Շեյխերը Տերյանի վրա էին տարածք ուզո՞ւմ

Շեյխերը Տերյանի վրա էին տարածք ուզո՞ւմ

Գերակա շահի հետ կապված խնդիրը առանց կառավարության որոշման հնարավոր չէ լուծել։ Ոնց որ ընդունել են, այդպես էլ պիտի չեղարկվի։ Ես շատ ուրախ եմ, որ գոնե Պուշկինի փողոցի շենքերի մասով ինչ-որ չափով արդարությունը վերականգնվեց։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տերյան 23-ի բնակիչներից Վարդան Գերավետյանը։

Նշենք՝ Երեւանի Տերյան 23, 25 և և Լալայանց 37 շենքերը դեռ տարիներ առաջ հայտնվել էին իրացման գոտում: Երեւանի կենտրոնում գտնվող` 1930-ականներին կառուցված այս շենքերի բնակիչներին առաջարկել էր ամիսների ընթացքում լքել իրենց բնակարանները` մեկ քառակուսի մետրի դիմաց ստանալով մոտ 1300 դոլար փոխհատուցում ։ Վերոնշյալ շենքերի քանդման խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից և մինչ օրս լուծում չի ստացել: Շենքերի բնակիչները արդեն 10 տարուց ավելի է տարբեր բողոքի ակցիաներով, պատկան մարմիններին նամակներ ուղարկելով՝ խնդրում են չքանդել իրենց շենքերը՝ բերելով տարբեր փաստեր այն մասին, որ այդ շենքերը վթարային չեն։ Շենքերի բնակիչների պնդմամբ՝ իրականում խնդիրն այլ է, կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո կալանավորված Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը պետության կողմից գերակա շահ ճանաչված այս շենքերի տարածքում ցանկացել է հյուրանոց կառուցել: 

«Ես ժամանակին կասկածներ ունեի շեյխեր կոչեցյալների հետ կապված։ Համոզված եմ՝ լավ հիշում եք, Երևան շեյխեր էին եկել՝ ինչ-որ թագավորի տղերք։ Դրանց ուզածը հենց այդ շենքերին տիրանալն էր։ Հայկոն էլ ասել է՝ մենք կենտրոնում չունենք սեփականություն, եթե ուզում եք գնացեք սեփականատերերի հետ լեզու գտեք։ Ես ինֆորմացիա ունեմ, որ այդ ամենը վերաբերվում էր հենց մեր շենքերին։ Սրանք մտածում էին, թե ըհն, քանի Մայրապետյանի վիճակը վատ է, եկեք սրա ձեռքից էլ մենք սա խլենք։ Հայկոն շեյխերին շատ ճիշտ էլ պատասխանել էր՝ ասելով, որ չէ, ձեռք քաշեք։ Ուզեցել են թաթը գցեն մեր շենքերի վրա։ Մտածել են՝ դե քանի սենց է վիճակը, եկեք մեզնով անենք։ Հա, խոսքը հենց այն դեպքի մասին է, երբ բոթասներով եկել էին, ինչ-որ հեռախոսով զանգեր և այլն։ Ով ուզում է լինի, ուզում է շեյխ լինի, ուզում է՝ թագավոր․․․ նախ իրենք իրականում շատ դաստիարակված մարդիկ են։ Իրենք կյանքում իրենց նման բան թույլ չէին տա։ Իսկ եթե թույլ են տվել, ուրեմն նշանակում է կամ ինքը իրոք թագավոր է կամ էլ բացարձակ չի հարգում նրան, ում մոտ որ եկել է։ Ուրեմն շատ ճիշտ են արել, որ ասել են՝ մենք էլ խոսելու բան չունենք, որովհետև դուք րոպեն մեկ հեռախոսով եք խոսում»,- ասաց Գերավետյանը։

Հիշեցնենք, որ շեյխերը մտադիր էին իրենց հաշվին Երեւանում մեծ բժշկական կենտրոն կառուցեն եւ նվիրեն Հայաստանին ու դրա համար Երեւանում տարածք էին փնտրում, որը քաղաքապետը չէր տրամադրել եւ խոսակցությունն էլ ընդհատել էր, ինչպես հետագայում հայտարարեցին՝ քանի որ շեյխերը «բոթասով» էին եղել եւ նրա ներկայությամբ հեռախոսով էին խոսել։