«Հրապարակ». Կրեմլում զարմացած են Փաշինյանի հավաքած ձայներից

«Հրապարակ». Կրեմլում զարմացած են Փաշինյանի հավաքած ձայներից

Ռուսաստանաբնակ լրագրող եւ հայտնի հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը կանխատեսում է, որ Երեւանի քաղաքապետ է լինելու Հայկ Մարությանը։ «Սա Փաշինյանի ավարտի սկիզբն է»,- «Հրապարակին» տված բլից-հարցազրույցում այսպես բնութագրեց հայտնի գործիչն «այն, ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններում»։ 

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունն այդքան ձայն հավաքեց եւ փաստացի մտավ հնգյակի մեջ։ 

- Վազգենի եղբոր շուրջ հավաքվել են ամենակարկառուն պրոթուրքականները։ 

- Եվ տարօրինակ չէ՞, որ այդքան ձայն ստացան։ 

- Կարծում եմ՝ հիմա միայն մեկ կարեւոր խնդիր կա՝ Փաշինյանի վերջը տալը։ Իսկ հայերը դավաճաններ միշտ էլ ունեցել են։  

- Ինչպե՞ս եք պատկերացնում «Փաշինյանի վերջը տալը», ենթադրենք՝ քաղաքապետ է դառնում Հայկոն։ 

- Քաղաքագլուխը ոչինչ չպետք է անի։ Նա միայն պետք է ապրի` պահպանելով օրենքը։   

- Կառավարությունը միշտ էլ ունի լծակներ ու հնարավորություն՝ պարալիզացնելու քաղաքապետի գործունեությունը։ 

- Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, եւ նա վաղ թե ուշ դուրս է գալու։ Կարծում եմ՝ Փաշինյանին եւ նրա կնոջը սպասվում է Չաուշեսկուի ընտանիքի ճակատագիրը։ 

- Ձեզ համար այս ընտրություններում եղա՞ն անակնկալներ։ 

- Միակ անակնկալն այն էր, որ Երեւանում այդքան շատ դավաճան կա։ 

- Իսկ փոքր մասնակցությունը, Դոգի ֆենոմենը․․․ Զարմանալի չէի՞ն։ 

- Ախր, դա ֆենոմեն չէ։ Նա հստակ հասկանում է, թե ինչ է ուզում ժողովուրդը։ 

- Իսկ ինչո՞ւ Մարությանն այդքան ձայն ստացավ։ 

- Նրան ժողովուրդը համարում է լավ տնտեսվարող։ 

- Ո՞րն է այս ընտրության դասը։ 

- Հիմա հասկանալի է, որ Երեւանում 25-30 հազար դավաճաններ կան, եւ սրանից պետք է ելնել։ Եթե հիմք ընդունենք այն սխեման, որ 5 տոկոսը պասիոնարներն են` գաղափարի նվիրյալները, ապա ամենաակտիվ դավաճաններն առավելագույնը 1500 հոգի են։ Բայց ես կարծում էի, որ նրանք մաքսիմում 500-ն են։ 

- Բայց կան նաեւ հիասթափվածներ, թոհուբոհից հոգնածներ․․․ Նրանք ՔՊ ընտրած մոտ 75 հազարի մեջ շատ-շատ են։ 

- Մնացածը համակիրներն ու հոգնածներն են։ 

ՀԳ․ Արամ Գաբրիելյանովը վստահեցնում է՝ Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չի կարողացել 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, եւ Կրեմլի այն թեւը, որը համոզում էր երկրի ղեկավարությանը, որ Փաշինյանը դեռ ուժեղ է, ամոթով մնաց, իսկ ռուս ուժայինները գոհ են։