Ոսկե մեդալների տարատեսակ փայլը

Ոսկե մեդալների տարատեսակ փայլը

Ամանորի նախօրյակին ԿԳՄՍ նախարարությունը մարզասերներին ներկայացրեց տարվա ամփոփ ցուցանիշները։ Դրանց համաձայն, գրանցվել են աներեւակայելի արդյունքներ` միջազգային տարբեր մրցաշարերում Հայաստանի պատվիրակները նվաճել են 117 ոսկե, 118 արծաթե եւ 191 բրոնզե մեդալ: Իսկ տարին չավարտված, այդ թվերը ծանրամարտի, բռնցքամարտի, շախմատի մրցասպարեզներում ձեռք բերված նոր հաջողությունների շնորհիվ ավելացան: Կարճ ասած, ի վերջո ունեցանք փառահեղ հաջողությունների հասած մրցանակակիրներ, որոնցից 125-ը` ոսկե, ինչը չի կարող չհիացնել:

Օրեր անց էլ հրապարակվեց տարվա աչքի ընկած 20 մարզիկների ցուցակը, որոնցից 10-ը պետք է ճանաչվեին Հայաստանի տարվա լավագույնները: Պարզվեց, հավակնորդներից 10-ը` ուղիղ կեսը, սամբիստներ են, 3-ը` ազատ ոճի, 2-ը՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, 2-ական ծանրորդ ու բռնցքամարտիկ եւ 1 մարմնամարզիկ: Ինչպես նկատում եք, լավագույն մարզիկների ընտրության ավանդույթը գրեթե չի փոխվել` վերստին ընտրվել են նույն մարզաձեւերի ներկայացուցիչները, իսկ անհատապես առավելապես առանձնանում է հունահռոմեական ըմբշամարտի գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի արծաթե մրցանակակիր, օլիմպիական բոլոր երեք ձուլվածքի մեդալների տեր Արթուր Ալեքսանյանը: Մարզաձեւերի վարկանիշային հաշվարկով էլ փայլում են ծանրորդները, որոնց տարեկան նվաճումը 146 մեդալ է` Եվրոպայի 4 չեմպիոն: Պանծալի հաղթանակը ձեռք բերվեց Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում, 120 երկրների մասնակցությամբ կայացած աշխարհի առաջնությունում: Ափսոս, որ այստեղ անհատական հաշվարկով չեմպիոն չունեցանք...

Ցավալին, սակայն, այն էր, որ տարվա լավագույն 20 թեկնածուների կազմում չկար աշխարհի գոնե մեկ չեմպիոն: Բնականաբար, լավագույնների ընտրության ժամանակ նախապատվությունը պետք է տրվեր այն մարզիկներին, ովքեր փայլուն ելույթներ են ունեցել Եվրոպայի առաջնությունում` ձեռք բերելով 9 ոսկե մեդալ․ չորսական` ծանրորդներն ու ըմբիշները, մեկը` մարմնամարզիկը: Այստեղ տարօրինակն այն է, որ հավակնորդների ցուցակում կային նաեւ բրոնզե մրցանակների արժանացած եւս 6 մարզիկներ: Ինչ խոսք, խոշոր ստուգատեսներում երրորդ տեղ գրավելը նույնպես համարվում է լուրջ նվաճում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ անտեսվեցին այն ոսկե մեդալակիրները, որոնց քանակը հարյուրից անց է` ռեկորդային: Ի դեպ, եթե հաշվենք ըստ ամիսների, միջինը 10 չեմպիոն ենք ունեցել: Ե՞րբ է եղել նման բան: Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ այդ կոչումներին արժանացածների բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են, որոնց նվաճած մրցանակների կշիռը, ինչ խոսք, զիջում է ավագ տարիքի, փորձառու մարզիկների ցուցանիշներին:

Վերադառնանք լավագույն տասնյակին: Պարզվեց, որ հավակնորդների թվի կեսը կազմող 10 սամբիստները դուրս են մնացել ցուցակից: Աբսուրդ էր նաեւ այն, որ «աչքաթող» են արվել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր 4 չեմպիոններից երեքը, նույնիսկ այդ պատվավոր կոչմանը երկրորդ անգամ արժանացած Սամվել Գասպարյանը, մի խոսքով` նրանք, ում ոսկե հաղթարշավը փառաբանվել է ազգային օրհներգով: Ու թեեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ հնարավոր է լավագույն տասնյակի կազմը վերանայվի, սակայն այն մնաց անփոփոխ, եւ

Հայաստանի նախագահական նստավայրում մեծարեցին.
Արթուր Ալեքսանյան - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն
Մալխաս Ամոյան - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մրցանակակիր
Արման Անդրեասյան - ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր
Հովհաննես Բաչկով - բռնցքամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
Արթուր Դավթյան - մարմնամարզություն, տարբեր վարժություններում Եվրոպայի չեմպիոն եւ բրոնզե մրցանակակիր
Վարդգես Թեւանյան - ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
Վարազդատ Լալայան - ծանրամարտ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների արծաթե մրցանակակիր
Արսեն Հարությունյան - ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
Նարեկ Մանասյան - բռնցքամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
Գոռ Սահակյան - ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
Բոլորը ստացան 5 միլիոն դրամ պարգեւ:

Տարվա լավագույնների հարցում տարօրինակ էր վիճակը նաեւ ֆուտբոլում: Ի դեպ, իսկ ինչու է մեզ մոտ ընտրություն կատարվում միայն մեկ մարզաձեւում: Արգենտինայում, օրինակ, թիվ 1 ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսիի կողքին նշվում են նաեւ աչքի ընկած թեթեւատլետ Բելեն Նրասետիի, բասկետբոլիստ Ֆարկուդո Կամպաֆոլատիի, թենիսիստ Ֆրանսիսկո Զերանգոլատիի, մյուսների անունները: Մեր ֆեդերացիաներն այս հարցում էլ հայտնվել են, այսպես ասենք` կյանքից դուրս վիճակում: Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիային, ապա այստեղ գտել են ամենահեշտ միջոցը` լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ են ճանաչվել դրսից հավաքական հրավիրված բոլոր 15 խաղացողները + Հենրիխ Մխիթարյանը եւ Հայաստանի առաջնության սոսկ չորս մասնակից` Արթուր Դաշյանն ու Գեորգի Հարությունյանը («Փյունիկ»), Օգնեն Չանչարեւիչը («Ալաշկերտ»), Արթուր Միրանյանին («Նոա»):

Եվս մի անսովոր փաստ. Ռուսաստանում հրապարակվել է տարվա ֆուտբոլիստների ցուցակը: Լավագույն եռյակում տեղ է գտել նաեւ «Կրասնոդար» թիմի առանցքային խաղացող Էդուարդ Սպերցյանը, սակայն նա նաեւ մեր ազգային հավաքականի հիմնական կիսապաշտպանն է, հետեւաբար` լավագույնների կոչման գլխավոր հավակնորդ: Ինչպիսի՞ լուծում կունենա հիրավի գրոտեսկային այս զուգադիպությունը: 

Քանի որ խոսք գնաց ֆուտբոլի մասին, ասենք, որ օրեր առաջ կայացավ ֆեդերացիայի հերթական ժողովը, որի առանցքային հարցը նախագահի ընտրությունն էր: Հատկանշական է, որ լրագրողների ներկայություն ժողովում, չգիտես ինչու, նախատեսված չէր, մեկնաբանները ստիպված էին այդ միջոցառմանը հետեւել YouTube-ով: Ֆեդերացիայի գործունեության արդյունքներն ամփոփեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ նշելով միայն դրականը, եւ ժողովն անցավ հարթ ու սահուն: Մինչդեռ ե՛ւ Հայաստանի առաջնության, ե՛ւ հատկապես եվրոպական մակարդակի մրցումներում կուտակվել են բազում ցավոտ հարցեր, որոնց լուծումը հետաձգել չի կարելի: Հատկապես անհանգստացնում են Հայաստանը միջազգային ասպարեզներում ներկայացնող 7 հավաքական թիմերի անցյալ տարվա ելույթները:

Մեր գլխավոր թիմը սպասելիքները չարդարացրեց: Եթե Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին կեսում մեր ընտրանին, վաստակելով 6 միավոր, որոշ հույսեր էր ներշնչել, ապա մրցաշարի երկրորդ կեսում թիմը շահեց ընդամենը 2 միավոր եւ հայտնվեց աղյուսակի նախավերջին տեղում: Ինչ վերաբերում է 17, 19, 21 տարեկանների ելույթներին, ապա գնահատենք մեկ բառով` խայտառակություն: Դատեք ինքներդ` 3 թիմը, միասին վերցրած, անցկացրեց 12 հանդիպում եւ կարողացավ շահել ընդամենը 1 միավոր, 11 խաղ տանուլ տվեց, խփելով 5 եւ բաց թողնելով 38 գոլ: Հատկանշական է, որ կանանց 3 հավաքականները հասան ավելի բարձր ցուցանիշի` մեկ ոչ-ոքիի դիմաց՝ երկու ոչ-ոքի: 7 ազգային հավաքականների մասնակցությամբ եվրաառաջնության շրջանակներում անցկացված 32 խաղից գրանցվել է ընդամենը 2 հաղթանակ: Ո՞վ է կոնկրետ մեղավորը նման տապալված ելույթների համար, ի՞նչ է արվում, որպեսզի այդ ձախողումները չկրկնվեն` հարցերը մնացին անպատասխան: Սակայն մի բան պարզ է` սա մեր մանկապատանեկան ֆուտբոլում մարզչական պրիմիտիվ գործունեության, տեխնիկատակտիկական հմտությունների ուսուցման իմաստով եղկելի աշխատանքի հետեւանք է… Սակայն ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, ում օգտին քվեարկեցին նիստին ներկա 20 թիմերի ներկայացուցիչները: Նրա մրցակից Արազ Օզբիլիսը ստացավ 3 ձայն: Որքանով է դա արդար, ցույց կտա ժամանակը:

Դեկտեմբերի 28-ին ամփոփվեցին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եւ մարզիչների եռյակները: Թիվ մեկ ֆուտբոլիստ 11-րդ անգամ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր», Իտալիա), որի օգտին գրանցվեց 81 միավոր: Երկրորդ ցուցանիշը (48 միավոր) Էդուարդ Սպերցյանինն է, երրորդը (21 միավոր) Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն է («Ալ-Ֆատեհ», Սաուդյան Արաբիա): Իսկ լավագույն ճանաչված մարզիչների եռյակը` Ալեքսանդր Պետրակով (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, 62 միավոր), Եղիշե Մելիքյան («Փյունիկ», 56 միավոր) եւ Դմիտրի Գունկո («Ուրարտու», 54 միավոր):

 Միսակ Նազարյան