Արդեն հինգ տարի է մենք ունենք մի իշխանություն, որն անընդհատ ձախողվում է

Արդեն հինգ տարի է մենք ունենք մի իշխանություն, որն անընդհատ ձախողվում է

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը Հայաստանի գործող իշխանությունները դարձրել են Եռաբլուր գնալու, տղաների շիրիմների առաջ չոքելու, նրանց ծնողների հետ բախվելու օր: Ամեն տարի այս օրը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի մոտ հարց է առաջանում. իսկ մենք որքանով ենք անկախ: ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ սեպտեմբերի 21-ը անկախության տոն չէ, դա «առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնարած անգրագիտություն է»` Հայաստանի Հանրապետության իրական անկախության տոնը մայիսի 28-ն է. «Անկախության տոնն իրականում մայիսի 28-ին է, իսկ այսօր` սեպտեմբերի 21-ի չի կարելի անվանել Անկախության օր: Ես հո բոլշևիկ չեմ, որ այս օրն անվանեմ Անկախության օր, միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր այս օրը մոգոնել ու դարձնել Անկախության օր: 88-ին Անկախության եռագույնը պարզեցինք մայիսի 28-ին:

Անկախություն, նշանակում է դառնալ միջազգային իրավունքի ենթակա, շատ բան պետք չէ սպասել այդ բառից: Մենք այսօր ենթակա ենք միջազգային իրավունքին: Սովետից դուրս եկանք, դարձանք միջազգային իրավունքին ենթակա, բայց ոչ` անկախ», - նշեց նա: 

Հայրիկյանի կարծիքով` Հայաստանն այն դեպքում կլինի անկախ, երբ լինի լիարժեք անկախություն, երբ ժողովուրդն իրապես ազատ կլինի, երբ Հայաստանը չի շարժվի ինչ-որ երկրների շահերին համահունչ. «ԱԻՄ-ը Սովետական միության ողջ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական կազմակերպությունն էր` ողջ Սովետում: Ուկրաինայից, Վրաստանից գալիս էին մեզ մոտ` Հայաստան, իմանալու, թե ինչ ենք որոշելու», - նշեց նա:

Պարույր Հայրիկյանը վստահ է, որ այսօր Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շարունակությունն են այն բանի, որ ՀՀ իշխանություններն անվտանգության հարցեր են իրենց պատկերացմամբ լուծում, սակայն իրականում երկիրը վերածում աղետի: 

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ Հայաստանն անկախ պետություն է, սակայն Հայաստանի գործող իշխանություններն ապիկար են և կախված այլ պետություններից. «Հայաստանն անկախ է, սակայն շատ թույլ ու կաշկանդված, օրինակ` ՌԴ-ից կախված է: Հայաստանը կարող է գործուն քայլեր ձեռնարկել, եթե իրապես կամք դրսևորի: Իշխանությունն ինքն է կախված, իսկ պետությունն անկախ է: Այս իշխանությունը դուխաթափ իշխանություն է: Մի իշխանություն, որ սիրում է հանձնվել:

Օրվա իշխանությունները տարբեր երկրներից են կախված` Ղազախստանից, Բելառուսից, Ռուսաստանից: Այսինքն` ՌԴ-ն առաջ միայնակ չի գալիս, գալիս է այլ պետությունների հետ, իսկ եթե մեր պետությունը կախված է ինչ-որ ուժերից, ուրեմն պետությունն էլ է կախված», - նշում է Արշակյանը: Նրա կարծիքով` Հայաստանի օրվա իշխանություններն անկախ ամեն ինչից առաջին մեղավորն է այսօր Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համար, որովհետև պրֆեսիոնալ չէ. «Ոչ պրոֆեսիոնալ կառավարման պատճառով է Արցախն այժմ նման վիճակում: Մեղքի առյուծի բաժինն այս իշխանություններինն է: Արդեն հինգ տարի է մենք ունենք մի իշխանություն, որը անընդհատ ձախողվում է և հենց այդ ձախողումների պատճառով էլ մենք թակարդում ենք այսօր հայտնվել: Թշնամին Ստեփանակերտ է մտել: Դա կառավարման ձախողում է: Պետք է արհեստավարժ ու համարձակ իշխանություն ունենալ: Այնպիսի իշխանություն, որը համարձակություն ունեցավ ազատագրվել Սովետական միությունից: Հայաստանն այնքան ամուր պետություն է, որ ուղիղ երեսուն տարի է քանդում են, բայց չի քանդվում», - նշեց Արշակյանը: