Իսկ Նիկոլ Փաշինյանն էդ մարդկանց ասե՞լ է՝ համերաշխություն ինչի՞ շուրջ

Իսկ Նիկոլ Փաշինյանն էդ մարդկանց ասե՞լ է՝ համերաշխություն ինչի՞ շուրջ

Ինչո՞ւ իր «հաղթանակի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականից շարժվում էր «կա միայն ՔՊ եւ ժողովուրդ» կարգախոսով, ողջ քարոզարշավին չագուճով ման գալուց հետո հանկարծ որոշեց համերաշխության ձեռք մեկնել քաղաքական ուժերին։ Այն էլ՝ 1-2-3-4 տոկոս հավաքած։ Կմտածեինք, թե պատասխանը հոգեբաններից է հարկավոր ստանալ, ինչպես «Խաղալիք» ֆիլմում բռնակալ մեդիամագնատ Ռոմբալ-Կոշեն, որը հավաքույթի ժամանակ իր ենթակային ստիպում էր իջեցնել տաբատն ու հետո նրան հարցնում էր՝ «հիմա ո՞վ է հրեշը, ե՞ս, թե՞ Դուք»։ Բայց քանի որ «Հայկական ժամանակը» տվել է այս ռեբուսի բանալի-նախադասությունը՝ «Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է», այնուամենայնիվ մտածում ենք, որ թիրախը քաղաքական է։ Իսկ թե ինչ՝ հարցն ուղղեցինք քաղաքագետներին։ 

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը եւս կարծում է, որ սա ձեւական է՝ Նիկոլ Փաշինյանը սա անում էր զուտ քարոզչական նպատակներով․ ուզում է ցույց տալ, թե իբր իր համար շատ կարեւոր են ներհասարակական համերաշխությունը, քաղաքական դաշտում համագործակցությունը։ «Չի կարող մարդը շաբաթներ շարունակ մուրճը ճոճելով՝ ասֆալտին փռելու կոչեր անել, թիմակիցների միջոցով ասել, որ «ժողովուրդը հաղթեց ինտելեկտուալ ապուշներին», եւ մի քանի ժամ անց էդպես համերաշխության ժեստեր անել։ Կարծում եմ, որ ձեւական է։ Առավել եւս, որ նրան որեւէ քաղաքական ուժի կարծիք չի հետաքրքրում, նա չի էլ լսելու։ Զուտ քարոզչական նպատակ կար»։ Նիկոլ Փաշինյանն Արմեն Բաղդասարյանին ինչ-որ առումով հիշեցնում է Սերժ Սարգսյանին, որը սովորություն ուներ իր մրցակիցներին անվանել «հաճախորդ», «դհոլ», «իդիոտ», հետո՝ մի քանի օր անց, նրանց պաշտոններ առաջարկել։

«Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա․ Սերժ Սարգսյանի դեպքում գոնե հասկանալի էր, թե նա ինչ է ուզում անել, երկիրն ինչ ուղղությամբ տանել։ Նիկոլ Փաշինյանի դեպքում անհասկանալի է, թե ոնց է պատկերացնում Ղարաբաղի ապագան, խաղաղության պայմանագիր ստորագրելո՞ւ է, թե՞ չի ստորագրելու։ Այսինքն՝ էդ հարցերի մասին նա ոչ մի բան չի ասում։ Ոչ մի բան չի ասում, թե այդ համերաշխությունն ինչի շուրջ է լինելու։ Ես չգիտեմ՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որ գնում են իր հետ հանդիպման, այդ հարցը տալի՞ս են իրեն։ Եվ նա պատասխանո՞ւմ է։ Եթե կոնկրետ ծրագիր է ներկայացնում, էդ մարդիկ համաձա՞յն են էդ հարցերի շուրջ համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ չէ։ Որովհետեւ ես վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ազնվորեն ասեր, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում, վստահ եմ, որ շատ ավելի քիչ ձայներ կստանար։ Եթե ազնվորեն ասեր, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղի ապագան, խաղաղության համաձայնագիրը, ինչ զիջումների պիտի գնա եւ այլն։ Ու հիմա նա, փոխանակ ծրագրերն ասի, նախօրոք ասում է՝ համերաշխություն անենք։ Համերաշխություն անենք, որ ի՞նչ անենք, ինչի՞ շուրջ»,- հարցնում է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանն այլ խնդիրներ էլ է տեսնում․ «Նախ՝ այդտեղ ի՞նչ քաղաքական ուժեր են, որ ինչ քաղաքական խնդիր լուծի՝ մարդ-կուսակցություններ, որ 0 ամբողջ չգիտեմ քանի տոկոս են ստացել։ Ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում․ արեւմտյան մամուլը բավականաչափ գրեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մուրճով էր ման գալիս, պատահական չէ, որ նրա, այսպես կոչված, ժողովրդավարական իմիջն Արեւմուտքում բավականաչափ տուժել է»։

ՀԳ․ Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքին չի կարելի հավատալ նաեւ բազում այլ պատճառներով։ Մինչ նա կմեկներ այն, նրա թիմակից Ալեն Սիմոնյանը նույն հրապարակից հայտարարեց․ «Ոմանք այս ընթացքում իրենց թույլ տվեցին ինչ-որ անուններ կպցնել, դրա համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իրենց ծնկի բերեց։ Քթներից, վզներից իրենց ծնկի բերեց»։ Ապա Էդուարդ Աղաջանյանը գրեց․ «Հայ ժողովուրդը ծնկի բերեց ինտելեկտուալ ապուշներին», իսկ մեկ օր անց կալանավորվեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը։