Կորոնավիրուսի դեպքերը հնարավոր չէ թաքցնել

Կորոնավիրուսի դեպքերը հնարավոր չէ թաքցնել

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հետ զրուցել ենք նախքան կորոնավիրուսի 3 նոր դեպքերի հայտնաբերումը։

- Պարոն Դումանյան, որպես ոչ վաղ անցյալում առողջապահական կազմակերպիչ՝ ինչպե՞ս կգնահատեք առողջապահության նախարարության քայլերը Հայաստանում՝ կորոնավիրուսի տարածման առումով։

- Ես մամուլից եմ տեղյակ, որովհետեւ գիշերն եմ վերադարձել, տեւական ժամանակ բացակայում էի։ Ասեմ, որ ողջ աշխարհում շատ լուրջ են մոտենում, եւ երեկ երեկոյան օդանավակայանում տեսա, որ մեզ մոտ էլ են լուրջ վերաբերվում։ Սա ասում եմ օդանավակայանում տեսածով։

- Չնայած տեւական կոչերին, որ դադարեցվեն նաեւ Միլանից չվերթները, դա արվեց միայն երկու օր առաջ։ Այն էլ, երբ «Ռայան էյրը»՝ ինքը, դադարեցրեց։

- Այո, մեր հայրենակիցներն են վերադարձել։ Եվ ինչքան տեղյակ եմ՝ էլի կան մարդիկ, որ ուզում են վերադառնալ, եւ նրանց վերադարձն էլ կազմակերպվի, եւ Իտալիան՝ ինքը, թույլ չի տալիս ո՛չ մուտք, ո՛չ ելք։ Կարծեմ թե իրենք են սահմանը փակել։

- Պարոն Դումանյան, մեր բժիշկներն ինչ-որ տեղեկություններ են հայտնում, որ, օրինակ, տաք ջերմաստիճանին վիրուսը մահանում է, ինչ-ինչ խորհուրդներ են տալիս՝ տաք ջուր խմել եւ այլն։ Նշենք, որ միայն հետխորհրդային տարածքում է այդպես, Արեւմուտքում ասում են՝ հիվանդությունը նոր է, կլինիկա չկա, եւ ոչ մի նման բան չեն ասում։  Սա ոչ պրոֆեսիոնալիզմ չէ՞։

- Մենք ունենք հիվանդությունների կանխարգելման կենտրոն, որը ես ստեղծել եմ ժամանակին, ու այնտեղ շատ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում։ Իսկ որ կլինիկան չկա, այո, համաձայն եմ։

- Անընդհատ համառ լուրեր կան (նշել էինք, որ հարցազրույցը մինչեւ վերջին դեպքերի հայտնաբերումն է արվել), որ Հայաստանում կորոնավիրուսով էլի հիվանդներ կան։ Նաեւ կասկածներ կան, ոչ միայն Հայաստանում, որ հիվանդների քանակը թաքցվում է։ Ժամանակակից աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բան թաքցնել։

- Ոչ, դա հնարավոր չէ, հաստատ՝ մի տեղից դուրս կգա։

- Իսկ սա պատժելի՞ բան է, թեկուզ բժշկական էթիկայի տեսանկյունից։

- Իհարկե։ Բայց ես չեմ կարծում, որ թաքցրել են։ Դա էնպիսի բան չէ, որ թաքցնես։

- Հայաստանում դիմակներ չեն կրում՝ որպես կանոն։

- Այո, բայց նույնը նաեւ այլ երկրներում ու օդանավակայաններում է․ հազվադեպ մարդիկ են կրում։ Երեկ, օրինակ, թռչում էի, մի ավիաընկերության թռիչք էր հայտարարված, տեսա՝ բոլորը դիմակով են, մոտեցա՝ բոլորը Չինաստան էին մեկնում։ Բայց մյուսների մոտ նման աժիոտաժ չեմ տեսել։ Բայց, մյուս կողմից էլ, շատ երկրներում, հատկապես՝ Եվրոպայում, շատ լուրջ են վերաբերվում։ Հատկապես Իտալիան ահավոր մտահոգիչ է։ Մեկ օրվա մեջ 198 մարդ է մահացել։ Սա խայտառակություն է։

- Հիմա Հայաստանի դեղատներում չկան դիմակներ։ Արդյոք պետությունը չէ՞ր կարող ուղղորդել, որ գործարարները բերեին, մատակարարեին։

- Շատ լավ կլիներ։ Բայց չեմ կարծում, թե դա շատ վաղուց էր պետք անել, հիմա էլ ուշ չէ, եթե անեն։