Շումերական թագավոր-քրմապետը

Շումերական թագավոր-քրմապետը

Վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի մասին գրել էի, որ նա առաջնորդվում է ըստ իրադրության: Դա, կարելի է ասել, բնավորության գիծ է, որ գալիս է նրա լրագրող, իսկ այնուհետև խմբագիր լինելուց: Լրագրության ասպարեզում այդ հատկանիշը ո՛չ լավ է և ո՛չ էլ վատ, որովհետև համարյա թե անհնար է աշխատանքի նույնիսկ շաբաթական պլանավորումը, որպեսզի այն լուրջ փոփոխության չենթարկվի: Որպեսզի դա տեղի չունենա՝ խմբագիրը պետք է իր մասնագիտացումից բացի ունենա նաև իրադարձությունները կանխատեսելու կարողություն: Բայց հայաստանյան օրաթերթի խմբագիրը հաստատ չունի Սադիկ Աֆղանի (փիլիսոփա, մաթեմատիկոս և նումերոլոգիայի մասնագետ) կարողությունները: Ինչևէ, լրագրող Նիկոլը հենց այդ պատճառով էր վարջապետ կարգվելուց հետո շարունակում է առաջնորդվել ընթացիկ իրադարձություններին արձագանքելու քաղաքականությամբ: Ու քանի որ իր շուրջը համախմբել է ոչ այնքան խելացի ջահելներին՝ ռազմավարական ծրագրավորման ունակությունը նրա իշխանության հատկանիշներից չէ:

Ասվածի առումով առկա էր մի բացառություն, որը կյանքի կոչվելու ընթացքում հենց իր համար բացահայտեց, թե որքան բոբիկ է ինքը կառավարման կարողությունների առումով: Դա դեռևս 2000-ականների սկզբից նրա որդեգրած՝ Արցախը բեռ համարելու և նրանից ազատվելու տեր-պետրոսյանական կենսափիլիսոփայությունն էր: Բայց դա Փաշինյանին արժեցավ, այլևայլ գործընթացներից բացի, «դուխով» գլխարկի կորուստ և «խեղճ հարիֆ»-ի մականվան ձեռքբերում: Բայց զարմանալիորեն մեկ այլ բացառություն էլ դրսևորվեց վարչապետ կարգվելուց մեկուկես տարի անց: Ավելի ճիշտ այն աստիճանաբար ձևավորվեց 2018-ի իրադարձությունների ընթացքում և դրանցից հետո, երբ ինքն իրեն պատկերացրեց որպես Սերժին մերժող և նախկինների «բեսպրեդելից» մեր ժողովրդին ազատագրած փրկիչ: Եվ քանի որ մենք քրիստոնեական քաղաքակրթության մաս ենք, ապա, բնականաբար, այդ փրկիչը պետք է ունենար Հիսուս Քրիստոսի կերպարը: Ինչն առաջին անգամ «մարմնավորվեց» Իտալիայում, 2019 թվականի նոյեմբերին հայկական եկեղեցիներից մեկում:

Բայց այդ կերպարից ստիպված եղավ հրաժարվել՝ բախվելով քննադատության և ձեռառնոցիի տեսքով հասարակության հակազդեցությանը: Ընթացքում փորձեց մտնել երկու այլ կերպարների մեջ: Դրանցից մեկը հարավ-աֆրիկյան ընդդիմադիր քաղաքական գործիչ և 27 տարի բանտում անցկացրած, իսկ այնուհետև երկրի նախագահ ընտրված Նելսոն Մանդելան էր: Երկրորդը հնդիկ հասարակական-քաղաքական գործիչ, բռնությունից հրաժարման ուղղվածության հիմնադիր, նորանկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Մահաթմա Գանդին էր: Որի պատվին, որպես բողոքավոր քայլերթի ավանդույթի հիմնադրի, հրահանգեց արձան կանգնեցնել Երևանում: Բայց այդ երկու կերպարներից էլ հրաժարվեց, քանի որ այդ կերպարները հեռու են հայաստանյան մենթալիտետից: Հատկապես որ առաջինը նաև սևամորթ էր, իսկ երկրորդը չէր ցանկացել դատապարտել 2015 թվականի հայոց ցեղասպանությունը:
Ինչևէ, Նիկոլը վերադարձավ քրիստոնեական քաղաքակրթական շրջանակ: Բայց քանի որ այն վաղուց զբաղված էր Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից, որոշեց վերգտնել իրեն որպես սաղմոսասաց: Եվ եկեղեցական հիմնական տոների ընթացքում սկսեց զբաղվել ամեն մի առձանձին տոնի առումով համապատասխան սաղմոսի ընթերցմամբ: Սկզբում զարմանում էի, թե ինչպես է գտնում այն սաղմոսը, որ ինչ-որ չափով պետք է համապատասխաներ տվյալ տոնի ոգուն և միաժամանակ ծառայեր նրա ինքնափիառմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը վաղուց չունի եկեղեցու սպասավորների հետ: Բայց վերջերս «Հրապարակ»-ի հոդվածներից տեղեկանալով դրանցից մեկի՝ կարգալույծ արվածի  մասին (անունը չեմ նշում և ոչ էլ հոդվածի հղումն եմ դնում նրան լրացուցիչ չփիառելու նպատակով) հասկացա, որ դա խնդիր չէ: Ինչ մնում է սաղմոսներ ընթերցելուն, ապա դրանով, ենթադրաբար, ցանկանում է իրեն ներկայացնել այնպիսի ղեկավար, որ կարող է հանդես գալ նաև որպես ընդհանրապես քրիստոնեական եկեղեցու սպասավոր: Հին ազգերից, ասենք, շումերների նման, որոնց արքան ու քրմապետը կարող էր լինել նույն անձը: Եվ եթե վերհիշենք մեզանում առկա այն մոտեցումը, թե հայերն ու շումերները նույն ծագումն ունեն, ապա չի բացառվում, որ Փաշինյան Նիկոլն էլ իրեն պատկերացնի որպես շումերական առաջին քաղաքներիցմեկի թագավոր-քրմապետը: Ի դեպ, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ նրա ընթերցած սաղմոսը հենց թագավորի խոսք էր՝ ուղղված Աստծուն:

Տոնի առիթով ես էլ ուղղեմ իմ խոսքը «Հրապարակ»-ի խմբագրակազմին ու ընթերցողներին.
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, 
Ձեզ և մեզ մեծ ավետիս»: