Արտաշատի մարզադաշտը ևս կվերանորոգվի

Արտաշատի մարզադաշտը ևս կվերանորոգվի

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի և կունենա միջազգային չափանիշների վազքուղի:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը։