«Հրապարակ». Չեմ կիսում այն միտքը, որ թող Նիկոլը գնա, ով ուզում է՝ գա

«Հրապարակ». Չեմ կիսում այն միտքը, որ թող Նիկոլը գնա, ով ուզում է՝ գա

Երեւանում կայացած ընտրությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունների արդյունքները։

- Չնայած մեծ ադմինիստրատիվ ռեսուրսին, ողջ պետական ապարատի աշխատանքին, շատ դեպքերում՝ խախտումներին, որոնք արձանագրել էին անկախ դիտորդները, գահավիժեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ այն կանգնեցնել անհնար է։ Մի բան է ակնհայտ՝ Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանում իշխանություն։ Սա նոր չէ, ՔՊ-ն ե՛ւ Վանաձորում է պարտվել, ե՛ւ Սյունիքի մի շարք համայնքներում, ե՛ւ Բերդում, ե՛ւ Ալավերդիում, ե՛ւ Մասիսում, ե՛ւ Գյումրիում` շատ են օրինակները։ Ճիշտ է` մի շարք համայնքներում կոալիցիաներ կազմեցին, մի տեղ հաղթած թեկնածուին են կալանքի տակ պահում, բայց ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը Հայաստանում չունեն բնակչության վստահությունը, Երեւանի ընտրությունների արդյունքներն ասածիս վառ ապացույցն են։ Համեմատության համար ասեմ, որ 2018-ին 294 հազար են հավաքել, 2021-ին՝ 191 հազար` խորհրդարանական ընտրություններին, այս ընտրություններին՝ 75 հազար։ 2017-ին, երբ նոր էր «Ելք» դաշինքը, Երեւանի ավագանու ընտրություններում իրենք ստացել էին 70 հազար ձայն, որը նախահեղափոխության մակարդակին է։ Շատ կարեւոր էր, որ հասարակությունը բավականին պասիվ էր։ Ճիշտ է` ՔՊ-ն սա փորձում է ներկայացնել՝ իբրեւ մարդիկ չեն գնացել ընտրության, քանի որ համոզված են եղել, թե ՔՊ-ն հաղթելու է, դա մեծ սուտ է։ Այսկերպ հասարակությունը ցույց տվեց, որ ունի ընդդիմադիր հայացքներ, եւ պարզապես չմասնակցեց։ 71%-ի 91%-ը հականիկոլական զանգվածն է։ Նիկոլ Փաշինյանի վերջին միտինգից էր պարզ, որ իրենք Երեւանում չունեն աջակցություն։ Միտինգին ներկա է գտնվել 4 հազար 800 մարդ, այն էլ՝ գյուղերից բերված, իսկ սեպտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հավաքվել էր 10 600 մարդ։ Այսինքն՝ ընդդիմությունը սեպտեմբերի 2-ին ավելի շատ մարդ էր հանել փողոց, քան Նիկոլը՝ իր միտինգին: Այս գահավիժմանը չպետք է հաջորդի քաոս, որը Նիկոլից ավելի վտանգավոր է, եւ դրա համար պետք է պետականամետ ուժերը, անհատները հասկանան այդ քաոսի վտանգը եւ լուրջ աշխատեն։

- Իշխանություններն ի՞նչ հետեւություններ պետք է անեն այս ընտրություններից։

- Արցախ հանձնած իշխանությունը պետք է ռադը քաշի գնա, ինչը հասկացնում է նաեւ մեր հասարակությունը։ Իրենք ամեն գնով փորձելու են ձայներ գողանալ, մանդատներ։ Գործի կդրվեն ռեպրեսիաները, շանտաժը, կոմպրոմատները, առեւտուրը, իրենք ամեն ինչ անելու են, որ փակ, գաղտնի քվեարկությամբ 1 ձայն փախցնեն։ Բայց էականն այն է, որ Նիկոլը երբ ասում էր՝ սա քաղաքական ընտրություն է, անվտանգության հարց է, Գեղարքունիքի եւ Սյունիքի հարց է` գնացեք ընտրության եւ վստահեք մեզ, ժողովուրդը ցույց տվեց, որ չի վստահում իրենց։ Իրենց ԱԺ նախագահն էր հայտարարում՝ 50+1 ձայն չհավաքենք, նշանակում է՝ հասարակության մեջ չունենք վստահություն, եւ հասարակությունը ցույց տվեց, որ չի վստահում։ Իրենց ատելության բիզն այս պահին իրենց դեմ է, նորմալ է․ ինչ ցանես, այն էլ կհնձես։ Եվ երբ իրենք զարմանում են, թե ոնց է լինում, որ այսքան բարձր է ատելության խոսքն իրենց նկատմամբ, պետք է չմոռանան, որ Հայաստանում ատելության խոսքն իրենք են բերել՝ Նիկոլի գլխավորությամբ։

- ՀՀԿ-ն չի՞ փոշմանել, որ այս ընտրություններին չմասնակցեց։

- ՀՀԿ-ն չի փոշմանել։ Մեր նպատակը քաղաքապետի պաշտոնը չէ, քաղաքապետարանում ավագանու մանդատ ունենալը չէ։ Հանրապետականի խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, եւ մենք մնում ենք այն կարծիքին, որ այս իշխանություններին ընտրություններով չես հեռացնի։ Ինքն ամեն ինչի գնալու է՝ իշխանությունը պահելու համար։ Նիկոլը գնալու է բացառապես հանրային ճնշմամբ, որի հույս են արթնացնում այս ընտրությունների արդյունքները։ 

- Սեպտեմբերի 2-ին ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ պատրաստվում են գործողություններ սկսել՝ իշխանություններին հեռացնելու համար, որը երկրորդեց Հայկ Մամիջանյանը: Այս արդյունքները կարո՞ղ են ստիպել ձեզ` ավելի շուտ սկսել գործել։

- Հանրապետականը չի առաջնորդվում իր կուսակցական շահով, առաջնորդվում է ազգային ու պետական շահով։ Մեզ համար իշխանության գալը նպատակ չէ։ Կարող է աբսուրդ բան եմ ասում՝ քաղաքական ուժի համար, բայց մեր նպատակն իշխանության գալը չէ, մեր նպատակը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է, ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի պետականության պահպանումն է։ Նաեւ այս հանգամանքով պայմանավորված է, որ Հանրապետականը չմասնակցեց Երեւանում ավագանու ընտրություններին։ Մեր նպատակը մնում է նույնը՝ հասնել այս կապիտուլյանտ իշխանությունների հեռացմանը։ Ես նաեւ այն կարծիքին չեմ, որ ով Նիկոլին դեմ է, ուրեմն իմ աջակիցն է։ Իմ աջակիցն ազգային շահ ունեցող մարդն է։ Եվ չեմ կիսում այն միտքը, որ թող Նիկոլը գնա, ով ուզում է՝ թող գա: 
Ինչ վերաբերում է գործողություններին, դա լինելու է՝ այս պահին զուտ ժամանակի խնդիր է: Մենք ունենալու ենք ազատ, անկախ Արցախ եւ Հայաստան։

Կարեն Քերիմյան