Գյումրի համայնքի 2024թ․-ի բյուջեն ընդունվեց․ կողմ քվեարկեց նույնիսկ ՔՊ-ն

Գյումրի համայնքի 2024թ․-ի բյուջեն ընդունվեց․ կողմ քվեարկեց նույնիսկ ՔՊ-ն

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստում ավագանին հաստատեց Գյումրի համայնքի 2024թ-ի բյուջեն։ Նախորդ նիստին որոշմանը դեմ քվեարկած խմբակցությունները առաջարկությամբ են հանդես եկել և նոր նախագծեր են ներկայացրել համայնքապետարան։ Այսօր բյուջեի քննարկմանը ավագանու «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների ղեկավարները նշեցին, թե իրենց առաջարկությունները ներառվել են նախագծում եւ որոշում են կայացրել կողմ քվեարկել բյուջեին, քանի որ քաղաքական եւ կուսակցական անհամաձայնության արդյունքում չեն ուզում քաղաքը տուժի

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ նշեց, թե ներկայիս նախագիծը թեև իդեալական չէ, իրենք ևս կողմ են քվեարկելու բյուջեին:

Նշենք, որ 2024թ-ի բյուջեն ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին 2024 թվականի տարեկան պլանն ու 2024 թվականի բյուջեի նախագծերը քվեարկության արդյունքում տապալվեցին եւ չհաստատվեցին:

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» եւ Հայաստանի հանրապետական խմբկացության ավագանու 15 անդամները, ձեռնպահ քվեարկեցին «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների 6 ավագանու անդամ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»` 11 դեմ:

Ավագանու նիստին, սակայն, «Բալասանյան դաշինք»-ից ընտրվեցին 2 փոխքաղաքապետերը, քաղաքի կառավարումն ամբողջությամբ անցավ «Բալասանյան դաշինք»-ին:

Ավելի վաղ գրել էինք, որ իշխանությունը չի համակերպվում Գյումրիում իշխանություն չունենալու հետ և ամեն ինչ անում են Ալավերդու օրինակով իշխանությունը խլելու համար: Քաղաքապետը յուրային չէ, ավելին՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հուշագիրը խզելուց հետո իրավիճակն ավելի է սրվել: 2021թ ընտրություններից հետո Բալասանյանների հետ կայացած գործարքի դիմաց Սամվել Բալասանյանի որդին դեսպան նշանակվեց Իրաքում, բայց օրերս դեսպանի պաշտոնից նա էլ ետ կանչվեց: