«Հեղափոխության պահապաններն» ասում են՝ վարչապետին հայհոյողին նաև քրեական պատժի կարելի է ենթարկել

«Հեղափոխության պահապաններն» ասում են՝ վարչապետին հայհոյողին նաև քրեական պատժի կարելի է ենթարկել

Հայաստանում, պարզվում է, կա «հեղափոխության պահապանների» խումբ, որը զբաղված է Նիկոլ Փաշինյանի թասիբը պահելով։ 2 օր առաջ այդ խմբի անդամները գնացել գտել էին «Գյուղապետ» մականունով այն երիտասարդին, որը զանգել էր մետրոյում վարչապետի երեսին բուկլետ շպրտած աղջկան, նրանից մեղայական կորզել։ «Հեղափոխության պահապաններ»-ից Հայկ Ստեփանյանը նկարահանում եւ հրապարակում է այդ տեսարանը, դրան անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը երեկվա քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ իր համար դա անընդունելի է։ Ոստիկանությունից հայտնեցին, որ տեսանյութն ուսումնասիրում են, եւ ոստիկանության Նաիրիի բաժնում դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Մենք զրուցեցինք տեսանյութի երիտասարդի՝ Հայկ Ստեփանյանի հետ։

«Խումբը ստեղծվել է իմ եւ Վահե Խանդիրլյանի նախաձեռնությամբ, զբաղվում ենք ընդհանուր հեղափոխությանը վտանգող կամ հեղափոխությունը վարկաբեկող ինչ-որ երեւույթների դեմ պայքարով։ Եթե ուսումնասիրեք, հունվարի 18-ից սկսած՝ մենք ունեցել ենք հանրահավաք, որի ժամանակ ասել ենք՝ ինչով ենք զբաղվելու, նաեւ նշում ենք, որ դուրս չենք գալիս օրենսդրության սահմաններից, ոստիկանությունն ուսումնասիրում է, էդ ուսումնասիրության արդյունքում պարզ կլինի՝ ինչն ինչոց է։ Բայց, առաջ անցնելով, պիտի ասեմ, որ էն տեսանյութը, որ Դուք տեսել եք, դա կտրտված մասերն են, եւ, ըստ էության, մենք էդ անձի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, իրեն ոչ մի բան չենք պարտադրել, իրենից ոչ մի բան չենք պահանջել, էդ անձնավորությանը ես ճանաչում եմ, մի քանի տարի առաջ ենք ծանոթացել, եւ, ըստ էության, ինքը մեր հետ խնդիր չունի, մենք՝ իրա։ Իմ էջում էլ ես երեկ հստակ ասել եմ, որ էդ մարդը զղջում է իր արածի համար, սեփական կամքով, նաեւ դա ինքն է նշել։ Իսկ վարչապետն ինչին որ անդրադարձել է, մենք գտնում ենք, որ եթե վարչապետն ասում է՝ պետք չի էդպես անել, էդպես չի արվի»,-ասաց Հայկ Ստեփանյանը։

- Չե՞ք կարծում, որ ձեր արարքի մեջ քրեորեն հետապնդելի արարք կա։

- Ես չեմ կարող գնահատական տալ, ոստիկանությունը պետք է էդ գնահատականը տա։ Մենք, մեր կարծիքով, ոչ մի պատժելի արարք չենք թույլ տվել, մենք գիտենք՝ ինչ ենք արել, եւ էն տեսանյութը, որը որ մենք ունենք, այսինքն՝ ամբողջ տեսագրությունը, կներկայացնենք ոստիկանությանը, եթե ոստիկանությունը կգտնի, որ պետք է քննության արժանանա էս հարցը, մենք խնդիր չենք տեսնում։

- Ինքնադատաստանի չի՞ նմանվում ձեր խմբի քայլը, որ ով վարչապետին թթու խոսք ասի, ձեր խումբը կգնա նրա հետեւից եւ կասի՝ ինչո՞ւ ես վարչապետին նման բան ասել։

- Ոչ, մենք գնահատում ենք իրավիճակը էսպես․ վարչապետն ընդամենը անձ չէ, վարչապետը ինստիտուտ է եւ երկրի դեմքն է, եւ մենք գտնում ենք, որ վարչապետին բացահայտ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ եթերային, անընդունելի է, եւ քանի որ էս օրենքի բացն էս պահին գոյություն ունի, որ դա քրեորեն պատժելի չէ, չնայած հիմա մենք ուսումնասիրում ենք, եւ կարծես թե նաեւ քրեական պատժի կարելի է մարդուն ենթարկել, եւ էս առումով մենք գտել ենք, որ պատասխան պիտի ստանանք՝ ինչի է էս մարդը վարչապետի հասցեին նման հայհոյանք հնչեցնում, ինչի արդյունքում ինքն ասաց, որ սխալվել է։

- Կարծում եք՝ վարչապետն ունի՞ ձեր պաշտպանության կարիքը։

- Մենք չենք կարծում, որ վարչապետը մեր պաշտպանության կարիքն ունի, մենք կարծում ենք, որ հեղափոխությունը, առհասարակ, ունի մեր պաշտպանության կարիքը։

- Իսկ եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը հայհոյել է վարչապետին, գուցե վարչապետն ի՞նքը որոշի՝ այդ հայհոյանքին արձագանքի՞, ասենք՝ դի՞մի դատարան, թե՞ ոչ։

- Ես պատասխանեցի Ձեր հարցին, ասացի՝ մենք գտնում ենք, որ երկրի ղեկավարին վիրավորելը, սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելը մեր ուշադրությանը պետք է արժանանա, որովհետեւ վարչապետը հեղափոխության սիմվոլն է, եւ մենք գտնում ենք, որ անընդունելի է վարչապետին հայհոյելը, ամենաքիչը մարդը պետք է ներկայացներ, թե ինչ է ասում։ Ըստ էության՝ էդ մարդն ասաց, որ միամիտ է ստացվել, եւ ներողություն խնդրեց վարչապետից։

- Քանի՞ հոգի են ձեր խմբում։

- Մեր խմբի անդամների քանակությունը ես չեմ հրապարակի, քանի որ դա մեր ռազմավարական գաղտնիքն է, կարող եմ ասել, որ մեր հանրահավաքի առաջին օրը 200 հոգուց մի փոքր ավելի մարդ է անդամագրվել, հիմա շեշտակի ավելացել է, բայց չեմ հնչեցնի թիվը։

- Իսկ որեւէ տեղ գրանցվա՞ծ է ձեր նախաձեռնությունը, իրավակազմակերպական ձեւ ունի՞։

- Դեռեւս մեր նախաձեռնությունը չենք գրանցել ոչ մի տեղ, ընկերներով որոշել ենք եւ հիմա կազմավորման փուլում ենք։ Երբ որ կազմավորենք, արդեն իրավական տեսանկյունը կդիտարկենք, թե որպես ինչ ենք գրանցում։

- Իսկ կառավարությունից, իշխանությունից մարդ կա՞ ձեր խմբում կամ ձեզ հետ աշխատում, համագործակցում է։

- Ես նման հարցերի չեմ պատասխանի, կարող եմ ասել, որ իշխանական թիմի, ում որ Դուք ակնարկում եք, էդ թիմից անդամագրված անձ չկա, եւ մենք չենք գտնում, որ մենք իշխանության կցորդն ենք, որ փորձենք իշխանության հետ կապվել։ Մենք մենք ենք, մենք ենք որոշում՝ ինչ անել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ վարչապետը, առհասարակ, մեր խմբի հետ ոչ մի ուղիղ կապ չունեն։

- Հիմա եթե վաղը որեւէ մեկը հայհոյի վարչապետին, դուք գնալու եք նրան բռնեք ծեծեք, պատժեք, ստիպեք, որ ներողությո՞ւն խնդրի։

- Ես Ձեզ ասացի, որ մենք իրավական ճանապարհով ենք գնում, օրենքի սահմաններում, իսկ օրենքի սահմաններում մարդուն ծեծել-ջարդելը, պատժելը չի մտնում, մենք նման գործողություններ չենք ասել, որ անելու ենք, խնդրում եմ՝ նման հայտարարություններ մի՛ արեք։ Մենք կորոշենք, եթե կարիք կլինի, որ արձագանքենք, կգտնենք էն իրավական ճանապարհը, որով կփորձենք մարդու հետ կապ հաստատել։ Հնարավոր է՝ հաստատենք, հնարավոր է՝ չհաստատենք, դա կորոշի խումբը, սա ամբողջությամբ մեր գաղափարն է լինելու՝ գնալ ինչ-որ մեկին հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել։ Առաջ ընկնելով՝ կարող եմ ասել, որ շատ հնարավոր է հանդիպենք էդ մարդկանց հետ, բայց թե ինչ կլինի հանդիպման արդյունքում, կարող եմ ասել, որ մենք մշտապես լինելու ենք օրենքի կողմնակիցը եւ հնարավորինս թույլ չենք տալու, որ օրենք զանցվի։

- Կարծում եք՝ օրենքո՞վ է, որ գնան մարդուն ասեն, թե ինչու ես ինչ-որ բան ասել վարչապետի հասցեին։

- Կարծում եմ՝ օրենքով է մարդուն հարցնել, թե ինչի համար է մարդուն հայհոյել, համ էլ բարոյական է, առավել եւս, երբ որ դու մարդուն չես վիրավորում, չես քաշքշում, նրա հետ խոսում ես՝ դիմելով «եղբայր» եւ «հարգելիս» բառերով, ուրիշ բան էնտեղ չկա, էն տեսանյութի մեջ աղմուկը, որ Դուք լսել եք, էդ մարդու հետ ուղիղ կապ չունի, էդ մարդու հետ ոչ մեկը բարձր չի խոսել, խոսվել է մեկ այլ անձի հետ, որը փորձում էր դրսից սադրել։