Զարմանալի ժամանակներում ենք ապրում

Զարմանալի ժամանակներում ենք ապրում

Զարմանալի ժամանակներում ենք ապրում՝ երկիրը ղեկավարում է մեկը, ում համար Արցախը բեռ էր, իսկ Շուշին՝ դժգույն ու դժբախտ քաղաք: Ով թույլ է տալիս թշնամուն նվաստացնել իրեն, սակայն ասֆալտին փռել է տալիս ընդդիմադիրներին ու հպարտանում պարտությամբ: Ով չի ընկալում, որ սեփական երկրի սահմանները սեփական բանակը պետք է պահպանի, ու մեղադրում է ուրիշներին: Ով անընդհատ բախվում է թշնամու սպառնալիքներին ու խաղաղություն է մուրում նրանից՝ ժողովրդի կերակրելով «ապագա կա» կարգախոսով: Կարելի է այս շղթան անընդհատ շարունակել՝ արձանագրելով բազմաթիվ այլ հակասություններ, բայց սահմանափակվեմ այսքանով: 
Եվ զարմանալին նաև այն է, որ մեզ բաժին հասած դժբախտություններից հետո էլ գտնվում են այնպիսիք, ովքեր ձայն են տալիս նրան ընտրության դեպքում: Կամ լրատվական կայքերում ու սոցցանցերում պաշտպանում են նրան՝ վիրավորելով դրա խոսքերն ու գործերը քննադատողներին: Կամ նույնիսկ այն անձանց, ովքեր ընդամենը մտահոգություն են հայտնում իրավիճակի վերաբերյալ: Հասկանալի է, որ համացանցային աջակիցների մեծ մասը պայմանագրային ֆեյքեր են, սակայն կլինեն, չէ՞, ոչ այդպիսիք: Չնայած հասկանալի չէ նման ղեկավարին պաշտպանելու նպատակով պետությունից աշխատավարձ ստանալու հանգամանքը և դա նորմալ երևույթ համարելը: Մի խոսքով՝ իսկապես զարմանալի ժամանակներում ենք ապրում:

Մի քանի ամիս առաջ վարչապետ կոչեցյալն ասում էր, թե գերիները մեզ կներեն, եթե մի երկու ամիս ավելի մնան գերության մեջ: Գերիներն էլ բնականաբար ներեցին՝ ուրիշ ինչ կարող էին անել: Հետո գերիների մի փոքր մասին ռուսներն ազատեցին, մեկ այլ փոքր մասին՝ ամերիկացիները: Եվ երբ հերթը հասավ իրեն՝ ինքը ոչինչ անել չկարողացավ: Երևի ականապատման քարտեզներ այլևս չունի, որ փոխանակի գերիների հետ: Ի դեպ, եթե նման բան լսեի մի քանի տարի առաջ՝ կմտածեի, որ ասողը խելագար է: Իսկ Նիկոլի օրոք և նրա շնորհիվ այսօր դա իրականություն է: Այլմոլորակայիններն էլ մեզանով չեն հետաքրքրվում, որ երրորդ անգամ էլ նրանց դիմեր: Բայց քանի որ մենք ապրում ենք այսպես կոչված ժողովրդի իշխանության կամ ավելի ճիշտ՝ հայաստանյան ժողովրդավարության պայմաններում՝ վարչապետը կարող է ապաշնորհ գտնվել և մնալ իր պաշտոնին: Իսկապես, զարմանալի ժամանակներում ենք ապրում:   

