Մի փութ մեղրով չէր ուտվի

Մի փութ մեղրով չէր ուտվի

Մարդկայնորեն կարելի է կարեկցել երկրի այն ղեկավարին, որը հայտնվել է մի իրավիճակում, երբ արտերկիր կատարած այցի ժամանակ այդ երկրում ապրող իր հայրենակիցները՝ պաստառները ձեռքներին, բողոքի ակցիա են անում՝ քիչ է, դեռ հայհոյանքներ են վանկարկում իր հասցեին։ Այնպիսի հայհոյանքներ, որոնց համար ինքը երկրում քրեական պատիժ է սահմանել, եւ ոստիկանությունը, իրական հանցագործություններն ու հանցագործներին թողած, ողջ օրը Նիկոլ Փաշինյան հայհոյողներին է փնտրում․ քրեական գործեր հարուցում, մեղադրանքներ կազմում, ուղարկում դատարան, որ հայհոյանքի քանակը նվազի։ Իսկ ամեն մի նման հայհոյանքը մի փութ մեղրով չէր ուտվի։ Թշնամուդ անգամ չէիր ցանկանա, որ նման վիճակում հայտնվեր։

Ոչ մի իշխանություն չարժե, որ ստիպված լինես հանդուրժել այդ վիրավորանքներն ու նվաստացումները, անգամ եթե նախորդ կյանքում ապրել ես չքավորի եւ զրկվածի կյանքով ու հիմա վայելում ես արքայական կյանքդ։ Ոչ մի կառավարական ամառանոց, աշխարհի ամենաճոխ ուտելիքներն ու ամենաթանկ հագուստները, նազիր-վեզիր-թիկնապահների ու քծնողների բանակները, հաշիվներիդ վրա միլիարդավոր դոլարներն ու չգիտեմ ուրիշ էլ ինչ վայելքներ չեն կարող փոխհատուցել այսօրվա անարգանքը։

Քիչ թե շատ ինքնասիրություն, արժանապատվության զգացում ունեցող մարդը չէր կարողանա դիմանալ այդ ամենին՝ հանուն իշխանության։ Վստահ եմ՝ ինձ կառարկեք, թե մարդը 2020 թվականի պատերազմ, պատերազմի կորուստներ է մարսել, մատղաշ երեխաների մահվան մեղքի զգացումն է հաղթահարել ու 30-ամյա մեր մաքառումի գնով ձեռք բերված Արցախն է բաց աչքով տանուլ տվել, այս մի քանի հայհոյանքն ի՞նչ է, որ չդիմանա։ Չգիտեմ։ Ամեն մեկն ունի իր կարմիր գիծը՝ դիմանալու իր սահմանը։ Ոչ ոք չի կարող ասել, թե ում մոտ այն որտեղ է ավարտվում։