Միայն այս կերպ կարող ենք դիմակայել թշնամու կողմից ծավալած տեղեկատվական պատերազմին

Միայն այս կերպ կարող ենք դիմակայել թշնամու կողմից ծավալած տեղեկատվական պատերազմին

Վերջին օրերի իրադարձությունները փաստում են, որ Արցախի Հանրապետության ազգաբնակչությունը գտնվում է նաև ինֆորմացիոն/տեղեկատվական պատերազմի ազդեցության տակ, որը մեծ ներգործություն ունի մարդու հոգեկան վիճակի և առողջության վրա: Այն հղի է տրավմատիկ, սթրեսածին հոգեբանական անկայունության առաջացմամբ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության բոլոր տարիքային խմբերի մոտ ակնառու են հոգեբանական լարվածության, տագնապային, որոշ դեպքերում էլ խուճապի հասնող վիճակներ: Նմանատիպ իրականության դեպքում ցանկացած ոք փորձում է գտնել ինչ-որ կայունություն, սևեռվելով տարատեսակ ինֆորմացիայի մեդիահարդակից՝ մեծամասամբ սոցցանցերի անճշտություններով լի պղտոր հոսքում: Մյուս տարբերակը՝ հեռուստաալիքներից հնչող ինֆորմացիայից, որոնք տարատեսական են, եթե չասենք իրարամերժ: Եվ երրորդ տարբերակը, այսպես կոչված «сарафанное радио»՝ փողոցում, բակում պտտվող լուրերը: Անձը, ստիպված սկսում է գնահատել իրականությունը սեփական ռեսուրսի, ունեցած գիտելիքի և փորձի միջոցով, դրանով իսկ սուբյեկտիվորեն խեղաթյուրելով իրականությունը, կամ ընդունելով ցանկալին իրականության տեղը, կամ էլ ավելորդ ներքին լարվածություն և տագնապ առաջացնելով:

Հենց դրանով է պայմանավորված, որ բոլորը, առանց մասնագիտական պատկանելիության տարբերության, դարձել են քաղաքական, ռազմական, հասարակական գործիչներ: Այսպիսով, վերը նշված բոլոր ազդեցությունները ավելի են սրում առանց այն էլ լարված հոգեվիճակները, խորացնելով հասարակության մեջ հիասթափությունը և հուսահատությունը: Բնականաբար, պատերազմական և հետպատերազմյան իրավիճակներում ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով ամեն ինչ չէ, որ ենթակա է հրապարակման: Սակայն, այս իրականության վրա ազդում է նաև պաշտոնական լրատվության երբեմն իրար հակասող, իսկ երբեմն անորոշություն տարածող հաղորդագրությունները: Ուստի, որպես հոգեկան առողջության պահպանման ներկայացուցիչ և պատասխանատու, կոչ եմ անում պաշտոնական լրատվական դաշտի պատասխանատուներին հնարավորինս լրացնել լրատվական դաշտը միայն ճշգրիտ և ստուգված տեղեկություններով, իսկ հայկական տիրույթում գործող ԶԼՄ-ներին կոչ եմ անում չտրվել « սենսացիաններ» հրապարակելու գայթակղությանը:

Միայն այս կերպ կարող ենք դիմակայել թշնամու կողմից ծավալած լայնամաշտաբ տեղեկատվական պատերազմին:

«Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, հ.գ.թ.՝ Ա.Լ.Լալայան