Քանի՞ ՌԴ քաղաքացի է դիմել վերջին մեկ ամսում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Հարցազրույց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանի հետ:
- Պարոն Մկրտչյան, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ռուսների: Հետաքրքիր է՝ քանի՞ քաղաքացի է դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
- Մենք ամփոփել ենք 2022 թվականի փետրվար-մարտ ամիսները: Այդ ընթացքում քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել է ավելի քան 470 ՌԴ քաղաքացի և 6 ուկրաինացի: Ամփոփված է նաև փետրվարի 24-ից մարտի 9-ը ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում քաղաքացիություն ստանալու նպատալով դիմել է ավելի քան 210 ՌԴ քաղաքացի և 2 ուկրաինացի:
- Իսկ նրանք հիմնականում ազգությամբ հայե՞ր են:
- Գերակշիռ մասը հայեր են: Առանձնացված տվյալներ կոնկրետ այս պահին չունեմ, սակայն կարող եմ միանշանակ ասել, որ մեծամասնությունն ազգությամբ հայեր են:
- Հաջորդ մոնիթորինգը ե՞րբ եք իրականացնելու` հասկանալու համար նվազե՞լ են, թե՞ ավելացել ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող քաղաքացիների թվերը:
- Մենք ընհանրապես վիճակագրությունը վարում ենք տարվա ամփոփումով: Այս ամփոփումն արել ենք զուտ, քանի որ պետք էր հասկանալ թվային պատկերը: Կարծում եմ` ապրիլի սկզբին ևս մեկ անգամ ամփոփում կանենք:
- Բայց ի՞նչ եք կարծում, վերջին օրերին թվերը նվազե՞լ, թե՞ ավելացել են:
- Ավելացել են: Կարող եմ ասել, որ ակտիվությունն այժմ ավելի նկատելի է: Օրինակ, 2021 թվականի ընթացքում` ամբողջ փետրվար-մարտ ամսին դիմել էին 859 ՌԴ քաղաքացիներ: Իսկ հիմա թիվն ամփոփված է մարտի 9-ը ներառյալ: Փետրվարի 24-ից մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով:
- Իսկ նախորդ տարվա համեմատ թվերի աճը քանի՞ տոկոս է կազմում:
- Պարզ կլինի ապրիլի սկզբին, սակայն, որ կա ակտիվություն, մենք բոլորս ենք տեսնում: Ասեմ նաև մեկ հանգամանք, սա միայն անձնագրային և վիզաների վարչություն դիմած քաղաքացիների պատկերն է, մենք դեռևս դեսպանատներից և հյուպատոսական հիմնարկներից չենք ստացել նրանց ստացած դիմումները:
- Մի փոքր էլ պատմեք, թե ի՞նչ կարգով է ընթանում ՀՀ քաղաքացի դառնալու գործընթացը:
- Քաղաքացիություն ստանալու համար հստակ սահմանված է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին օրենքի 9-րդ կետը, որտեղ հստակ նշված են քաղաքացիություն ստանալու հիմքերը: Հայաստանի Հանրապետության կառավարության 13.9 որոշման համաձայն` քաղաքացիություն ձեռքբերելու համար սահմանվել է հստակ կարգ: Հիմքերն են` քաղաքացիության ճանաչումը, ծնունդը, քաղաքացիություն ստանալու միջոցը, քաղաքացիությունը վերականգնելու միջոցը, քաղաքացիության խմբակային ձեռքբերման միջոցով, ՀՀ-ի կողմից կնքված միջազգային պայանագրերի հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերով:
Կարծիքներ