Իշխանություններն այսօրվանից նորից կքայլեն

Իշխանություններն այսօրվանից նորից կքայլեն

Այսօրվանից իշխանությունը սկսում է սահմանադրական հանրաքվեի ակտիվ քարոզչությունը։ Սկզբում այն, այսպես կոչված, ցանցային բնույթ կկրի, ռեյտինգային պատգամավորները կբաշխվեն իրենց մարզերում, եւ յուրաքանչյուրն իր կուրացիայի տակ գտնվող համայնքներում քարոզչություն կիրականացնի։ Հաշվի առնելով Հայաստան ներթափանցած կորոնավիրուսը, պլանավորել են հանդիպումներն անցկացնել բացօթյա, պատգամավորները, մարզպետները կշրջեն համայնքից համայնք, հանդիպումներ կունենան տեղի բնակչության հետ։ Երեկ մենք  գյուղերից տեղեկություններ ենք ստացել, որ իշխանության «տասովշչիկներն» արդեն մի քանի օր է՝ գործի են անցել, որպեսզի հանդիպումներին իշխանությանն աստվածացնող մարդիկ «պատահաբար» այդ ժամին հայտնվեն փողոցներում եւ զրուցեն քարոզիչների հետ, քանզի մարդաշատ միջոցառումներից խուսափելու են եւ բազմամարդ հավաքներ չեն կազմակերպելու։

Դեռեւս փետրվարի 26-ին հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից եւ տեւելու է մինչեւ ապրիլի 3-ը։ 

«Այո»-ի ակտիվ քարոզչության մեկնարկը, սակայն, մարտի 2-ից չտրվեց, քանզի գարնան առաջին օրը սկսվեց կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու բոթով։ 

Չնայած իշխանական պատգամավորները չէին խոստովանում եւ հավաստիացնում էին, թե դեռ շտաբները նախապատրաստական փուլում են, քարոզչանյութեր են պատրաստում՝ բուկլետներ, պաստառներ եւ այլն, բայց քարոզարշավի հետաձգումը պայմանավորված է եղել վիրուսի ներթափանցմամբ։ Հիմա էլ իշխանությունները հասկանում են, որ վտանգը չի նահանջել, սակայն չեն կարող քարոզարշավ ընդհանրապես չանել, ուստի պլանավորել են առաջիկա շաբաթը քարոզչությունը թողնել անհատների հույսին, իսկ արդեն մյուս շաբաթ ավելի ակտիվ քարոզչություն իրականացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ի դեպ, Պապիկյանը դեռեւս իր ասուլիսին հայտարարել էր, որ մեկնարկը տրվելու է Սյունիքից, ամենայն հավանականությամբ՝ մարտի 10-ին Փաշինյանը կմեկնի Սյունիք,  քարոզչությունն իրականացնելու է Մեղրի քաղաքից, այնուհետեւ շրջելու է մարզում: Նա կարճատեւ արձակուրդ կվերցնի եւ մի քանի օր կմնա Սյունիքում։