Եվ երբ, ինչպես ասվեց, որևէ գրագետ մեկը նշված խնդիրներն է առաջ քաշում, գտնվում են անձինք, ովքեր նրան են մեղադրում: Երբ հարցնում եմ, թե մարդիկ, ինչու ձայն տվեցիք պարտության խորհրդանիշին, ինձ հակադարձնում են, թե «դու ուզում ես, որ նորից կռիվ լինի»: Այսինքն Նիկոլի անհեթեթությունները չկիսելը հավասարազոր է նորից կռիվ ուզելուն: Իսկ Նիկոլը խաղաղության աղավնին է, որ կա: Այն Նիկոլը, որի օրոք թնամին գրավեց մեր հայրենիքի մի մասը և կանգնեց մեր ճանապարհների վրա ու մեր բնակավայրերի գլխին: Իսկ ինձ (ենթադրաբար նաև ինձ նմաններին) մեղադրում են, թե «հաթաթա ես տալիս, թե ինչի կռիվ չեք ուզում, ձեր երեխեքի հերթական պարտիային էլ չեք ուղարկում մորթվելու»: Ստացվում է, որ պետությունը պարտության տարած և պարտության խորհրդանիշ Նիկոլին մեղադրելու փոխարեն մեղադրվում է նա, ով բարձրաձայնում է Նիկոլի մեղքը: Ստացվում է, որ Նիկոլի մեղքերը բարձաձայնելը նշանակում է նրան ընտրած քաղաքացիներին մեղադրելուն, թե վերջիններս ինչու չեն ցանկանում նոր պատերազմ: Նախկինների օրոք նման հակատրամաբանական դատողություններ լսելու (կամ կարդալու) դեպքում կփորձեի ճշտել՝ քնած եմ, թե արթուն: Նիկոլի օրոք նման անհեթեթությունները լսում կամ կարդում ենք անընդհատ: Չէ, զարմանալի ժամանակներում ենք ապրում:   

Ստացվում է, որ 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորություն ունեցող և այն չդադարեցրած Նիկոլին մեղադրելու փոխարեն մեղադրում են մնացած բոլորին: Ու չեն մոռանում նշել նաև նախկինների թալանը, արտագաղթն ու մնացած խնդիրները: Ու ձեռքի հետ էլ քեզ են մեղադրում: Ու նշանակություն չունի, որ նախկինների ժամանակ դու կյանքդ մաշեցրել ես փողոցներում՝ նախկինների դեմ կռիվ տալով, իսկ այսօր քեզ մեղադրողը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 10 հազար դրամի ընտրակաշառք էր վերցնում ու 4-5 տարի բողոքում կաշառք տվողից: Չէ, իսկապես, զարմանալի ժամանակներում ենք ապրում:

Իսկ ամենազարմանալին այն է, որ քեզ քննադատողը և դրանով հենց Նիկոլ պաշտպանողը համակերպվել է փրկություն չլինելու գաղափարի հետ՝ ի տարբերություն «Նիկոլի ապագայի»: Ու նրան պետք է ընդամենը, որ հանգիստ թողնես իրեն ու իր նմաններին: Փաստորեն ինքն ու իր նմաններն ընտրել են ոչ թե ապագան՝ թեկուզ նիկոլիական, այլ փրկության բացակայության պայմաններում հանգիստ մնալու հեռանկարը: Ինչը նշանակում է հանգիստ մեռնելու հեռանկար: Դժվարանում եմ ասել՝ հասկանում է արդյոք այս ամենը, թե ոչ, սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու հարևաններին ամենամեծ մեղավորը համարող անձը ՀՀ քաղաքացի է, ու հենց նրա ու նրա նմանների քվեով մենք չկարողացանք հունիսի 20-ին մեր հայրենիքն ազատել նիկոլիզմից: Իսկ դա հենց նշանակում էր փրկության հեռանկար, ու երկրի աշխարհաքաղաքական դիրքի ու հարևանների կախվածությունից ազատվելու առաջին լուրջ քայլը: Ինչն, իհարկե, չի նշանակում, թե մեր երկիրը վերջնականապես պարտվել է և չկա առաջընթացի որևէ հույս: Այն կա ու կյանքի կկոչվի Նիկոլի և նիկոլիզմի հաղթահարումով:

Վերջաբանի փոխարեն ուզում եմ ներկայացնել գործող իշխանությունը գովաբանող մի անհեթեթություն՝ առանց նշելու հեղինակի անուն-ազգանունը: «… Թավշյա Հեղափոխությունից Հետո վերջնականապես կարող ենք ասել, որ ունենք ազատ անկախ երկիր, որտեղ ղեկավարները մեզ չեն թալանում դեռ ավելին այնպես են աշխատում, որ ուրիշ երկրները նախանձում են մեզ…»:  Փաստորեն երկիրը կործանման եզրին հասցրած իշխանությունը կարող է նախանձի առարկա լինել այլոց համար: Ընդամենը արձանագրեմ. շատ կցանկանայի, որպեսզի դա այդպես լիներ ադրբեջանցիների ու թուրքերի համար: