Մեկ տարի էր պետք՝ հասկանալու համար, որ այդ համակարգը չի կարող առողջանալ

Մեկ տարի էր պետք՝ հասկանալու համար, որ այդ համակարգը չի կարող առողջանալ

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանների ելքներն ու մուտքերը փակելու կոչն՝ ուղղված քաղաքացիներին, անակնկալ էր եւ հասցրել է արժանանալ իրարամերժ գնահատականների։ 

Փաշինյանն, իհարկե, հասցրեց ելույթ ունենալ կառավարությունում եւ հանրությանը բացատրել, թե ինչպիսին են  դատաիրավական համակարգում փոփոխությունների հասնելու իր պատկերացումները, թվարկել, թե ինչ պետք է անել նախկին կոռուպցիոն համակարգի հետ սերտորեն կապված դատավորների հետ։ 

Կանխատեսվում է, որ դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները լինելու են ցավոտ։ 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ դատաիրավական համակարգում փոփոխությունները չեն կարող ցավոտ չլինել։ 
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, ապա Վարդան Հարությունյանը կարծում է, որ այն պետք է լիներ մեկ տարի առաջ։ 

«Լավ է, որ գոնե հիմա ելույթ ունեցավ։ Մեկ տարի էր պետք՝ հասկանալու համար, որ այդ համակարգը առողջանալ չի կարող, չի կարող ծառայել արդարադատությանը։ Այդ մասին բազմիցս հայտարարել են հասարակական գործիչները։ Լավ է, որ իշխանությունները վերջապես դա հասկացան, ընկալեցին։ Ինչ վերաբերում է դատարանները շրջափակելու ակցիային, չեմ կարծում, թե արժեր անել։ Բայց մարդիկ որոշել են, արել են, դրա մեջ որեւէ սարսափելի բան չկա։ Կարելի էր նաեւ չշրջափակել դատարանները, արդյունքը լինելու էր այն, ինչ լինելու էր», - ասաց իրավապաշտպանը։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ դատավորներն ինքնակամ հրաժարական կտան եւ կհեռանան, Վարդան Հարությունյանն արձագանքեց․ «Ոչ։ Նրանցից ոչ մեկն ինքնակամ հրաժարական չի տա։ Դրա համար պետք է մտածել մեխանիզմներ, պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի հիմնահատակ փոխվի ոչ միայն դատական համակարգը, այլ բոլոր համակարգը։ Մենք հայտարարում ենք, որ հեղափոխություն ենք արել, այդ հեղափոխությունը պետք է հասցնել իր հանգրվանին, հակառակ դեպքում՝ հեղափոխությունը կվերածվի իշխանափոխության եւ կկորցնի իր իմաստը՝ չծառայելով իր նպատակին։ Բոլորս էլ գիտենք, որ ներկա Սահմանադրությունը գրված է մեկ մարդու համար, օր առաջ պետք է հրաժարվել նրանից եւ իրականացնել լուրջ փոփոխություններ»։