Գավառի դեպքերն օրինաչափ են

Գավառի դեպքերն օրինաչափ են

Այն մասին, թե եղե՞լ է ոստիկանապետը Գավառի հիվանդանոցում, երբ ձողերով ու դանակներով զինված ամբոխը հարձակվել է ԲԿ-ի վրա, ճեղքել ոստիկանական պատնեշը, ներխուժել եւ ջարդուփշուր արել բուժհիմնարկը, տարբեր վարկածներ կան․ ոստիկանությունը հերքում է, ասում, որ այդ ժամանակ Արման Սարգսյանը չի եղել դեպքի վայրում։ Դա հետո կպարզվի, որքան էլ գյուղերի բնակիչներին հրահանգեն լռել ու խեղաթյուրեն տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, այն, ինչ կատարվեց Գավառում՝ ապրիլի 28-ին, շատերն օրինաչափ են համարում։ Պատճառն այն է, որ իրական հանցագործներին թողած՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր, ոստիկանապետ Արման Սարգսյանը զբաղված է իր տիրոջ քաղաքական հակառակորդներին հետապնդելով ու ասֆալտին պառկեցնելով։

Գավառի դեպքերը նաեւ ցույց տվեցին, որ ոստիկանությունը, որը 2018թ․ դեպքերից հետո շանս ուներ դառնալու «մերը» (հիշենք կարգախոսը՝ «ոստիկանը մերն է»), ոչ միայն չդարձավ, այլեւ որպես կառույց օրըստօրե «չուլի» է վերածվում։ Մասնակցում է շոուների, իրենց իսկ հայտարարած ահաբեկչին դեպքի վայրից պատվով բերման ենթարկում։ Ի վերջո, հենց նրա օրոք տեղի ունեցան ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի եւ Հայկ Հարությունյանի կասկածելի «ինքնասպանությունները»։

Քաղաքագետ Կարեն Քոչարյանը դիմել էր Արման Սարգսյանին՝ գրելով․ «Ձեր ներկայությամբ, հիվանդանոցում երկու մարդ են մորթել: Պատվով հրաժարական տվեք: Ձեր իսկ համար եմ ասում: Հակառակ պարագայում, այսուհետ ոստիկանության յուրաքանչյուր գործողության ժամանակ Ձեր կոլեգաներին հիշեցնելու են իրենց շեֆի ով լինելը: Հարգեք Ձեր գործընկերներին: Մի փչացրեք նրանց»։

Մենք հարց ուղղեցինք ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ եթե ինքը լիներ ոստիկանապետի պաշտոնում, հրաժարական կտա՞ր։ Նա ասաց․ «Նախ, ես չեմ, անցել է այդ»։ Պարոն Սարգսյանը շատ անտրամադիր էր՝ ընկերոջ հոգեհանգստին էր գնում, բայց մեկ-երկու հարցի պատասխանեց։ Դեպքի վերաբերյալ ասաց, որ տիրապետում է այնքան, ինչքան կայքերում գրել են, կարդացել է։ Նաեւ հարցրինք՝ Արման Սարգսյանի հետ աշխատե՞լ է։ Ալիկ Սարգսյանն ասաց, որ՝ այո, բայց շփում չի եղել, ավելի ճիշտ՝ նրա հոր հետ է աշխատել։ «Շատ քիչ․․․ որեւիցե բան չեմ կարող ասել, նորմալ, աշխատող մարդ է եղել, նորմալ աշխատում էր, որեւիցե վատ բան ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել»,- ասաց ՀՀ նախկին ոստիկանապետը։ Նա Գավառում տեղի ունեցածը համարում է շատ ցավալի բան։ Նաեւ ասաց, որ Գավառը հայտնի է իր վենդետաներով, ու որ պետք է հաշվի առնեին, որ մեքենաներ ջարդելու այդ նախադեպը տարիներ առաջ արդեն եղել էր։ «Պիտի հասկանային, որ էդ ժողովուրդը որոշակի ագրեսիվություն ունի»,- ասաց նախկին ոստիկանապետը։
Մեր կողմից հավելենք, որ դեռ 2003-ին Բանդուրյանները Գավառում ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, իսկ մեկին` դանակահարել: 2017 թվականին էլ Գավառում սպանվել էր հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող Նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրների քեռորդին։ Գավառում նման պատմությունները շատ-շատ են։