Պահը բարդ է, բայց անլուծելի չէ ․ Արմեն Բադալյան

Պահը բարդ է, բայց անլուծելի չէ ․ Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը գտնում է, որ եթե ընդդիմադիր ուժերն այս պահին չկարողացան կոալիցիա կազմել, ապա կգնանք նոր ընտրությունների։ Նա ասում է, որ այս պահին բարդ է կանխատեսել, թե արդյոք կկարողանա՞ն 4,6 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիրները միավորվել։

«Մի խնդիր կա, որը կապված է Հայկ  Մարությանի հետ։ Նա պահանջում է, որ իրեն քաղաքապետ ընտրեն առանց որևէ փաստաթղթային պարտավորեցնող ձևակերպման, «Հանրային ձայնը» պահանջում է, որ իրեն վերահսկողական ֆունկցիաները տան, իսկ «Մայր Հայաստանը» պահանջում է, որ կատարվեն իր 3 սկզբունքներն՝ գնահատական նախկիններին, ՔՊ-ի հետ որևէ գործակցության մերժում և ամբողջական իշխանափոխություն։  Փաստորեն, երեքն էլ բարդ պահանջներ են դնում։ Պահը բարդ է, բայց անլուծելի չէ», - ասում է փորձագետը։ 

Ի՞նչ է նշանակում ամբողջական իշխանափոխություն, որը կարող է անընդունելի լինել մյուսների համար։ «Մայր Հաաստանը խոստացել է ընտրողներին, որ սա չի դիտում որպես քաղաքապետի ընտրություն, այլ իշխող քաղաքական ուժի վերացման գործընթաց է։ Նա չի եկել քաղաքապետ դառնալու։ Եթե քաղաքական ուժերը կհամաձայնվեն, կստացվի, եթե ոչ՝ ոչ»։ Այսինքն՝ էլի հայերը չե՞ն կարողանալու միավորվել։ «Չեմ կարող ասել, այստեղ ամբիցիաների հարց կա»։ 

Հիշեցնենք՝ ընտրություններում հաղթած երեք ընդդիմադիր ուժերը համաձայն են միավորվել և կոալիցիա կազմել, սակայն տարբեր պահանջներ են ներկայացնում միմյանց։ Հայկ Մարությանը չի ցանկանում կոալիցիա կազմել, Վարդան Ղուկասյանը համաձայն է միավորվել միայն կոալիցիոն համաձայնագրի ստորագրման պայմանով։