Խնդիրն այն չէ, որ 5-10 տարին մեկ զինանշան փոխվի, խնդիրը ժամանակի ռիթմը զգալու մեջ է

Խնդիրն այն չէ, որ 5-10 տարին մեկ զինանշան փոխվի, խնդիրը ժամանակի ռիթմը զգալու մեջ է

ՀՀ իշխանությունը ոչ միայն մեր պատմությունը եւ ազգային հոգեկերտվածքը փոխելուն ուղղված քայլեր է անում, այլեւ որոշել է փոխել պետական խորհրդանիշները, ազգային սիմվոլները:

Զրուցել ենք Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ։

- Խորհրդանիշների, սիմվոլների փոփոխությունները մշակութային կյանքում ինչպիսի՞ փոփոխություններ կառաջացնեն։

- Ես կարող եմ հոգեբանական ազդեցություններին անդրադարձ կատարել, հաշվի առնելով, որ աշխատում եմ երիտասարդ նկարիչների հետ։ Մշակույթը, իրականության մեջ գործիք է, որը և արտացոլում է տվյալ պահին ազգի հավաքական հոգեվիճակը, և կարող է ծառայել գործիք` որոշ իրավիճակներ հաղթահարելու կամ ինչ-որ բան արժևորելու համար։ Այս առումով սիմվոլները, խորհրդանիշները չափազանց կարևոր են և ունեն լրջագույն ազդեցություն։ Սիմվոլներով, խորհրդանիշներով  կարելի է կանխորոշել վարք, օրինակ կոտրել, ոչնչացնել, նսեմացնել, կամ արժևորելով՝ բարձրացնելով ինչ-որ գաղափարներ, տանել վերելքի։ Հիբրիդային պատերազմի կոնտեքստում, այդ թվում նաև սինվոլներով, մեր դեմ պատերազմ են վարում։ Այս գործիքները մեր դեմ կիրառվեցին 44-օրյա պատերազմի օրերին, որոնք իրենց լրջագույն ազդեցությունը գտան սոցիալական ցանցերում և վիրտուալ աշխարհում։ Սրանք մեզ անծանոթ գործիքներ էին, որին մենք չէինք տիրապետում։ 

- Սիմվոլների փոփոխությունների նկատմամբ մշակութային գործիչների վերաբերմունքն ինչպիսի՞ն է, ինչպե՞ս կարող են պայքարել դրա դեմ։ 

- Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, օրհներգին, որը փոփոխելու մասին քննարկումները սկսվել են վաղուց՝ մինչև 18-ը, երբ առաջարկվում էր այն փոխարինել Սարդարապատ երգով եւ. ըստ սոցհարցումների, շատ բարձր ցուցանիշներով հավանության էր արժանացել այդ առաջարկը։ Եթե վստահ ենք, որ փոփոխությունը վտանգավոր է, պետք է հիշել նախկին բանավեճերը, և առաջարկել լավագույնը։ Եթե, այնուամենայնիվ, փոփոխությանը դեմ են, բայց այն փոխվել է, կարելի է ըմբոստանալ՝ արտահայտել դիրքորոշում, և կանխել որևէ փոփոխություն, և եթե անհնարին է դա անել, առնվազն պետք է մատուցել սեփական կարծիքը։

- Երիտասարդները կարո՞ղ են մասնակցել այս փոփոխություններին։ 

- Ուսանողներից, երիտասարդներից կարելի է հարցնել կարծիք, քանի որ երիտասարդ մարդը տեսնում է և՛ տարածությունը, և՛ ժամանակը, և զգում է բաներ, որն ավելի ավագ տարիքի մարդը չի զգում։ Երիտասարդը և ավագ տարիքի մարդը տարբեր հարթությունների վրա են։ Ավագ տարիքի մարդն ունի փորձառություն, իսկ երիտասարդը` ներկայի պատկեր, և երբ երկուսի երկխոսությունն առողջ է, և երկու կողմերն էլ կարող են լսել մեկը մյուսին, հաշվի առնելով կողմերի կարծիքները, կարող են փորձել ժամանակի եւ տարածության մեջ ստեղծել նոր, արժեքավոր խորհրդանիշ։ Ավագ տարիքի մարդիկ էլ պետք է պատրաստ լինեն ընդունելու երիտասարդի որոշումը, քանի որ առջևում երիտասարդի կյանքն է։ Եվ երբ փոփոխություններ կատարողները պատրաստ լինեն հարցին մոտենալ այս կերպ, վերջում կունենանք առողջ և լավ արդյունք։  

- Ամեն նոր սերունդ պետք է նոր զինանշա՞ն ստեղծի, դա ճի՞շտ է։

- Խնդիրն այն չէ, որ ամեն ղեկավարի, կամ 5-10 տարին մեկ պետք է փոխվի զինանշանը, խնդիրը ժամանակի ռիթմը զգալու մեջ է։ Ես ինքս քոլեջում ունեմ գերխնդիր և նպատակ՝ կազմակերպել սերնդափոխություն: Նրանք, ովքեր չեն կազմակերպում, զլանում են, քանի որ դա ծանր գործ է՝ դժվար է աշխատել թարգմանիչ՝ մարդու և մարդու միջև, որովհետև, ավագ սերունդը հիվանդագին է ընկալում նոր սերնդին: Երբ նրանք գալիս են` հասկանում են, որ ավարտվել է իրենց ժամանակը, իսկ նոր սերունդը հաճախ ագրեսիվ է, «սուր անկյուններով»։ Բայց, եթե դու սերնդափոխություն չես անում, քո հաստատությունից, հասարակությունից ճահճացման հոտ է գալիս։ 14 տարեկան երեխային դու տալիս  են նոր գործիքներ, և այն պետք է տա իր տարիքին մոտ կանգնած մարդը, որը կկարողանա բան բացատրել։ Սերնդափոխությունը խնդիր է, քանի որ այդ երկակի ստանդարտներն են մեր տունը քանդել, երբ մարդը պատրաստ չէ գնալ, իսկ դու էլ չես ասում՝ գնա։ Քաղաքական դաշտում սերնդափոխություն կա նոր կուսակցություններում, իսկ այնտեղ, որտեղ մարդ-կուսակցություն է՝ սերնդափոխություն չի կատարվել: Մեզ մոտ կուսակցությունների հիմնական մասն այդպիսին է։

- Բայց մարդիկ հեշտ չեն հրաժարվում իրենց սիմվոլներից, ծանր են տանում, երբեմն պատահում են մարդիկ, որ իրենց մարմնին անգամ դաջում են Արցախի սիմվոլները։ Սա, ըստ Ձեզ ընդվզման ձև՞ է։

- Դաջվածքները ժամանակի մեջ հոգեբանական դրսևորում են, նոր սերունդն ունի նաև հոգեկան խնդիրներ, ինչը պայմանավորված է սոցիալական իզոլյացիայով, կտեսնեք երիտասարդներ, որ ամեն օր «քառակուսի բաների» մասին են մտածում։ Բայց մեր օրերում նաև գերարժևորված է «Մայր Հայաստանը», և ես հարց եմ տալիս՝ մեզ ո՞ր ժամանակաշրջան եք տանում։ Նույն կերպ ես կարող եմ այլ սիմվոլներ առաջարկել, որոնք տվյալ պարագայում ստեղծելը ավելի բարդ է, բայց շատ ավելի կարևոր է, հետաքրքիր է, և ավելի ճիշտ ճանապարհով կարող է մեզ տանել։ 

- Բայց օրվա իշխանությունները ցանկանում են փոխել եղած սիմվոլները, Ձեր կարծիքով, իրենք կարո՞ղ են ստեղծել մի նոր խորհրդանիշ, որը մեր ազգի, երկրի, պատմությանը խորհրդանիշը կդառնա։

- Եթե ձևավորվի հանձնաժողով, որտեղ մարդիկ ազատ լինեն՝ ներկայացնել աշխատանքներ, և կատարվի հստակ ընտրություն՝ հիմնավորված լինի այդ ամենը, և ներգրավված լինեն գրագետ մարդիկ, ովքեր պետք է համախմբվեն օրվա իշխանությունների շուրջը, լծվեն այդ աշխատանքին... Մյուս կողմից էլ մեր մշակութային դաշտը պետք է պատրաստ լինի՝  ներկայացնելու նման ստեղծագործություններ։ Բայց այսօր համատարած դեգրադացիա է, և ես վստահ չեմ, որ կծնվի նման ստեղծագործություն։ Այդ իսկ պատճառով, ես կգերադասեի լավագույնը գտնել եղածի մեջ, գնալ, խմբագրել սխալները՝ անցյալը կարևորելով, ծայրահեղությունից ծայրահեղություն չընկնելով  արժևորենք այն, ինչ կա, և հետո, այս հարցը թողնել նոր սերնդին։