Ինչո՞ւ Թաթուլ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպումներին չի մասնակցում

Ինչո՞ւ Թաթուլ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպումներին չի մասնակցում

Աշնանը լրագրող Թաթուլ Հակոբյանն այլ փորձագետների հետ միասին շուրջ երեք անգամ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց լրագրողը: Հակոբյանն անգամ այդ հանդիպումից հրապարակումներ է արել իր ֆեյսբուքյան էջում, սակայն նշել է, որ դրանց բովանդակությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: Թե ինչ գաղտնի քննարկումներ են դրանք, ինչ բովանդակության, եւ արդյոք այդ հանդիպումների արդյունքում են գրվում Թաթուլ Հակոբյանի ստատուսները, այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հենց իրենից:

Ի վերջո` արդեն 11 օր է Արցախը բլոկադայի մեջ է, թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախում պարենային ճգնաժամ է հասունանում եւ Թաթուլ Հակոբյանն այն քչերից է, ով հրաշալի տիրապետում է Արցախի բանակցային պոցեսի ընթացքին եւ հարցի էությանը, գուցե վերջերս նույնպես հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ եւ դրանց արդյունքում է օրերս իր էջում գրել, որ մինչեւ Ռուբեն Վարդանյանին չազատեն պաշտոնից, Արցախում իրավիճակը չի փոխվելու։

Նա գրել է․ 

«Նոր ԱՂԵՏ-ից կարող ենք խուսափել, եթե...
Միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, եթե կուզեք՝ հիմնականը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակում էր: Ես դեռևս իմ ամբողջ տեղեկատվությունը չեմ ուզում հրապարակայնացնել այս թեմայով, նաև թե ինչ է տեղի ունեցել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին, բայց եթե ուզում ենք խուսափել նոր ԱՂԵՏ-ից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ այս օրերին շատ չի երևում, ՉՊԵՏՔ Է նոր սխալ թույլ տա և օրինակ, Վարդան Օսկանյանին նշանակի Արցախի արտգործնախարար: Ավելին, եթե ուզում ենք այս իրավիճակը լիցքաթափել, գոնե մեր կողմից քայլեր կատարել լիցքաթափման ուղղությամբ և 120 հազար հայերի շնչելու հնարավորություն տանք, իսկ Հայաստանին՝ նոր ԱՂԵՏ-ից խուսափել, ապա պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը: Այս գրության հետ կապված, խնդրեմ, հայրենասիրական հեքիաթներ չպատմեք»:

Թաթուլ Հակոբյանը նաեւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է եւ հաճախ է մեջբերում նրա խոսքերն ու տեղադրում ելույթները։ Թաթուլ Հակոբյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ էթիկապես սխալ է, երբ լրագրողը մեկ այլ լրագրողի նման հարցեր է տալիս, սակայն ասաց. «Ես շատ վաղուց էդ հանդիպումներին չեմ գնում և տեղյակ չեմ ոչ մի բանից: Երեք անգամ եմ մասնակցել ու վերջ», - ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ չեք գնում այլևս, Փաշինյանի հետ քննարկելու հարցեր չունե՞ք, վերջինս ասաց. «Ես զբաղված եմ այլ գործերով, չեմ էլ ուզում նման հարցերի պատասխանեմ, խոսեմ էդ թեմայից: Եթե հարկ համարեմ, ես այդ մասին իմ ֆեյսբուքյան էջում կգրեմ», - ասում է Թաթուլ Հակոբյանը:

Իսկ ե՞րբ է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպումը, ասաց. «Հստակ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ աշնան սկզբին էր մեր վերջին հանդիպումը, օրը չեմ հիշում, թիվը չի տպավորվել: Օրագրիս մեջ էլ չեմ գրել», - նշեց Հակոբյանը:

 Իսկ ինչո՞ւ է դադարեցրել այդ հանդիպումներին մասնակցելը։ Այս հարցից նա վրդովվեց. «Կարո՞ղ ա գիտես ես քաղաքական գործիչ եմ, դու էլ լրագրող ես՝ ինձ զանգել հարցեր ես տալիս, ես էլ քեզ նման լրագրող եմ: Գնա վարչապետի մամուլի խոսնակից հարցրու»:

Հ.Գ Նախ, ուզում ենք նկատել, որ ոչ մի կապ չունի՝ մարդը քաղաքական գործիչ է, թե լրագրող՝ եթե նա ինֆորմացիայի կրող է, կարող ենք նաեւ զանգել եւ հարցազրույց անել։ Իսկ հայտնի է, որ հենց լրագրողական մասնագիտությունից են ամենից շատ գնում քաղաքականություն։ Երկրորդը՝ յուրաքանչյուր անմեղ հարցից վրդովվելն արդեն խոսում է այն մասին, որ ինչ-որ խորքային պատճառներ կան, որ այս թեմայից Հակոբյանը խուսափում է խոսել։ Եւ երրորդը՝ գործող լրագրող Թաթուլ Հակոբյանը պետք է տեղյակ լիներ, որ արդեն գրեթե երկու տարի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի և մենք գոյություն չունեցող խոսնակին չենք կարող հարցեր ուղղել: