Ոնց որ Տեղ գյուղը առաջինն է, որ տարածք է հանձնվում․․․

Ոնց որ Տեղ գյուղը առաջինն է, որ տարածք է հանձնվում․․․

Տեղ գյուղից եք անընդհատ խոսում, որ տարածքներ են նվիրաբերվել, հարց չտալով՝ իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերից որի՞ց տարածք չի պոկվել, որի՞ց արոտավայրեր, դաշտեր չեն ծվատվել։ 

Այս հարցը բարձրացնում եմ նրա համար, որովհետև մամուլում և օնլայն հարթակում անընդհատ գրում, ահազանգում են, թե հիմա էլ Արցախից չէ, Հայաստանից է տարածքներ հանձնվում․ ինչու՞ չեք խոսում, ինչու՞ ոտքի չեք կանգնում։ Այնպիսի տպավորություն է, թե Տեղ գյուղն առաջին գյուղն է, որի տարածք առանց դիմադրության ներխուժել են ադրբեջանցիք։ Ժողովուրդ ջան, դուք քնած, ձեր ոտքերը ջրի մեջ են, գիտե՞ք։ Կապիտուլյացիայից հետո, թե ինչ համաձայնություն է կայացվել, ամեն ժամ ու օր Հայաստանից տարածքներ են հանձնվում։ Մենք մեր տարածքներից հետ- հետ գնալով, ու՞ր ենք հասնելու։ Տեղ գյուղի շարունակությունն է Արավուս գյուղը։ 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցիները մոտ 70 հեկտար տարածք վերցրին Արավուսից՝ վարելահողեր, արոտավայրեր։ Թշնամին այդ տարածքներում ամրակայվեց, մարտական դիրքեր տեղադրեց ու հիմա քիթ քթի են արավուսցիներն ու ադրբեջանի մարտական դիրքերը։ Հասկանու՞մ եք, որ մարտական այդ դիրքերը ռումբեր են, որոնք ժամանակի հետ պայթելու են։ Վերիշեն համայնքը վերցնենք։ Այն շատ մոտ է Սև լճի տարածքին։

Ադրբեջանցիները 2021-ին Սև լճի տարածքն են, «սեփականաշնորհել» առաջխաղացել։ Ինչպես Տեղ գյուղի դեպքում, այդ ժամանակ էլ ասվում էր, որ բանակցում են։ Բանակցության արդյունքը եղել է այն, որ թշնամին մարտական դիրքերը ամրակայել, խորացել է։ Վերիշենն ու Ակները իրար կպած գյուղեր են, Ակների ուղղությամբ է թշնամին խորացել։ 2021 թվականին Ակների գյուղապետն ասում էր, որ մոտ 500 մետր խորացել են, բանակցություններ են գնում․․․ Ի՞նչ եղավ «միայն վերևում» գիտեն։ Գորիս քաղաքը Ակներից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Իշխանասարում թշնամին դիրքավորվեց, վերահսկում է Սյունիքը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։

Որոտանին անցնենք, Շուռնուխին, Խոզնավարին, Վաղատուրին, Խնձորեսկին, Կորնիձորին, Կապանի մայրուղուն, Կապանի գյուղերին, Վայքին, Սիսիանին, Ջերմուկից չեմ խոսում։ Ինչ եմ ուզում ասել։ Կա՞ սահմանամերձ որևէ որևէ գյուղ, որն ամբողջական է մնացել, որտեղից ինչ որ բան չի պոկվել։ Եթե կա, սպասեք նաև ձեր ապագային։ Այդքանով հանդերձ ո՞նց եք կարողանում ասել, թե Տեղ գյուղն էլ Հայաստան է, ինչու՞ չեք բողոքում։ Այնպիսի տպավորություն է, որ Տեղ գյուղը Հայաստանի առաջին գյուղն է, որտեղ ոտնձգություն է կատարվում։ Հայաստանը ականների վրա է, գոնե պատկերացնու՞մ եք։ Եթե այդ ականները, դեռ չեն պայթում, դա չի նշանակում, որ չեն պայթելու։ Մենք կամավոր հանձնվում ենք, գոնե դա պատկերացնու՞մ եք։ Ու ամեն հանձնվելուց հետո մեզ, «սփոփում են»՝ բանակցություններ են գնում․․․