ՀՀ նախագահի կյանքի մեծ մասը վիրտուալ է

ՀՀ նախագահի կյանքի մեծ մասը վիրտուալ է

2020 թվականի փետրվարին ՀՀ նախագահն աշխատանքային այցով գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որպես հիմնական բանա­խոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ ժամանակ: «Աշխարհը փոխվել և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մար­տահրա­վերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև ​այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Այնուհետև նկատել է. «Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտար­կում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝​ հանրությունը, իրերը կտրուկ փոխ­վում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղա­փարը կարող եք փոխաբերա­կան իմաստով ընկալել։ Դասական հաստատութ­յուն­ներն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխ­նոլո­գիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտ­վածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել»։ 

Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսե­ցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջու­կային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Եւ պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվան­տային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հա­սարակությունը։ 

Եզրահանգումներ, հարցադրումներ
1. Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Հասկացե՞լ է, արդ­յոք, ՀՀ նախագահը, թե որոնք են ՀՀ անվտանգության խնդիրներն ու մար­տահրա­վերները: ՀՀ նախագահը գնացե՞լ է, արդյոք, խորքերը, գտե՞լ է, արդյոք, դրանց պատճառները: 2018թ. ապրիլի 9-ից, ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որ­պեսզի ՀՀ քաղաքացիները չտեսնեին «այսօրվա հետևանքները»:
2. Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ նախագահը, որպեսզի հայ ժո­ղովուրդը մոռանա իր մեծ պատմությունը, ցեղասպանությունը, մշակու­թային մեծ ժառանգութ­յունը, «մեծ իրերը»՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը և զբաղվի «քվանտային քաղաքականությամբ»:
3. Դասական հաստատութ­յուն­ներն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Այստեղ կարելի է անվերապահորեն համաձայնել ՀՀ նախա­գահի հետ: Դասական այնպիսի հաստատություններ, ինչպիսին են ազգը, պետությունը ու ավելի «մանր-մունր» բաները, «ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում»…հատկապես հայերիս համար:
4. Քվանտային, նոր տեխ­նոլո­գիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Անտարակույս, դրանք ոչնչացնում են ազգային արժեհամա­կարգերը՝ ազգը վերածելով բանջարեղենի:
 5. Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսե­ցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք ապրել վիրտուալ կյանքով, որը ոչ տարածք է պահանջում՝ ինքնիշխանություն հաստատելու համար, ոչ էլ պետական հաստատություններ:
6. Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Նկատի ունենալով այն, որ մեծարգո նախագահն իր ժողովրդին չի կարող տեղ տալ իր բարեկեցիկ նյութական կյանքում, ապա ավելի իրատեսական է թվում գոնե վիրտուալ կյանք ժողովորդին փոխադրելը, որով կլուծվեն բոլոր խնդիրները. Սննդի, մեծ պատմության ու նման այլ բաների:

Փաստորեն, մեր նախագահը բոլորովին այլ չափումներում է հայտնվել՝ քվանտային մեխանիկայի: Իսկ քվանտային մեխանիկայի չափումը հայեցակարգ է, որը նկարագրում է համակարգի վիճակի մասին տեղեկատվության ստացման հնարավորությունը՝ ֆիզիկական էքսպերիմենտի (փորձադրման) անցկացման ճա­նա­պարհով: Անցկացրե՞լ է, արդյոք, ՀՀ նախագահն այդպիսի փորձադրում: Եթե անցկացրել է, ապա ի՞նչ կարծիքի է «Հայաստանի Հանրապետոթւյուն» համակարգի վիճակի մասին: Հուսադրող բան կա՞, թե՞ ոչ:

Ուղղակի, զուտ իմացաբանական առումով, ինձ ու իմ հայրենակիցներին՝ որպես հարկատուների, հետաքրքրում է, եթե ՀՀ նախագահի կյանքի մեծ մասը վիրտուալ է, ապա հնարավո՞ր է, արդյոք, հարկերի վճարումն էլ դարձնել վիրտուալ:

Ինչպես չհարգես ՀՀ նախագահին, ով խոստովանում է, որ իր կյանքի մեծ մասը որևէ կապ չունի այն պետության հետ, որի գլուխն է հանդիսանում: Անկեղ­ծությունը մեծ արժեք ունի: Մնում է Հայաստանը փոխադրել վիրտուալ աշխարհ: Մոտավորապես այսպես. «Երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում նրա մոտ»:

Հ.Գ. «Սույն հոդվածի առիթ է հանդիսացել 168.am-ում Անձի հանդեպ պետության վե­րա­բերմունքը պետք է ձևավորվի նաև նրա վաստակով, անձնային հատկա­նիշ­ներով և ներդրումով. ՀՀ նախագահ» հրապարակումը (01 Հուլիս 2021): 168.am-ը հան­րային ու քաղաքական տարբեր շրջանակներին հուզող մի շարք հարցերի վե­րաբերյալ օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ընտրություններից ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում չէիք բա­ցառել ներքաղաքական ճգնաժամի շարունակությունը նաև արտահերթ խորհրդա­րանական ընտրություններից հետո: Ձեր գնահատմամբ, ի վերջո, ընտ­րությունները լուծեցի՞ն ներքաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ» հարցադրմանը ստացվել է հետևյալ պատասխանը.

– Հանրապետության նախագահը պատերազմից հետո հրապարակավ ներ­կայացրել էր այն քայլերը, որոնց հաջորդական իրականացումը կարող է նպաստել ճգնաժա­մային իրավիճակից դուրս գալուն: Նախագահն այդ մասին իր դիրքո­րոշումը բազմիցս արտահայտել է իր հարցազրույցներում, հանդիպումներում ու հայտարա­րություններում:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ առկա ճգնաժամը բազմավեկտոր է և բազմաբաղադրիչ` վերաբերելով տարբեր բնագավառների: Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, բնականաբար, միայն ընտրությունների արդյունքներով չի կարող կարգավորվել: Որպեսզի հնարավոր լինի հաղթահարել պետական կառա­վարման, պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքակա­նութ­յան, տնտե­­սության, առողջապահության և մյուս ոլորտներում, ինչպես նաև հասա­րա­կութ­յան մեջ առկա խորը բարոյահոգեբանական ճգնաժամը, անհրաժեշտ է, որ ձևա­վորվի արհեստավարժ, ոլորտներին տիրապետող և բարձր կառավարչական հմտու­թ­յուններով կառավարություն, որը կներկայացնի շատ հստակ և իրագործելի ծրագիր:

Նման պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում.
 1. Որքանո՞վ է ՀՀ նախագահը եղել հետևողական՝ ներքաղաքական ճգնաժա­մից դուրս գալուն առնչվող իր ներ­կայացրած քայլերի հաջորդական իրականացման նկատմամբ:
 2. Կառավարության ձևավորման (ու ոչ միայն կառավարության, նաև խշխա­նության մյուս թևերում նշանակումների, առաջխաղացումների առումով) վերաբերյալ որոշ տեղեկություններ մտահոգություն ու հիսաթափություն են առաջացնում: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ՀՀ նախագահը՝ որպեսզի «ձևա­վորվի արհեստավարժ, ոլորտներին տիրապետող և բարձր կառավարչական հմտու­թ­յուններով կառավարություն, որը կներկայացնի շատ հստակ և իրագործելի ծրագիր»: Նախագահը չի՞ նկատում, որ կարևոր պաշտոններին հայտնվել ու հայտնվելու հայտ են ներկայացրել արնաշաղախ երախներով բորենիներ, որոնք պատրաստվում են մեծ որսի՝ իրենց հայրե­նակիցների, այլ ոչ իրենց հայրենակիցների թշնամիների վրա: Միայն թե չասեք, թե նախագահն այդպիսի լիազորություններ չունի: Իսկ Ռուսաստանն ունի՞ լիազորություններ ՊՆ, ԱԽ և այլ կառույցների ղեկավարների թեկնա­ծուների ընտրության հարցում:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր