Գիտակից ընտրող

Գիտակից ընտրող

Երեւանում կայացած ընտրություններն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմ ունեին: Բայց այսօր ուզում եմ կանգ առնել բացառապես դրականի վրա: Ըստ էության, մեր հասարակությունը, գոնե` Երեւանի բնակչությունը, ապացուցեց, որ ինքն այնքան վատը չէ, որքան իր իշխանությունը:

Այնքան թքած չունի իր երկրի ինքնիշխանության, անվտանգության վրա, նրա համար միեւնույնը չէ, թե ինչ է կատարվում Արցախում, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը, ինչ հայտարարություններ է անում, ինչ է ստորագրում, ինչ օրենքներ է ընդունում, ինչ ուղղությամբ է տանում մեր երկիրը: Նա մի մասով հստակորեն մերժեց այսօր վարվող քաղաքականությունը, մյուս մասով հայտարարեց, որ ես չեմ ուզում մասնակից դառնալ քո ավանտյուրաներին եւ երկիրը կործանելուն ուղղված քայլերին: Պարզ ասած, ճիշտ է` փողոց դուրս չեմ գալիս, ակտիվ գործողություններ չեմ անում, բայց մերժում եմ քեզ: Ի դեպ, ակտիվ գործողությունների չգնալն էլ իր բացատրությունն ունի, եւ դրանում շատ մեծ է մեր ընդդիմություն կոչվածի մեղքը: Հաջորդ մեսիջը, որ փոխանցեց ընտրության չգնացած 72 տոկոսը:

Ասաց, որ ինձ համար բոլորովին միեւնույն չէ, թե ում եմ ընտրում` ինձ առաջարկված թեկնածուների մեջ ես չեմ տեսնում իրական ընդդիմադիրի, լավ առաջնորդի, արժանի մարդու, ում հանգիստ խղճով ձայնս կտամ, ինձ այլեւս հնարավոր չէ խաբել «թող Նիկոլը չլինի, ով ուզում է լինի»՝ 2018-ից վարկաբեկված կարգախոսով: Մարդիկ այլեւս ասում են` Նիկոլին չենք ուզում, բայց նաեւ փակ աչքերով որեւէ մեկի հետեւից չենք գնա, մենք 2018-ից դասեր ենք քաղել: Մեզ տվեք լավ թեկնածու, եւ մենք նրան ժամերի ընթացքում կդարձնենք իշխանություն: Եվ սա ապտակ է առաջին հերթին ընդդիմությանը, որն այնքան ապաշնորհ ու ծույլ գտնվեց, որ չգիտակցեց այս պատմական պահը: