսարանի հին շենքերը՝ իրենց հանրակացարաններով, բուժկետերով։ Բա դա կենտրոնացված ակադեմիական քաղաք չէ՞ր։ Երազային մի քաղաքի մասին են խոսում, որտեղ ամեն ինչի մասին խոսում են, բացի փողից»։   

Վարչապետը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ բուհական, գիտական համակարգում գտնվող շենքերը պետք է տրվեն վարձակալության, եւ դրանց գումարներն էլ ուղղվեն ակադեմիական քաղաքի կառուցմանը։ «Լավ, բայց այդ շենքերն ո՞ւմ են տալու վարձակալության, ո՞ր հայ բիզնեսմենն է ի վիճակի լինելու այդ շենքը վերցնել, ըստ երեւույթին՝ նպատակ ունեն այդ շենքերը տալ իրենց սիրելի թուրքական կապիտալին՝ թուրք բիզնեսմեններին, ոչ մի հայ բիզնեսմեն այդ շենքերը չի վերցնելու կամ վարձակալելու»։   

Ի՞նչ նպատակ է հետապնդում պետությունը, երբ ունենք նման անվտանգային խնդիրներ, էլ չխոսենք այն մասին, որ, ռազմավարական ու անվտանգային նկատառումներից ելնելով, անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը։ «Միանգամայն ճիշտ նկատառումներ են, բայց, ցավոք, եթե մի բան կառավարությունն է ասում, ուրեմն այդպես էլ կանի, մենք թող անընդհատ ասենք՝ սխալ է, միեւնույն է՝ իրենք անում են այն, ինչ ուզում են, կառավարությունը ոչ մեկին չի լսում։ Երեւի մշակված ծրագիր է, այն էլ՝ հակահայկական, թե ինչու, ինչ պատճառով՝ դժվար է ասել, դա ժամանակը ցույց կտա»,- ասում է Լ․ Հովհաննիսյանն ու նշում, որ իրենց՝ Լեզվի ինստիտուտում չի ճանաչում մի գիտնականի, ով կողմ է այս ծրագրին ու կարծում է, որ համակարգը կշահի այդ խոշորացումից։

Մի կողմից՝ պետությունը բարձրացնում է գիտնականների աշխատավարձը, մյուս կողմից՝ խստացնում գիտական ատեստավորման պահանջները, որոնք, շատերի կարծիքով, անհաղթահարելի խնդիրներ են՝ դրված գիտնականների առաջ․ «Այո, աշխատավարձը բարձրացրել են, բայց հիմա նոր պայմաններ են դրել, իսկ պայմանները խստացրել են, որ, օրինակ, հոդվածները տպագրվեն արտասահմանյան հանդեսներում, ինչը նախ բավականին թանկ արժե, հետո՝ հաճախ նրանք ընդունում են իրենց ուզած հոդվածները, այսինքն՝ ոչ բոլոր հոդվածներն են ընդունում։ Օրինակ, մի քանի օր առաջ լսեցի, որ համալսարանականներից մեկն իր հոդվածն ուղարկել է Թուրքիա, այնտեղ տպել են․․․ դա սխալ որոշում է հենց մայրենի լեզվի հանդեպ, մեզ մայրենի լեզվով գրականություն է պետք։ Հետո՝ մի ուրիշ հանգամանք էլ կա․ այդ հոդվածները, որ անգլերենով գրվեն, ո՞վ է դրանք կարդալու արտասահմանում, էլի կարդալու են մասնագետները, որոնք գալիս են այստեղ, հայերեն զեկուցումներ են կարդում ու մեզ հետ մտքեր են փոխանակում։ Այսինքն՝ այս պահանջն էլ հիմնավորված չէ, որ անպայման գիտական հոդվածները պետք է տպել դրսի օտարալեզու հանդեսներում։ Հետո՝ տերմիններ կան, որ նրանք չեն էլ կարող թարգմանել։ Սրա արդյունքում հայագիտությունը ոչ միայն կտուժի, այլեւ հայագիտություն այլեւս չի մնա»։

ԳԱԱ թղթակից անդամը չգիտի, թե որն է այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը, միայն նորից է ընդգծում․ «Թե՛ կառավարությունը, թե՛ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում միայն հակահայկական ծրագրեր են անում, չգիտեմ՝ դա մտածվա՞ծ է, թե՞ պարզապես տգիտության արդյունք է, ամեն դեպքում համոզված եմ՝ այդ քաղաքը չի լինելու, որովհետեւ մեր երկրի ուժը չի պատելու դրա համար, քանի որ այն միլիարդների, տրիլիոնների ծախս է պահանջելու»։