Հացահատիկի ներկրման հետ կապված խնդիրները ԵՄ-ում շարունակվում են 

Հացահատիկի ներկրման հետ կապված խնդիրները ԵՄ-ում շարունակվում են 

Եվրամիությունը հայտարարել է, որ հանում է ուկրաինական հացահատիկի ներկրման արգելանքը միության անդամ հինգ երկրների մասով՝ այն բանից հետո, երբ Կիեւը խոստացել է իր կողմից վերահսկել արտահանման ծավալները։ Հիշեցնենք, որ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները դեպի ԵՄ առաջացրել էր միության անդամ մի շարք երկրների ֆերմերների խիստ դժգոհությունը, քանի որ վերջիններիս արտադրանքը հնարավոր չէր դառնում իրացնել շուկայում՝ գնային անհավասար մրցակցության պայմաններում։

Դժգոհությունները հիմնականում ԵՄ արեւելյան հատվածում էին՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Հունգարիայում։ Վերջիններս էլ արգելանք էին դրել ուկրաինական հացահատիկի՝ իրենց տարածքներ ներկրման վրա, միաժամանակ թույլատրելով միության այլ երկրներ իրենց տարածքներով տրանզիտի իրականացումը։ Լեհաստանն, ի դեպ, որոշել է միակողմանիորեն պահպանել արգելանքը, հիմնավորելով, որ դա բխում է լեհ ֆերմերների շահերից։

Սլովակիան եւ Հունգարիան էլ հայտարարել են, որ ազգային մակարդակում սահմանում են ուկրաինական սննդամթերքի ներկրումների նկատմամբ սահմանափակումներ։