Դո՛փ դո՛փ դոփդոփիկ, Նիկոլն ունի երկու տոտիկ․․․

Դո՛փ դո՛փ դոփդոփիկ, Նիկոլն ունի երկու տոտիկ․․․

Նախկինում ում հարցնեիր, անգիր կասեր՝ թե ով ինչ պաշտոնի է։ Հիմա հաստատ եմ ասում՝ անգամ լրագրողները չեն հասցնում իմանալ, թե որ պաշտոնյայի ինչ «ծակ տարան»։ Օրինակ, ես այսօր իմացա, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի  աշխատակազմի ղեկավարն է։ Այնքան քննադատեցին, ցույցեր արին, որ վարչապետը մտածեց՝ սա իսկական ինձ արժանի կադր է ու տարավ մոտը։

Այսօր աչքովս ընկավ այդ արժանի կադրի մի գրառումը՝ գինու փառատոնի վերաբերյալ։  Բանից պարզվում է, որ վարչապետը գնացել է այդ փառատոնին ու մի քանի մետր քայլել է։ Փա՜ռքդ շատ։ Ծիծաղելիության աստիճանի զավեշտ է այս գրառումը։ Անմեղսունակության աստիճանի պարզունակ այս գրառման նպատակն այն է, որ մարդիկ կարդան ու տեսնեն, որ Նիկոլը կարողանում է դուրս գալ, մի երկու մետր քայլել, հետը զրուցում են։ Դե քանի որ նա արդեն մի երկու մետր քայլում ու զրուցում է, ուրեմն  2018 թվականը հետ է եկել։

Գրառման տակ արված ստատուսներն առավել քան ծիծաղելի են, համարյա հիսուն տոկոսը գրում է կեցցե Նիկոլը, հիսուն տոկոսն էլ՝ Նիկոլ վարչապետ։ Ինչքան գիտեմ, Նիկոլը վարչապետ է և երկու մետր քայլելու համար էլ միայն երեխային կարող են ասել՝ կեցցե։  Ահա Արայիկի գրառումը՝ «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում։ Լրիվ 2018-ի ոգին է»։

Հիշեցի մանկությանս մի բանաստեղծություն․ 
Դո՛փ դո՛փ դոփդոփիկ,
Ունեմ երկու ամուր տոտիկ,
Ես քայլում եմ ա՜յ էսպե՛ս
Մեկ երկու, մեկ երկու։

Լավ, դուք էսինչ պրիմիտիվ խաղացողներ եք։