«Կարծրատիպեր» կոտրելը

«Կարծրատիպեր» կոտրելը

2018 թ. հոկտեմբերի 25-ին Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ «ժողովրդավարական» իշխանությանը խորհուրդ էր տվել միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կարծրատիպերից»: Այնուհետեւ դրան հետեւեց 2021 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավին Փաշինյան Նիկոլի կողմից հայ եւ թուրք ժողովուրդների թշնամության եւ դրա հնարավոր վերացման ուղիների մասին խիստ «գիտական» մեկնաբանությունը:

Հիշեցնեմ մեկ-երկու բառով՝ մենք թշնամի ենք համարում թուրքերին, եւ նույնն էլ անում են իրենք, եւ որպեսզի ազատվենք թշնամական երկկողմանի վերաբերմունքից, պետք է դադարենք նրանց թշնամի համարելուց: Դա Ջոն Բոլթոնի առաջարկած՝ «պատմական կարծրատիպերից» ազատվելու գաղափարն էր՝ հարմարեցված կիսագրագետ ընտրողների ընկալմանը: Եվ քանի որ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո տավուշյան երբեմնի «հերոսը» վերածվել էր հակահերոսի (չէ, ոչ թե վերածվել էր, այլ վերադարձել իր իսկական բնույթին), ապա թշնամանքի վերացումն էլ պետք է ընդուներ խաղաղություն մուրալու տեսքը: Այն, ինչ կատարվում է այսօր եւ կկատարվի այնքան ժամանակ, որքան վարչապետի պաշտոնին կառչած կմնա Փաշինյան Նիկոլը:  

Բայց Փաշինյան Նիկոլը միայնակ չէ իր թրքասիրական զեղումներում: Եվ դա նորմալ է, քանի որ չեն կարող նույն «ցավով չտառապել» նիկոլական «ուսապարկերը»: Որոնք, բնականաբար, կիսագրագետ զանգվածից տարբերվում են իրենց որոշակի կրթվածությամբ: Եվ հիմնականում շփվում են գրագետ լրագրողների հետ եւ, ըստ այդմ, օգտագործում են բոլթոնյան եւ ոչ թե նիկոլական բառապաշարը: «Կարծրատիպերից» ազատվելու հերթական խորհրդատուն կորոնավիրուսային համավարակի գծով «մասնագետ», առողջապահության նախկին նախարար, այնուհետեւ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն է: Ռուսներին մեղադրելով Մինսկի խմբի աշխատանքները կազմալուծելու մեջ՝ պատգամավորը եզրակացության է հանգում առ այն, որ մենք առանց միջնորդների պետք է հաղորդակցվենք թուրքերի հետ: Եվ խորհուրդ է տալիս կոտրել թուրքի, ադրբեջանցու հետ ապրելու անհնարինության կարծրատիպը:

«Եթե չկարողացանք, ու մեզ էլի շարունակեցին հավերժ ներարկել, որ անհնար է որեւէ համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել մեր երկու հարեւանների հետ՝ հատկապես Ադրբեջանի, ապա մենք միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու»,- ասել է նա: Առաջին հայացքից մեջբերված խոսքում առկա է պատմական իրողություններով փորձարկված եզրակացություն: Սակայն ոչ հարգարժան պատգամավորին հուշեմ, որ կարծարատիպ կոտրելու առաջին փորձը կատարվել է դեռեւս ՀՀ առաջին նախագահի օրոք. խոսքը 1993 թ. մարտի 13-ին Փարիզի «Քրիլոն» հյուրանոցում թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թեւի ղեկավար Ա. Թյուրքեշի հետ Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին է: Երկրորդ փորձը ՀՀ երրորդ նախագահի կողմից նախաձեռնված «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր: Հիշեցնեմ, որ դրա արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարների ու այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները: 

Բայց երկու դեպքում էլ չհաստատվեցին նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ: Երկու դեպքում էլ անհաջողություն գրանցվեց այն պատճառով, որ, նախ, 1993 թվականի հոկտեմբերին արդեն ջարդված էր ղարաբաղյան ճակատում մեր անհաջողությունների շղթան, եւ ապա՝ 2009-ին մենք ընդհանրապես հանդես էինք գալիս որպես պատերազմում հաղթանակած պետություն: Ինչ մնում է Ադրբեջանին գոնե երկու շրջան զիջելու պահանջին, ապա դա դուրս չեկավ պայմանականության շրջանակից: Եվ դրա մասին խոսելն իմաստ չունի՝ հատկապես այսօր:  Իսկ այսօր թուրքերը գնում են առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացմանը, որովհետեւ ղարաբաղյան կարգավորման առումով նրանց բոլոր պահանջները՝ եւ մի բան էլ ավելի, արդեն կյանքի են կոչվել: Ասվածը նշանակում է, որ թուրքերը կընդունեն մեզ հետ հարաբերություններ հաստատելու նիկոլական առաջարկը, քանի որ մենք պարտված ենք: Եվ որպես պետություն՝ հասցված ենք զրոյական սուբյեկտայնության:

Ի դեպ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբենյան Ռուբենի հետ թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի վերջին հանդիպման արդյունքում կայացվել է օդային երկկողմ բեռնափոխադրումների իրականացման համաձայնություն: Եվ մեկ այլ համաձայնություն, ըստ որի՝ երրորդ երկրների քաղաքացիները կարող են այցելել Հայաստան կամ Թուրքիա՝ հատելով պայմանավորվող մյուս երկրի սահմանը: Բնական է, որ ադրբեջանցիներից բացի, որեւէ այլ երկրի քաղաքացիներին Թուրքիա հասնելու համար կարիք չկա հատելու Հայաստանի սահմանը: Ինչի համար կարելի է շնորհավորել «եղբայր» ադրբեջանցիներին: Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ գործող իշխանության կողմից կարծրատիպերը կոտրելու գործընթացի առաջին նյութական հետեւանքը պետք է լիներ հենց այսպիսին: Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլի «գրագետ» ղեկավարությամբ եւ Ռուբենյան Ռուբենի «արդյունավետ» աշխատանքի շնորհիվ որոշ ժամանակ անց թուրք գործընկերոջ հետ ձեռք կբերվեն Ցեղասպանության ընդունման պահանջը չեղարկելու եւ հայ-թուրքական սահմանները պաշտոնապես հաստատելու համաձայնություններ: